Ամերիկյան նավթի գինը երեկ ընդհամենը մի քանի ժամերում մոտ 300 տոկոսով անկում ապրեց։ WTI ապրանքանիշի մեկ բարելը պատմության մեջ առաջին անգամ սկսեց վաճառվել -40 դոլարով: Այսինքն, արտադրողներն իրենք էին նավթը տանելու համար վճարում գնորդներին՝ վախենալով, որ պահեստարանները չեն բավարարի։
Դրանից անմիջապես հետո սփոթային գները բացասական դարձան նաև Brent-ում և ռուսական Urals-ում։
Մոսկովյան «Սկոլկովո» կառավարման դպրոցի Էներգետիկայի կենտրոնի փորձագետ Եկատերինա Գրուշևենկոն նշում է, որ սա ֆինանսական շուկայի համար նախադեպը չունեցող դեպք է։ «Ֆիզիկական շուկայում պահեստարանները լցված չեն, այնպես որ նման իրավիճակը կանխատեսելի չէր։ Շուտով հավանաբար հետաքննություններ կսկսվեն, պարզելու համար, թե ինչու վաճառքը նախապես չէր դադարեցվել»,- բացատրում է Գրուշևենկոն։
WTI-ում գնի անկումը բացատրվում է կորոնավիրուսի համավարակի արդյունքում պահանջարկի կտրուկ նվազմամբ և նավթի միջազգային պաշարների գերհագեցմամբ։ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունն (ՕՊԵԿ+) արդեն համաձայնագիր էր ստորագրել նավթի արդյունահանման ծավալների նվազեցման մասին, բայց գործընթացը դանդաղ է իրականացվում, իսկ գնորդների թիվը գնալով փոքրանում է։
Արդյունաբերությունը շատ երկներում կանգնած է, վերագործարկման մասին հստակ ցուցումներ չկան։ Վառելիք գնելն այլևս շահավետ չէ, քանի որ պահեստավորումը հավելյալ ծախսեր է ենթադրում։ Առաջարկը մի քանի անգամ գերազանցում է պահանջարկը։
«Հիմա, կարծում եմ, ամենակարևորը որոշելն է, թե ինչպես ենք դուրս գալու այս իրավիճակից, ինչպես ենք տեղ ազատելու պահեստարաններում, քանի որ նավթի պահանջարկը առաջիկա ամիսներին, ցավոք, նույն մակարդակի վրա է մնալու, մինչև մենք չսկսենք մեքենա վարել ու ինքնաթիռ նստել»,- մեկնաբանում է Commodity Research Group-ի ավագ գիտաշխատող Էնդրյու Լիբոուն:
Գնանկման հետ կապված, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշեց, որ Միացյալ Նահանգները կփորձի դադարեցնել նավթի ներմուծումը Սաուդյան Արաբիայից ու կսկսի վառելիք գնել ռազմավարական պաշարները համալրելու համար:
Երկիրն այս պահին ավելի քան 75 միլիոն բարել թողունակությամբ պահեստներ ունի։ «Մենք կդիմենք Կոնգրեսին` կա՛մ նավթը գնելու, կա՛մ պահեստը ժամանակավորապես արդյունահանողներին տրամադրելու հարցով», – հայտարարել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունների ֆոնին նավթային դրությունը կսկսեց կայունանալ․ մատակարարման նոր պայմանավորվածությունները ձեռք էին բերվում բարելի դիմաց 1,5 դոլարով, հունիսյանը` ավելի քան 20:
ՕՊԵԿ+ անդամ երկրները նավթի արդյունահանումը օրական 9,7 մլն բարելով նվազեցնելու մասին պայմանավորվել են ապրիլի 12-ին։ Բանակցությունները սկսվել էին դեռևս մարտին, բայց Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ պատրաստվում է շարունակել առավելագույն արդյունահանումը։ Ռուսաստանը ևս չէր համաձայնել կրճատել ծավալները։ Գործարքի կայացման ձախողման պատճառով միջազգային շուկայում նավթի գինը կտրուկ ընկել էր։ Արժեզրկվել էր նաև ռուսական ռուբլին։