հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Լուկաշենկոյի 9-ամյա որդին Հայաստանում զվարճացել է ՀՀ պետբյուջեի հաշվին

Լուկաշենկոյի 9-ամյա որդին Հայաստանում զվարճացել է ՀՀ պետբյուջեի հաշվին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդին՝ 9-ամյա Նիկոլայ Լուկաշենկոն մայիսի 13-ից 15-ը Երևանում զվարճացել է ՀՀ պետբյուջեի հաշվին:

Համաձայն «Հայկական ժամանակ» օրաթերթի կողմից ուսումնասիրած արտգործնախարարության փաստաթղթի, ԱԳՆ աշխատակազմի «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար Վ.Ասոյանը «գործելով ՀՀ անունից» պայմանագիր է կնքել «Փլեյ Սիթի» զվարճանքների կենտրոնի ղեկավարության հետ, որով վերջինս պարտավորվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակներում «համապատասխան ծառայություններ մատուցել»:

Ըստ «ՀԺ»-ի՝ ծառայությունները նկարագրված են ամենայն մանրամասներով. Լուկաշենկոյի որդին 6 անգամ օգտվել է ավտոդրոմից, 11 անգամ՝ ավտոմատ խաղերից, 2 անգամ 7D կինոդահլիճից, 19 շրջան կարտինգ է քշել: Նույնատիպ պայմանագիր կնքվել է «Վալենսիա» համալիրի ստենդային հրաձգարանի հետ: Այստեղ Լուկաշենկոյի որդին կրակել է 115 հատ Տոզի, 123 հատ էլ՝ Կուրցի փամփուշտ: Ընդհանուր առմամբ, 2 պայմանգրով ՀՀ պետբյուջեից վճարվել է մոտ 200 հազար դրամ:

«Խնդիրը, իհարկե, գումարը չէ: Խնդիրը պետական բյուջեի մասին մեր չինովնիկների պատկերացումներն են: Ըստ մեր չինովնիկների՝ Բատկայի 9-ամյա որդին պաշտոնական պատվիրակության անդամ է՝ գրեթե վարչապետ կամ նախարար և նրա զվարճանքների համար պետք է վճարի ՀՀ պետական բյուջեն…

…Հաշվի առնելով, որ Բատկայի հայաստանցի մտերիմ ընկերը՝ Գագիկ Ծառուկյանը մեծ «ներդրում է» ունեցել, որ այդ այցը համընկնի իր եկեղեցու բացման արարողությանը, ապա շատ ավելի տրամաբանական կլիներ, որ նա իր գրպանից վճարեր այդ 200 հազար դրամը: Բայց մեր չինովնիկները սկզբունքային որոշում են կայացրել՝ Կոլյաի զվարճանքների համար պետք է վճարի պետբյուջեն, այդպես ավելի լուրջ է՝ 9-ամյա տղայի կշռին համապատասխան», – մասնավորապես, գրել է «Հայկական ժամանակ»-ը: