Հայաստանը փորձում է քաղաքական նոր մշակույթ ներմուծել եվրասիական տարածք
Եթե երբևէ Եվրասիական տնտեսական միությունում և մյուս եվրասիական կառույցներում թափանցիկ կառավարման մոդելի սաղմեր երևան, ապա դա կլինի Հայաստանի «մեղքով»։ Սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում պատմեց ԵԱՏՄ և ԱՊՀ դռնփակ նիստերում տեղի ունեցող «կրքոտ» բանավեճերի մասին։ Ըստ Փաշինյանի՝ դռնփակ այդ նիստերի ընթացքում աներևակայելի բուռն քննարկումներ են տեղի ունենում։
Ի վնա՞ս թե՞ ի օգուտ ԵԱՏՄ-ի
Արդյոք Փաշինյանի այս հայտարարությունը վնասու՞մ է ԵԱՏՄ և ԱՊՀ հեղինակությանը, թե՞ ոչ։ Առաջին հայացքից, Փաշինյանը «հանդգնել» է փակ և ավտորիտար կառավարություններից կազմված միությունների մասին բաց հայտարարություն անել։ Ավելին՝ նրա հայտարարությունը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների՝ արտաքուստ երևացող միասնականությունը իրականում, եթե չասենք գոյություն չունի, ապա առնվազն կասկած է հարուցում։ Այդուհանդերձ, մյուս կողմից այս հայտարարությունը վերացնում է այդ երկրների՝ ՌԴ կամակատարը լինելու վերաբերյալ համընդհանուր ընդունված տեսակետը։ Այս հայտարարությունը բարձրացնում է ոչ միայն Հայաստանի, այլ այդ կառույցների անդամ մյուս երկրների վարկանիշը, իսկ Ռուսաստանը ներկայացվում է որպես քննարկումների ընդունակ պետություն՝ ի հեճուկս նրա՝ այլ երկրներին իր կամքը թելադրող երկրի համաշխարհային համբավի։ Սրանով ի ցույց է դրվում աշխարհին, որ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, որ եվրասիական կառույցների ներսում տեղի են ունենում քննարկումներ, ապա արդյունքում՝ կայացվում որոշումներ։ Ցանկացած միջազգային կառույցի համար ներքին քննարկումներն ու բանավաճերը առողջության նշան են։
Թափանցիկ եվրասիական կառույցներ
Մյուս կողմից՝ Փաշինյանի այս հայտարարությունը կարելի է դիտարկել որպես առաջարկ՝ ԵԱՏՄ-ն և մյուս կառույցները դարձնել ավելի թափանցիկ։ Սա, թերևս, փորձ է Հայաստանում 2018թ․ ապրիլի արդյունքում ի հայտ եկած քաղաքական պրակտիկաները ներդնել այդ կազմակերպությունների կառավարման համակարգում։ Ի վերջո, հետխորհրդային մի շարք երկրների փորձը ցույց է տալիս, որ որևէ ավտոկրատ կառավարություն չի կարող հավերժ մեկուսացված մնալ իր քաղաքացիներից։ Կառավարություն-քաղաքացի կապի բացակայությունը ինչ-որ մի օր վերածվում է համաժողովրդական դժգոհության։ ԵԱՏՄ թափանցիկությունը միգուցե հնարավորություն տա այս միությանը դառնալ ավելի պոպուլյար անդամ պետությունների քաղաքացիների շրջանակում։ Թափանցիկությունը կարող է նաև բարձրացնել ԵԱՏՄ գործընթացների վերաբերյալ հանրային իրազեկվածությունը։ Հաշվի առնելով այն, որ մոտ ապագայում Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու հեռանկար չունի, ապա հանրային իրազեկվածությունը միության գործընթացների վերաբերյալ միգուցե նպաստի, որպեսզի ՀՀ-ի և մյուս անդամ երկրների քաղաքացիների համար այդ անդամակցության փաստը դառնա ավելի տանելի, իսկ դրա շրջանակում կայացված որոշումները՝ ավելի ընդունելի։
Աննախադեպ հայտարարություն
Այդուհանդերձ, այս հայտարարությունը երկու տարբեր պատճառներով աննախադեպ է։ Նախ և առաջ նմանատիպ հայտարարությունը աննախադեպ է հենց ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի համար։ Որպես գրեթե բացառապես ոչ ժողովրդավար պետություններից բաղկացած միություններ՝ դրանք իրենց կազմում այսօր ունեն անդամ, որն առաջարկում է ժողովրդավարական մեթոդներով գործել։ Երկրորդ պատճառն էլ այն է, որ Հայաստանն այդպիսով ներկայանում է որպես պետություն, որն ունի այնքան ինքնիշխանություն, որպեսզի առաջարկի կազմակերպությունների ներքին ընթացակարգերի փոփոխություն։
Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ եվրասիական կառույցների անդամ պետությունների մյուս ղեկավարները ցանկություն ունենան այդ աստիճանի թափանցիկություն ներմուծել իրենց երկրների ներքին կյանք: Սակայն դա Փաշինյանի հայտարարության կարևորությունը չի նվազեցնում, քանի որ այն ԵԱՏՄ և մյուս կառույցների ներսում քաղաքական նոր մշակույթ ներմուծելու հստակ փորձ է։
Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»