Home / Հայաստան / Հայաստանը ԵՏՄ֊ում՝ խեղճ բարեկա՞մ․ Deutsche Welle

Հայաստանը ԵՏՄ֊ում՝ խեղճ բարեկա՞մ․ Deutsche Welle

Որքանո՞վ է Հայաստանը պետք Եվրասիական տնտեսական միությանը, եթե այդ երկրի նախագահին անգամ չեն հրավիրում ԵՏՄ֊ի անդամ երկրների առաջնորդների հանդիպումներին։ Այս հարցի պատասխանները փնտրել է Deutsche Welle֊ի թղթակիցը Երևանում։

Հոդվածը ներկայացնում ենք թարգմանաբար․

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միացել է ընդամենը երեք ամիս առաջ, իսկ այդ նոր ինտեգրացիոն նախագծին երկրի ամբողջական անդամակցության վերաբերյալ արդեն հարցեր են առաջացել։

Նախագահը խոսել է Մոսկվայի հետ հարաբերությունների նկատմամբ սպառնալիքների մասին

Վերջին ժամանակաշրջանում միայն Հայաստանի նախագահն արդեն երկու անգամ խոսել է հայ֊ռուսական հարաբերություններին սպառնացող հնարավոր վտանգների մասին։ Առաջին անգամ՝ մարտի 18֊ին, երբ Սերժ Սարգսյանը, Երևանում մեդիաֆորումի ժամանակ պատասխանելով Մոսկվայից լրագրողի հարցին, հայտարարեց, որ Հայաստանին մտահոգում է Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու փաստը։

Չէ՞ որ, ըստ նախագահի, սահմանին զինվորը հասկանում է, որ իրեն փորձում են ոչնչացնել հենց այդ զենքի միջոցով։

Երկրորդ հայտարարությունը Սարգսյանն արեց մարտի 21֊ին AFP֊ի հետ զրույցում՝ նշելով, որ, եթե Պուտինն ապրիլի 24֊ին՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100֊րդ տարելիցին Երևան չգա, «նրան բարդ կլինի հասկանալ»։

Բացի դրանից, մարտի 20֊ին նախագահ Սարգսյանն Աստանայում չէր, որտեղ նրա գործընկերներ Լուկաշենկոն, Նազարբաևն ու Պուտինը քննարկում էին Մոսկվայի կողմից առաջարկված՝ Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի համատեղ արժութային միության ստեղծման հնարավորությունը, որտեղ, ըստ երևույթին, Հայաստանին դեռ չեն հրավիրել։

Երևանին դիտավորյա՞լ են խաղից դուրս թողնում

Հայաստանի խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպումը ԵՏՄ֊ի շրջանակներից դուրս էր։ Նման մեկնաբանությունը, սակայն, հայաստանցի քաղաքական գործիչների կարծիքով, արժանահավատ չէ։

Մարտի 27֊ին «Հայ ազգային կոնգրես» կուսակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների համար Սերժ Սարգսյանը գոյություն չունի։ Ընդդիմադիր գործչի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները նշում են, որ այս երեք երկրների առաջնորդները հանդիպել են առանձին, քանի որ խնդիրներ են ունեցել միմյանց հետ, իսկ Հայաստանը ԵՏՄ֊ի երկրներից ոչ մեկի հետ խնդիր չունի։ Մանուկյանի խոսքով, սակայն, Ռուսաստանի ու Բելառուսի միջև չեն կարող գոյություն ունենալ խնդիրներ, որոնք չեն վերաբերում Հայաստանին։

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերի, Եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին մարտի 28֊ին Երևանում հայտարարեց, որ ԵՏՄ֊ում Հայաստանի դերի արժեզրկման մասին հայտարարությունները «վտանգավոր սադրանք» են։ Հարցին՝ արդյոք Աստանայում կայացած եռակողմյա հանդիպումը չի՞ խոսում Հայաստանի անկարևորության մասին, նա պատասխանեց, որ երեք պետությունների նախագահների հանդիպումը եվրասիական կարգավիճակ չէր կրում՝ դրա համար գոյություն ունի ԵՏՄ֊ի Բարձրագույն տնտեսական խորհրդի ձևաչափը։ Հայաստանը ոչ միայն կարևոր, այլև լիիրավ գործընկեր է, ու ոչ թե համարվում է այդպիսին, այլ հենց այդպիսին էլ կա, ընդգծել է Սլուցկին։

Հայաստանին «բանտային համազգե՞ստ» են հագցրել

«Առաջին անգամը չէ, որ բռնապետների այդ միությունում Հայաստանին արհամարհում են»,֊ Deutsche Welle֊ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը ԵՏՄ֊ի միակ անդամ պետությունն է, որն այնտեղ հայտնվել է ԵՄ֊ի հետ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բարեհաջող բանակցային գործընթացից հետո՝ իր ընթացքը կտրուկ «հյուսիս» թեքելով՝ ԵՏՄ֊ի որևէ անդամի հետ ընդհանուր սահման չունենալով։

Մեհրաբյանն ընդգծել է, որ ասել, թե Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում «խեղճ բարեկամ» է կամ՝ «հինգերորդ անիվ», չափազանցություն է։ Իրադրությունը, նրա խոսքով, էլ ավելի վատ է․ Երևանին «նստեցրել են մենախցում»։ Փորձագետը կարծում է, որ Ռուսաստանին Հայաստանը պետք է՝ որպես տարածաշրջանում իր ազդեցության տարածման պլացդարմ։

Չարժե դրամատիզացնել

«Կարծիքը, թե ԵՏՄ֊ի մյուս անդամների համեմատ ավելի փոքր ու թույլ տնտեսություն ունեցող Հայաստանն ու Ղրղզստանն ինտեգրացիոն միությունում «հինգերորդ անիվ» են, ի հայտ է եկել ոչ այսօր»,֊ վստահ է «Բազիս» տնտեսական ամսագրի գլխավոր խմբագիր Աշոտ Արամյանը։

Նա հիշեցրել է, մասնավորապես, այն ենթադրությունների մասին, որ ռեսուրսներով հարուստ ու խոշոր պետությունների շարքում Հայաստանը հայտնվել է զուտ քաղաքական դրդապատճառներով՝ կախվածությունից ելնելով։ Հետևաբար՝ Աստանայում Սարգսյանի բացակայությունը, ինչպես նաև այլ «մանրուքները» Երևանում առավելագույնս ուշադրություն են գրավելու, սակայն, ըստ վերլուծաբանի, գավառականության շրջանակում ու բացասական, նախանձախնդիր տեսանկյունից։

Արամյանի խոսքով՝ Հայաստանը ԵՏՄ֊ի պետություններին շատ բան կարող է տալ, քանի որ ունի ամենալիբերալ տնտեսությունն այդ միության անդամների շրջանում, բոլորից վաղ է միացել ԱՀԿ֊ին և ունի եվրոպական տեսանկյունից առավել զարգացած քաղաքական ինստիտուտները։

Միևնույն ժամանակ, իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, մեկնաբանելով խոսակցություններն այն մասին, թե ԵՏՄ֊ի առաջնորդները Հայաստանին լուրջ չեն ընդունում, ընդգծել է, որ չարժե իրադրությունն ավելորդ անգամ դրամատիզացնել։

Նա հիշեցրել է, որ Մաքսային միության, իսկ հետագայում նաև ԵՏՄ֊ի կազմավորումից ի վեր՝ դրա ոչ բոլոր անդամներն էին Հայաստանի՝ միությանն անդամակցելու կողմնակիցը, ու նման անհարթություններ հնարավոր են նաև ապագայում։ Ֆարմանյանը վստահ է, որ, ամեն դեպքում, եթե ԵՏՄ֊ում քննարկվում են գլոբալ խնդիրների վերաբերյալ հարցեր, ապա Երևանի մասնակցությունը քննարկմանը ցանկալի է ու բխում է ԵՏՄ բոլոր անդամների շահերից։ Պատգամավորն ընդգծել է, որ Երևանը մտադիր է շարունակել ամրապնդել հարաբերությունները ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ՝ զուգահեռաբար զարգացնելով բազմակողմանի համագործակցություն Եվրամիության հետ։  

Tekali Taxi