Ապրիլի 25-ին և 26-ին, Բելառուսում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել․ վարակվածների թիվը շաբաթ օրն ավելացել է 817-ով, կիրակի՝ 873-ով` հասնելով 10 463-ի, հայտնում է Բելառուսի առողջապահության նախարարությունը։
Մեկ օրում վարակման հաստատված դեպքերի նման աճը հաջորդել է ապրիլի 25-ի շաբաթօրյակին։ Աշխատանքի համաշխարհային կազմակերպությունը նախապես հորդորել էր Բելառուսի իշխանություններին չեղարկել ամենամյա շաբաթօրյակը։ Պանդեմիան որպես «կորոնափսիխոզ» որակող Ալեքսանդր Լուկաշենկոն, սակայն, չի մտափոխվել՝ շաբաթօրյակը ներկայացնելով որպես մարդկությանը կորոնավիրուս ուղարկած աստծուն սիրաշահելու միջոց․ «Մի անգամ արդեն ասել եմ, որ Նա [Աստված] տեսել է, որ մենք վատ ենք վերաբերվում էկոլոգիային, վարում ենք կենսակերպ, որը չի համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին, և խփել է գլխներիս [նկատի ունի կորոնավիրուսի պանդեմիան]։ Դրա համար էլ մենք փորձում ենք եթե ոչ հավասարացնել իրավիճակը, ապա գոնե այսպիսի քայլերով պաշտպանել մեզ ու մեր հարազատներին», – ասել է նախագահը։
Տարբեր հաշվարկներով շաբաթօրյակին մասնակցել է շուրջ 2,3 մլն մարդ ամբողջ երկրում։ Աշխատանքային կոլեկտիվները շաբաթօրյակի հիմնադրամին գումարներ են փոխանցել։ Միայն Բրեստի մարզից հիմնադրամին ավելի քան մեկ միլիոն ռուբլի է փոխանցվել, հայտնում է ԲԵԼՏԱ պաշտոնական տեղեկատվական գործակալությունը։ Հավաքված գումարներն առողջապահական ծախսերին չեն ուղղվել։ Կառավարության որոշմամբ հիմնադրամի գումարները տրամադրվել են ամառային սեզոնի համար մանկական ճամբարների կազմակերպմանը, Երկրորդ Համաշխարայինի մասնակիցների ռազմական փառքի հուշարձանների բարեկարգմանն ու Գեղարվեստի ազգային թանգարանի ընդարձակմանը մինչև «գեղարվեստի թաղամաս»։
Ապրիլի 13-ին Լուկաշենկոն հայտարարել էր, որ երկրում «մաքուր» կորոնավիրուսից ոչ ոք չի մահացել։ Մահվան պատճառը «պացիենտների ունեցած քրոնիկ հիվանդությունների փունջն է»։
«Հեռուստատեսությամբ փորձում են հնարավորինս զգույշ խոսել։ Երբեմն ասվում է, որ մի ամբողջ ընտանիք մահացել է թոքաբորբից, ոչ թե՝ կորոնավիրուսից։ Նման մի բան են ասում․ «Պարզապես նրանք շատ ուրիշ հիվանդություններ ունեին, ճարպակալած էին ու եսիմ ոնց էին սնվում»։ Մոտավորապես այսպես»,- պատմում է «Գրոդնո-93» բասկետբոլային ակումբի պաշտպան Մաքսիկ Միրոշնիչենկոն, նշելով, որ երկրում դեռևս աշխատում են բոլոր սրճարանները, ռեստորանները, առևտրի կենտրոններն ու այլ հաստատությունները։