Կա վտանգ, որ ռազմական գործողություններն Ուկրաինայի տարածքից կարող են տեղափոխվել Ռուսաստան և Բելառուս։ «Ինտերֆաքս»֊ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Մինսկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նա նաև հայտարարել է, որ Բելառուսի ու Արևմուտքի հարաբերություններում բարելավում է նկատել Մինսկի՝ Ուկրաինայի վերաբերյալ ունեցած դիրքորոշման կապակցությամբ, սակայն դրանից «չի հրճվում»․ «Ես արևմտյան գործընկերներին այնքան էլ չեմ վստահում։ Դա քաղաքականություն է, իսկ այն կեղտոտ երևույթ է․ մեկինն ավելի մաքուր է, մյուսինը՝ ավելի կեղտոտ, բայց՝ քաղաքականություն է։ Այսօր Արևմուտքին ձեռնտու է Բելառուսի այս դիրքորոշումը, ու նրանք մեզ շնորհակալություն են ասում։ Ես դա գիտակցում եմ»,֊ ասել է Լուկաշենկոն։
Բացի դա, Բելառուսի նախագահը խոսել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում հետագա ինտեգրման մասին։ Նա խոստացել է, որ կաջակցի դրան, ընդգծելով, սակայն, որ Մինսկն իրեն հետագայում ԵՏՄ֊ից դուրս գալու իրավունք է վերապահում։ «Եթե համաձայնությունները խախտվեն, ապա Բելառուսը չի բացառում իր ելքը ԵՏՄ֊ից»,֊ ասել է Լուկաշենկոն։