Home / Ապատեղեկատվություն / Մայիսի 9՝ կորոնավիրուսի հաղթանակի օր Բելառուսում

Մայիսի 9՝ կորոնավիրուսի հաղթանակի օր Բելառուսում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով` չնայած կորոնավիրուսի տարածման ռիսկերին, մտադիր է մայիսի 9-ին մեծ շքերթ կազմակերպել, Բելառուս է հրավիրել իր կոլեգաներին՝ «գոնե նախկին Խորհրդային Միությունից»։ Նրա խոսքով, շքերթն անհրաժեշտ է կազմակերպել հենց Մինսկում, քանի որ դա մայրաքաղաքն է պետության, «որը ջնջվել էր երկրի երեսից» ու «առաջինն է հարված ընդունել»․ «Սա ամենատուժած երկիրն է՝ պատերազմի կենդանի հուշարձան»։

Մայիսի 3-ին Բելառուսի նախագահը հայտարարել էր, որ Մինսկում Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի առթիվ կազմակերպվող ամենամյա ռազմական շքերթը չի չեղարկվի, քանի որ «հազարավոր քաղաքացիներ» ուզում են, որ այն կայանա․ «Պետք է նշեմ, որ մենք չենք կարող չեղարկել շքերթը։ Պարզապես չենք կարող։ Շատ եմ այդ մասին մտածել։ Դա իհարկե էմոցիոնալ, խորը գաղափարական հարց է»։

Լուկաշենկոն ընդգծել է, որ ոչ ոքի բռնի «քարշ չեն տա» դեպի շքերթ, իշխանությունները ըմբռնումով կմոտենան, եթե մարդիկ «վախենան, առողջության մասին մտածեն»։ Զինծառայողները, սակայն, պարտադիր հիմունքներով մասնակցում են շքերթի նախապատրաստական փորձերին։

Նախագահը նշել է, որ Մինսկում կայանալիք շքերթին մասնակցելու մտադրության մասին խոսել են ռուսական մի քանի պատգամավորներ․ «Մենք դա ողջունում ենք։ Թող գան։ ․․․Կարծում եմ, մենք Ռուսաստանի իշխանությունների հետ համաձայնության կգանք ցանկացողների ժամանումը կազմակերպելու թեմայով»։

Բելառուսի նախագահն իր ելույթներում բազմիցս սկեպտիկորեն է արտահայտվել կորոնավիրուսի համաճարակի մասին։ Ապրիլի 13-ին Լուկաշենկոն հայտարարել էր, որ երկրում «մաքուր» կորոնավիրուսից ոչ ոք չի մահացել։ Մահվան պատճառը «պացիենտների ունեցած քրոնիկ հիվանդությունների փունջն է»։ Նա հավատացած է, որ «մեկ բաժակ օղին, բաղնիք այցելությունն ու սպորտով զբաղվելը» կարող են կանխարգելել ցանկացած հիվանդություն։ Ապրիլի 25-ին Բելառուսի ամբողջ տարածքում համաժողովրդական շաբաթօրյակ տեղի ունեցավ, որին տարբեր հաշվարկներով մասնակցել է շուրջ 2,3 մլն մարդ ամբողջ երկրում։  Դրան հաջորդած օրերին երկրում մեկ օրվում վարակվածների թվի ռեկորդային ցուցանիշներ էին գրանցվում։ Մտավախություններ կան, որ մայիսի 9-ի բազմամարդ շքերթը ևս վիրուսի ռեկորդային տարածման պատճառ կդառնա։

Բելառուսի Առողջապահության նախարարության տվյալներով երկրում վարակվածների թիվը 18350 է, որից 107֊ը՝ մահվան ելքով։ «Բաստա!» տելեգրամ ալիքում ներկայացված պատկերը, սակայն, միանգամայն այլ է։ Բաստայի տեղեկությունների համաձայն, Բելառուսում փետրվարի 28-ից մինչև մայիսի 1 ժամանակահատվածում կորոնավիրուսային հիվանդության նվազագույնը 25705 հաստատված դեպք կա։

Ռուսաստանում մայիսի 9-ի տոնակատարություններն այս տարի չեղարկվել են։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ ապրիլի կեսերին հայտարարել էր Մոսկվայի Կարմիր հրապարակում իրականացվող ամենայմա շքերթի տեղափոխման մասին, նոր ամսաթիվը, սակայն, դեռևս չի նշվել։ Պուտինն ընդգծել է, որ տոնակատարություններն անպայման կազմակերպվելու են, պարզապես՝ այլ օր։ Այս տարի մայիսի 9-ին Մոսկվայում միայն օդային ուժերի շքերթ կկայանա։