Դեկտեմբերի 15֊ին Ադրբեջանի խնդրանքով Բելառուսի մայրաքաղաք Մինսկում բերման է ենթարկվել ու 2 ամսով կալանավորվել բլոգեր ու ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը։ Ադրբեջանական կողմը Լապշինին մեղադրում է Լեռնային Ղարաբաղ այցելելու մեջ, ինչի համար արգելվել էր նրա մուտքն Ադրբեջան։ Բլոգերը, սակայն, արգելքը խախտել է՝ իր բլոգում գրելով, որ «որևէ իշխանություն իրեն չի կարող խանգարել այցելել հիասքանչ Բաքու»։ Իրականում, Լապշինը հաջողացրել է մուտք գործել Ադրբեջան՝ սահմանը հատելիս (Վրաստանի կողմից) օգտագործելով իր ուկրաինական անձնագիրը, որում նրա անունը գրանցված է ուկրաինական ուղղագրության համաձայն։ Լապշինն ունի երեք անձնագիր՝ ռուսաստանյան, ուկրաինական ու իսրայելական։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը բլոգերին նաև մեղադրում է «անջատողական ռեժիմին նպաստելու» մեջ ու պահանջում, որ նա արտահանձնվի Ադրբեջանին, որի քրեական օրենսգրքի համաձայն, սահմանի ապօրինի հատման համար Լապշինին կարող է սպառնալ 2֊ից 5 տարվա ազատազրկում, իսկ հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելու կոչերի համար՝ 5֊ից 8։
Դեպքը լայն քննարկումների առիթ է դարձել, քանի որ մինչ այս Ադրբեջանը նմանատիպ հարցումներով որևէ երկրի չէր դիմել։ Լեռնային Ղարաբաղ այցելողներին կամ աջակցողներին երկրի իշխանություններն անմիջապես ընդգրկում էին անցանկալի անձանց ցուցակում ու արգելում նրանց մուտքն Ադրբեջան։ Օտարերկրացի քաղաքացիներին իրենց հանձնելու պահանջ երկիրը երբեք չէր ներկայացրել՝ տվյալ սպառնալիքը վերապահելով միայն Ադրբեջանի քաղաքացիներին։
«Էխո Կավկազա»֊ն իրավիճակի մասին զրուցել է Ադրբեջանի Իրավապաշտպանական կենտրոնի տնօրեն Էլդար Զեյնալովի հետ։
Էլդար Զեյնալով ֊ Բազմաթիվ երկրների հետ փոխադարձ իրավական օգնության մասին համաձայնագրեր կան դեռևս 90֊ականներից։ Սովորաբար, դրանք գործի են դրվում սեփական քաղաքացիների արտահանձնումը կազմակերպելու համար։ Սա, հավանաբար, օտար քաղաքացու արտահանձնման վերաբերյալ առաջին դեպքն է։
֊ Այո, բայց, սովորաբար, արտահանձնում են երկու երկրներում քրեորեն պատժելի արարքների համար, ու հանձնող երկիրն է որոշում՝ հանձնել, թե պատժի ենթարկել տեղում։
Էլդար Զեյնալով ֊ Գործը երկու հոդված է ներառում։ Առաջինը՝ 318֊րդը՝ «սահմանի ապօրինի հատման» մասին, որի 2֊րդ կետն, ընդ որում, շատ ավելի լուրջ է՝ «բազմակի հատում»։ Սա նշանակում է, որ նա Ղարաբաղում նախկինում արդեն եղել է՝ 2011֊ին և 2012֊ին․ այսինքն՝ ավելի քան 4֊5 տարի առաջ։ Երկրորդ հոդվածը՝ 280֊րդը՝ «կոչեր Ադրբեջանի պետականության դեմ», այսինքն՝ մարդը բացահայտորեն հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ, և այլն։ Հարցը միայն նրանում է, որ շատերն են դա անում, ինչո՞ւ հենց Լապշինը, և ինչո՞ւ հենց այս պահին։ Ինչո՞ւ հենց այս պահին հարցը երևի թե ամենակարևորն է, քանի որ Ադրբեջանի ու Բելառուսի միջև հարաբերությունները վերջրերս մտերմացել են, ու սա այդ մտերմության նշաններից է։ Ադրբեջանն ու Բելառուսը շատ ընդհանրություններ ունեն քննադատության, կարծիքի արտահայտման ազատության մոտեցումներում, դա է պատճառը, հավանաբար, որ ընդհանուր լեզու ենք գտել։ Ընդ որում, ես, ի տարբերություն, ասենք, գերիշխող կարծիքի, ունեմ կասկած, որ Լապշինը կարող է ինչ֊որ կերպ վրդովեցրած լիներ ոչ թե Ադրբեջանին, այլ՝ Լուկաշենկո պապիկին, ու Լուկաշենկոն, որպեսզի չենթարկվի միջազգային քննադատության, կարող էր պայմանավորվել Ադրբեջանի հետ, որ ինքը Լապշինին տալիս է Ադրբեջանին, իսկ վերջինս քննադատին վերացնում է տեսադաշտից։
֊ Պարզ է, որ Մինսկի ու Բաքվի մտերմացման գործոնն այստեղ իր դերն է ունեցել, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է նրան առաջադրված մեղադրանքը՝ ի՞նչ սահմանի ապօրինի հատում։ Նա իմիգրացիոն ստուգում է անցել, իմիգրացիոն ծառայությունները նրան ներս են թողել, նա չի օգտագործել կեղծ փաստաթղթեր, կաշառք չի տվել․․․
Էլդար Զեյնալով ֊ Նա Բելառուսի դեմ չի հանցանք գործել, այլ՝ Ադրբեջանի։ Ադրբեջանում կա մի քանի հարյուր կիլոմետր չվերահսկվող սահման, որը կարելի է հատել միայն ադրբեջանական իշխանությունների թույլտվությամբ։
֊ Ես հենց Ադրբեջանի մասին էլ խոսում եմ․ այն իմաստով, որ նա եղել է «սև ցուցակում» Ղարաբաղ այցելելուց հետո ու, այնուամենայնիվ, օգտագործելով իր ուկրաինական անձնագիրը՝ մտել է Ադրբեջանի տարածք։ Նրան ինչո՞ւմ են մեղադրում՝ մուտքի արգելքի միտումնավոր խախտմա՞ն մեջ։
Էլդար Զեյնալով ֊ Այո, այսինքն՝ նա բազմիցս արհամարհել է Ադրբեջան մուտքի, Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ անցնելու արգելքը, հետևաբար, այդ «սև ցուցակում» նա յուրահատուկ դիրք ուներ։ Օրինակ, բարոնուհի Քերոլայն Քոքսին արտահանձնեցին հայ֊ադրբեջանական սահմանի բազմակի հատման համար, իսկ Լապշինի հանդեպ, ահա, նման վերաբերմունք են ցուցաբերում։ Կարծում եմ, որ նա հոգեպես պատրաստ էր դրան, քանի որ երբ մարդիկ փորձում են արգելքների լրջությունն ստուգել, ապա պետք է հասկանան, որ ինչ֊որ պահի ինչ֊որ տեղ ինչ֊որ բան կարող է ըստ ծրագրածի չստացվել։ Ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ նա լավ փաստաբան կունենա ու նրան [Ադրբեջանին] չեն հանձնի։
֊ Իսկ այն երկրները, որտեղ նա քաղաքացիություն ունի՝ Ռուսաստան, Ուկրաինա, Իսրայել, կարո՞ղ են ինչ֊որ քայլեր ձեռնարկել այս դեպքում։
Էլդար Զեյնալով ֊ Իհարկե, չէ՞ որ նա այդ երկրների քաղաքացին է։ Կարող են նույնիսկ ինչ֊որ քաղաքական քայլեր ձեռնարկել, ապահովել նրա անվտանգությունը։ Բացի դա, նա Ռուսաստանի քաղաքացի է, իսկ Ռուսաստանն ու Բելառուսը, վերջիվերջո, մի միության պետություններ են։ Ռուսաստանը կարող է խնդրել այդ միության քաղաքացուն չարտահանձնել։ Կա համընդհանուր կարգ, ըստ որի, օրինակ, երկիրն իր քաղաքացիներին որևէ տեղ չի արտահանձնում, ծայրահեղ դեպքում՝ միայն ժամանակավոր քննչական գործողությունների համար։ Ըստ կարգի, արտահանձնումից հրաժարվելը չի համարվում երկկողմ համաձայնությունների խախտում։ Եթե Ռուսաստանն ու Բելառուսը նման ընդհանուր տարածություն ունեն, ապա թող ռուսաստանյան դիվանագիտությունը փորձի օգտվել այս կարգից։
֊ Ինչպես հասկանում եմ՝ չկա նման նախադեպ, որպեսզի Ղարաբաղ գնալու կամ Իլհամ Ալիևին քննադատելու համար սև ցուցակում հայտնված մարդկանց ձերբակալեն երրորդ երկրներում։ Այլ կերպ ասած, ներկայիս դեպքը վտանգավոր նախադեպ է, ու հետևաբար՝ վատ նորություն բոլորիս համար։
Էլդար Զեյնալով ֊ Եղել է նման դեպք, երբ ռազմական հանցագործների ցուցակում հայտնված ու միջազգային հետախուզման հայտարարված մի հայի բերման են ենթարկել ԱՊՀ երկրներից մեկի սահմանին ու հետո բաց թողել։ Հանրության համար այն ժամանակ անհասկանալի էր՝ ռազմական հանցագործներին ԱՊՀ֊ում չէի՞ն ձերբակալելու, թե ինչ․․․ Իրավունքի տեսանկյունից, այս «սև ցուցակում» ու ընդհանրապես Ադրբեջանի թշնամիների ցուցակում շատ ավելի լուրջ անձինք կան, որոնք, ի դեպ, նույնպես այցելում են Բելառուս։ Սերժ Սարգսյանը, օրինակ, Ադրբեջանում համարվում է 90֊ականների պատերազմական գործողությունների ժամանակ Ղարաբաղում քաղաքացիական հասարակության զանգվածային սպանության մեղավորը, բայց, չգիտես ինչու, նրա արտահանձնումը չեն պահանջում։ Իսկ նա Բելառուսի ռազմական դաշնակիցն է, այսինքն՝ մշտապես հանդիպում է Լուկաշենկոյին։ Ինչո՞ւ նրան չեն ձերբակալում ու արտահանձնում Ադրբեջանին։ Իսկ բլոգերի հախից կարողացան գալ․ նա սխալ պահին հայտնվեց սխալ վայրում։