Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելը մոտ ապագայում հնարավոր չէ, քանի որ երկիրը պետք է անցնի «միանալու ուղին»:
«Հայաստանը Մաքսային միությանը չի կարող անդամակցել ո՛չ վաղը, ո՛չ վաղը չէ մյուս օրը, ո՛չ այս տարի, ու, հնարավոր է, անգամ ո՛չ էլ մյուս տարի»,- ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ Հայաստանը Մաքսային միությանը կանդամակցի միայն այն ժամանակ, երբ կատարի բոլոր ընթացակարգերն ու ընդունի նորմատիվ փաստաթղթերն ու համապատասխան համաձայնագրերը: «[Հայաստանը] պետք է անցնի միանալու ուղին, ինչը որոշ ժամանակ կպահանջի»,- Լուկաշենկոյի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքսը»:
Բելառուսի նախագահը նշել է, որ Մինսկում գալիք գագաթաժողովին այս թեման հնարավոր է՝ բարձրացվի. նա չի բացառել, որ կարող է հայտնվի «Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու մտադրության մասին ինչ-որ փաստաթուղթ»:
«Մենք պետք է նստենք ու քննարկենք, թե Հայաստանն իր ուղին ինչպես է տեսնում. Մաքսային միությունն ու Եվրամիությունը տարբեր ուղղություններ են, ու Մինսկում հանդիպմանը Հայաստանը պետք է ներկայացնի իր վերաբերմունքը ՄՄ-ի ու ԵՄ-ի նկատմամբ»:
Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ «ներկա դրությամբ խոսքը գնում է ինչ-որ կիսաքայլի մասին, որը միայն մի նպատակ ունի՝ միանալ մեզ»:
Միևնույն ժամանակ, հղում անելով Հայաստանի ղեկավարության հետ բանակցություններին, նա նշել է, որ հայ-եվրոպական երկխոսության մեջ «դեռ շատ անորոշություններ կան»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի կողմից նախաձեռնված Մաքսային միությանը միանալու մտադրության մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր սեպտեմտբերի 3-ին՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Հայաստանի ղեկավարի որոշումից հետո եվրոպական կառույցներն ու փորձագիտական խմբերը հայտարարեցին, որ Հայաստանը, փաստորեն, ընդհատեց Եվրոպայի հետ բանակցությունները, ինչը անհնարին դարձրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:
Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ Երևանը մտադիր է շարունակել խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ և որ դա չի խանգարում Մաքսային միությանն անդամակցելուն: