Բելառուսը քննարկում է Ադրբեջանի խնդրանքով Մինսկում ձերբակալված բլոգեր ու ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին չարտահանձնելու Իսրայելի դիմումը, գրում է T ol.org֊ը։
Լապշինը Մինսկի օդանավակայանում բերման էր ենթարկվել դեկտեմբերի 13֊ին․ ադրբեջանական կողմը բլոգերին մեղադրում է առանց Ադրբեջանին տեղյակ պահելու 2011 և 2012 թվերին Լեռնային Ղարաբաղ այցելելու, «անջատողական ռեժիմին նպաստելու», ինչպես նաև ապօրինաբար Ադրբեջանի սահմանը հատելու մեջ ու պահանջում, որ նա արտահանձնվի Ադրբեջանին։
Դեկտեմբերի 18֊ին Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունը դիմել է Բելառուսին՝ խնդրելով չենթարկվել Լապշինին արտահանձնելու պաշտոնական Բաքվի պահանջին։
Tol.org-ն ընդգծում է, որ քիչ հավանական է, որ միջադեպը բացասաբար կազդի Իսրայելի ու Ադրբեջանի միջև հետևողականորեն աճող բարեկամական հարաբերությունների վրա։ Առևտրային կապերի ու Իրանի հանդեպ ընդհանուր անվստահության վրա խարսխված հարաբերությունների կարևորությունը ընդգծվեց նաև անցած շաբաթ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Բաքու կատարած այցելությունից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը պատրաստվում է ձեռք բերել իսրայելական հակահրթիռային պաշտպանության համակարգ։
Կայքն ընդգծում է, որ հայկական ու ադրբեջանական լրատվամիջոցները, ինչպես և ակնկալվում էր, Լապշինի դեպքը մեկնաբանել են միանգամայն տարբեր տեսանկյուններից։
«Azernews գործակալության համաձայն, Լապշինը Ղարաբաղ է գնացել «ապօրինաբար»՝ արհամարհելով Ղարաբաղ անթույլատրված այցելությունների վերաբերյալ Ադրբեջանի բազմաթիվ զգուշացումներն օտարազգի պաշտոնյաներին ու դիվանագետներին։
Հայաստանի հանրային ռադիոն, իր հերթին, տարածել է չճանաչված ԼՂՀ֊ի դե֊ֆակտո Արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը, որում ասված էր, որ «հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ քրեական գործի հարուցումը և ձերբակալումը լուրջ մտահոգության տեղիք են տալիս»», ֊ գրում է Tol.org-ը։
Կայքը Լապշինի դեպքի և իսրայելա֊ադրբեջանական հարաբերությունների հետ կապված մի քանի փաստ է ներկայացրել․
֊ Լապշինի ֆեյսբուքյան էջի համաձայն, բլոգերը Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքից է, բայց ներկայումս բնակվում է Վրաստանի Բաթումիում։
֊ Նեթանյահուն իսրայելա֊ադրբեջանական կապը գովերգում է որպես «հարաբերություններ, որոնք կարող են ու պետք է լինեն մահմեդականների ու հրեաների միջև ամենուր»։
֊ Ադրբեջանի պաշտպանության նախարար Յավեր Ջամալովը շաբաթ օրը հաստատել է իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը գնելու մտադրությունը։ Շարժական համակարգը նախատեսված է մինչև 70 կմ հեռավորության վրա միջին և փոքր հեռահարության հրթիռները, հրետանային և ականանետային արկերը ոչնչացնելու համար։
֊ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ իսրայելական ու ադրբեջանական ընկերությունները երկար տարիների երկողմ համագործակցության ընթացքում կնքել են ավելի քան 5 միլիարդ դոլարի պաշտպանական պայմանագրեր։
֊ 2013 թվականին իսրայելական JTA գործակալությունը հայտնել է, որ վերջին տարիների ընթացքում Ադրբեջանն Իսրայելի նավթի ամենախոշոր մատակարարն է։