Կառավարությունն առաջարկում է ժամանակավորապես արգելել աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան։ Գործադիրն այս նախագիծի համար 2 հիմնավորում է նշում․ «Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին» համաձայնագիրը և անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելը։ Աջակողմյա ղեկով մեքենաների ներկրումն առաջարկվում է արգելել է 2018 թվականի ապրիլի 1-ից։
ԵՏՄ անդամ երկու երկրներում՝ Ղազախստան, Բելառուս, արգելքն արդեն կա։ Աջակողմյա ղեկով մեքենաները, ըստ Կառավարության, վտանգավոր են, քանի որ այդ մեքենաներում «վարորդն ունի սահմանափակ տեսանելիություն»․ «Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում»։
Օրինագիծը դրվել է հանրային քննարկման e-draft.am կայքում, որտեղ դրա դեմ է քվեարկել քննարկման մասնակիցների 93 տոկոսը։ Մեկնաբանություններում օրինագծի դեմ արտահայտվողները համաձայն չեն, որ աջ ղեկով երթևեկելը վտանգավոր է։ Մասնավորապես.
– Կա՞ հիմնավոր վիճակագրություն վթարների մասով, թե միայն այս մերկապարանոց հայտարարությունն է։ Առաջարկում եմ չեղարկել նախագիծը:
– Եթե վերոնշյալ որոշումների մեջ լրացումներ կատարվում են «ԵՏՄ-ի ստանդարտներին համապատասխանելու համար» և չենք կարող այդ լրացումները չանել, քանի որ պայմանագիր ունենք կնքած, այդ դեպքում ինչի համար է այս քննարկումները։
Քննադատողներից մի քանիսը նկատել են, որ սա հակասահմանադրական օրինագիծ է, այն խախտում է Սահմանադրության 60-րդ հոդվածը՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
Կառավարությունն այդ դիտարկմանը պատասխանում է․ «Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները»։
Epress.am֊ը զրուցել է ավտոշուկայում աշխատող գործարարի (խնդրել է չհրապարակել իր անունը) հետ, որը աջ ղեկով մեքենաների վերաբերյալ մի քանի տվյալ է ներկայացրել։ Նա ընդգծում է, որ աջ ղեկով մեքենաները շատ ավելի էժան են, քան ձախ ղեկով ավտոներ․ 10 տարեկան աջակողմյա մեքենա, օրինակ Nissan Tiida, ներկրելը հայաստանցի սպառողին արժենում է մոտ 3000-3500 ԱՄՆ դոլար, մինչդեռ նույն գնով կարելի է գնել մոտ 17-18 տարվա ձախ ղեկով մեքենա, օրինակ՝ Mercedes C կամ Opel Astra։ Բացի ավելի թարմ լինելը, Ճապոնիայից ներկրված աջ ղեկով մեքենաների դեպքում վազքը ճշգրիտ է լինում նշված, միչդեռ եվրոպական ձախակողմյա մեքենաների դեպքում՝ մեքենայի անցած տարածությունը հաճախ փոփոխվում է։
«Այս օրենքը կարող է տարբեր հետևանքներ ունենալ։ Շուկան կարող է փոխվել։ Մարդիկ կշարունակեն ներկրել աջ ղեկով մեքենաներ Վրաստան, սակայն այնտեղ կփոխեն ղեկի տեղը դեպի ձախ և հետո Հայաստան կներկրեն։ Դա կլինի վտանգավոր, քանի որ հայտնի է, որ իդեալական փոխել ղեկի տեղը հնարավոր չէ։ Եթե այդ պրակտիկան սկսի կիրառվել, ձևափոխված աջ ղեկով մեքենաները կթանկանան, սակայն միևնույն է կլինի ավելի էժան ձախ ղեկով մեքենաներից»,֊ ասել է մեր զրուցակիցը։
Նա նաև գրեթե բացառել է, որ փոփոխության հետևանքով ավելի շատ ռուսաստանյան արտադրության մեքենաներ կսկսեն ներկրել՝ ընդգծելով, որ դրանք չափազանց անօրակ են։
«Մարդիկ կգերադասեն 15 տարվա Opel գնել, քան ավելի թարմ ռուսական արտադրության մեքենա, որոնք ավտովթարների դեպքում բացարձակ անպաշտպան են», ֊ասել է նա։
Մեր զրուցակիցն ընդգծում է, որ ներկայումս աջ ղեկով մեքենաները նաև լավ համալրում են բյուջեի համար։ Ամեն օր Բագրատաշենի մաքսակետ է մտնում առնվազն 100 աջ ղեկով մեքենա, և դրանց մաքսազերծումը բավական լուրջ եկամուտ է ապահովում, որից, օրենքի ընդունման դեպքում, բյուջեն կզրկվի, քանի որ ներմուծվող մեքենաների թիվը կնվազի։