Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է օրենքի շրջանակում ձբաղվել բլոգեր Ալեքսանդր Լապշինի Ադրբեջանին արտահանձնելու հարցով։ Այս մասին նա հայտարերել է փետրվարի 3֊ի հասարակայնության ներկայացուցիչների, բելառուսական ու օտարերկրյա ԶԼՄ֊ների հետ հանդիպման ժամանակ։
«Նրան չարտահանձնելու հիմքեր չկան։ Նրան ձերբակալել են Ինտերպոլի որոշման համաձայն, ու ըստ բոլոր օրենքների ու կարգի՝ մենք պետք է նրան հանձնենք Ադրբեջանին։ Իհարկե, մենք կարող ենք նրան ընդհանրապես ազատ արձակել, բայց դա սխալ կլիներ», – ասել է Լուկաշենկոն։
«Ասում եք՝ ընթանում է բողոքարկման գործընթաց և այլն, բայց ես համոզված եմ, որ դատարանն այնուամենայնիվ կհաստատի մեր որոշումը, քանի որ այն օրինական է», – հավելել է նախագահը։
Լուկաշենկոյի համոզմունքը կիսել է նաև Բելառուսի ներքին գործերի նախարար Իգոր Շունևիչը․ «Չեմ ուզում կանխատեսել դատարանի որոշումը, բայց, ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ կլինի, քանի որ առաջին ատյանի դատարանը լիովին օրինական որոշում է կայացրել։ Քանի դեռ բողոքարկման գործընթացը շարունակվում է, սակայն, Լապշինը կմնա Բելառուսի տարածքում»։
Բելառուսի նախագահը պատմել է, որ Լապշինի հետ կապված պատմության մամուլում հայտնվելուց հետո, ինքը արտգործնախարարությանը հանձնարարել է կապ հաստատել Ադրբեջանի, Իսրայելի ու Ռուսաստանի պատկան մարմինների հետ․ «Ես նախարարին հանձարարական եմ տվել կապվել իր գործընկերների հետ ու համաձայնության գալ հարցի շուրջ, որպեսզի այն լուծվի գեղեցիկ կերպով ու այդ մարդը չդարնա պատանդ։ Նման լուծումները հնարավոր են, ու եթե Իսրայելը, Ադրբեջանն ու Ռուսաստանը համաձայնության գային, մենք կգործեինք ըստ նրանց որոշման։ Բայց ոչ ոք կցանկացավ բանակցել»։
Նույն օրը Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիր Մարիա Զախարովան ռուսաստանցի քաղաքացիներին երրորդ երկրներին արտահանձնելու անթույլատրելության վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է․ «Իրավիճակի շուրջ մեր դիրքորոշումը հայտնի դարձնելու նպատակով մենք ակտիվ բանակցություններ ենք վարում Բելառուսի արտաքին գործերի նախարարության, այդ երկրի իրավասու մարմինների հետ»։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության պետ Հիքմեթ Հաջիևը, իր հերթին, հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը փորձում է բլոգերի հետ կապված պատմության շուրջ մեծ աղմուկ բարձրացնել։ Պաշտոնյան կոչ է արել «չքաղաքականացնել» Լապշինի արտահանձնումը ու չփորձել իրավիճակը ներկայացնել «խոսքի ազատության խախտման» լույսի ներքով, ինչով, ըստ նրա, ներկայումս զբաղված է Հայաստանի ղեկավարությունը։
«Ադրբեջանը, համաձայն 2002 թվականին Քիշնևում ԱՊՀ երկրների միջև կնքված Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին կոնվենցիայի, ձեռնարկել է համապատասխան քայլեր Բելառուսում ձերբակալված Լապշինի արտահանձնման ուղղությամբ։ Հարցում Հայաստանի անհիմն ու ծիծաղելի ակտիվությունը, Հարցը քաղաքականացնելու փորձը բացահայտում է Հայաստանի կեղտոտ մտադրությունները։ Հայաստանը խաբեության միջոցով օտարերկրյա քաղաքացիներին դրդում է այցելել Ադրբեջանի բռնագրավված տարածքներ, այնուհետև՝ փորձում է այդ մարդկանց դարձնել իր քաղաքական քարոզչության գործիք», – ասել է Հաջիևը։
2016 թվականի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, որտեղ նա ընդգրկված է սև ցուցակում առանց Բաքվի թույլտվության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ 2015 թվականին Լապշինի, օգտագործելով իր ուկրաինական անձնագիրը, Վրաստանի տարածքով նաև մուտք է գործել Ադրբեջան, որից հետո երկիրը բլոգերին հայտարարել է միջազգային որոնման «Պետական սահմանի մասին» օրենքի ու երկրի միգրացիոն կոդի խախտման համար։