Լուկաշենկոյի ասուլիսի Փաշինյանին վերաբերող հատվածը փայլուն բնութագրում է ոչ միայն Լուկաշենկո-պետական գործչի, այլև նրա մարդկային որակները։ Նա 1994թ-ից պրեզիդենտ է, բայց կոլխոզի նախագահի մակարդակից վերև չի բարձրացել։ Բոլորին է հայտնի, որ մասնավոր ու փակ զրույցների ժամանակ կարող են ամենատարբեր խոսակցություններ լինել։ Կարող են լինել բարձր կամ ցածր տոնայնությամբ։ Կարող է օգտագործվել հրապարակային զրույցներին ոչ հարիր բառապաշար։ Կարող են լինել մտերմիկ կամ սուր, կամ հայհոյախառն։ Զրուցողներն ազատ են, որովհետև զրույցը հրապարակման ենթակա չէ։ Նման փակ զրույցից հատված կարող է հրապարակվել կա՛մ զրույցի մասնակիցների համաձայնությամբ, կա՛մ նրանց ներկայությամբ։ Նա՝ ում վերաբերվում է զրույցի այդ հատվածը՝ հակադարձելու և իր խոսքն ասելու հնարավորություն պետք է ունենա։ Հակառակ դեպքում հրապարակողը բանսարկու է և բամբասանքով է զբաղված։
Բելոռուսիան Եվրոպայի ամենահետամնաց ու հետադիմական երկրներից է։ Ոչ թե այն պատճառով, որ այդ գեղեցիկ ու արժանավոր երկրի ժողովուրդը լավ ապրելու ու լավ երկիր կառուցելու ձևը չգիտի, այլ այն պատճառով, որ այդ երկրի դիկտատորը զուրկ է պետական գործչին և տղամարդուն
/մարդուն/ վայել որակներից։
Լուկաշենկոյի (կարդա՝ Պուտինի, Նազարբաևի և այլն) այս պահվածքը մեկ անգամ ևս գալիս է հաստատելու այն փաստը, որ մենք գտնվում ենք ոչ այնտեղ, որտեղ պետք է գտնվեինք։ ԵՏՄ-ում մենք օտար ենք։ Այնտեղ չպետք է լինեինք ու լինենք։ Մեր տեղը եվրոպական կառույցներում է։ Այստեղ ես այլընտրանք չեմ տեսնում։ Բայց կարո՞ղ ենք արդյոք մեկ հայտարարությամբ կամ մեկ կտրուկ շարժումով փակել ԵՏՄ-ական դռներն ու հեռանալ։ Այնպես, որ Հայաստանը չտուժի։ Որ այդ տեղաշարժը աղետ չդառնա։ Մենք գիտե՞նք, թե՞ չգիտենք՝ ինչ է իրենից ներկայացնում պուտինյան Ռուսաստանը։ Պե՞տք է արդյոք հաշվի նստենք Ռուսաստան կոչվող վտանգի հետ։
Վստահ եմ, մենք նրանց հետ քայլելու ճանապարհ չունենք, բայց նաև կապերը, այն կապերը, որ կապել են երկրի ներսում լեգիտիմության զրո տոկոս ունեցող և արտաքին շփումներում կաշկանդված ու անզոր Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, պետք է խիստ հաշվենկատ ու անչափ զգույշ քանդենք։
Վարդան Հարությունյան, իրավապաշտպան
«Ֆեյսբուք»