Ամերկյան Netflix սթրիմինգային ծառայության հաշվետվության համաձայն, 2020 թվականի առաջին եռամսյակում ընկերությունն ավելի քան 700 մլն դոլար եկամուտ է ունեցել՝ կորոնավիրուսային համավարակի ֆոնին հետևորդների թվի կտրուկ աճի շնորհիվ։
Տարվա սկզբից հետևորդների թիվն աճել է 15,8 մլն-ով՝ 2019 թվականի առաջին եռամսյակի 9,6 մլն-ի փոխարեն, հայտնում է ընկերությունը։ Այս թիվը կրկնակի գերազանցել է Netflix-ի կանխատեսումները (7 մլն)։
Նոր հետևորդների մեծ մասն ապրում է Եվրոպայում, Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքի երկրներում։
Անցյալ տարվա համեմատ Netflix-ի մաքուր եկամուտը ևս կրկնակի աճել է՝ 344մլն-ի փոխարեն կազմելով 709 մլն դոլար։
«Netflix-ը մնում է այն մեդիաընկերությունների ցանկում, որոնց վրա Covid-19-ի ազդեցությունը համեմատաբար քիչ է։ Նրանց բիզնես մոդելը հարմար տեղավորվում է իրավիճակում, երբ մարդկանց հորդորում են տանը մնալ», – նշում է eMarketer գործակալության վերլուծաբան Էրիկ Հագսթրեմը։
Ծառայության պահանջարկն այնքան մեծ է, որ մարտին Netflix-ը ստիպված էր տեսանյութերի որակն իջեցնել Եվրոպայում՝ ինտերնետային ենթակառուցվածքների գերծանրաբեռնումից խուսափելու համար։ Նոր հետևորդների թվի կտրուկ աճի հետ կապված, ընկերությունն աշխատանքի ընդունեց սպասարկման ոլորտի ևս 2 հազար աշխատակիցների։
Բի-բի-սի-ի տեսաբան Զոուի Թեմասը նշում է, որ Covid-19-ն բացասական գործոն կդառնա նաև Netflix-ի համար։
«Սթրիմինգային տեսանյութերի աշխարհում ամեն ինչ բովանդակությունն է որոշում։ Նոր մրցակիցներ են առաջանում։ Netflix-ը ստիպված է լրջորեն վերանայել իր խաղացանկը։ Եվ այստեղ կորոնավիրուսը, որն այդքան նպաստում էր նոր հետևորդների հոսքին, կարող է վնաս հասցնել։ Կարանտինի պատճառով Netflix-ը ստիպված է կանգնեցնել նոր ֆիլմերի ու հեռուստանովելների արտադրությունը», – նշում է նա։
Նմանատիպ խնդիրներ ունեն նաև Netflix-ի մրցակիցները։ Universal-ը և Disney-ը չեղարկում են իրենց արտադրության ֆիլմերի՝ Netflix-ում հեռարձակման պայմանագրերը, ցուցադրություններն իրականացնելով բացառապես սեփական հարթակներում։
Ընկերության բաժնետոմսերը ևս արժևորվում են․ երեկվա դրությամբ Netflix-ի կապիտալիզացիան հասել է 190 մլրդ դոլարի։