հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Շուկա / Ռուսաստան֊ՕՊԵԿ բանակցությունների ձախողման պատճառով նավթի գինն ու ռուբլին ընկնում են

Ռուսաստան֊ՕՊԵԿ բանակցությունների ձախողման պատճառով նավթի գինն ու ռուբլին ընկնում են

Ռուբլու կուրսն այսօր կտրուկ ընկել է՝ կապված Ռուսաստանի ու ՕՊԵԿ֊ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) միջև չստացված բանակցությունների պատճառով նավթի գնի անկման հետ։

Մարտի 9-ին, մոսկովյան ժամանակով ժամը 11։30-ի դրությամբ ռուբլու կուրսը Forex֊ում կազմում էր 74,8 ռուբլի՝ 1 դոլարի դիմաց և 85,4՝ 1 եվրայի դիմաց։ Ռուսաստանի Կենտրոնական բանկի ներկայումս սահմանված կուրսի համեմատ, անկումն առայժմ կազմում է շուրջ 10 տոկոս (67,5 ռուբլի՝ դոլարի դիմաց, 75,8՝ եվրոյի)։

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ռուբլու կուրսն աստիճանաբար ընկնում է։ Դա կապված է նավթի գնի անկման հետ, որը պայմանավորող գործոններից է նաև կորոնավիրուսը։ Այսօրվա նման կտրուկ անկում, սակայն, չէր գրանցվել սկսած 2014 թվականից։

Կենտրոնական բանկը խոստացել  է պահպանել ռուբլու նորմալ կուրսը՝ հրաժարվելով տարարժեքի հետագա գնումներից։

Նավթի գինը համաշխարհային բիրժայում (այսօր առավոտվա դրությամբ) ընկել է 25-27 տոկոսով։ 1991 թվականի Պարսից ծոցի պատերազմից հետո սա գրանցված ամենախոշոր անկումն է։

Գնանկման պատճառն այն է, որ Ռուսաստանը հրաժարվել է գործարք կնքել Նավթ արտահանող երկրների կազմակերպության հետ։ Ուրբաթ օրվա բանակցություններում Մոսկվայի պաշտոնական ներկայացուցիչը ոչ միայն չհամաձայնեց Սաուդյան Արաբիայի առաջարկած արդյունահանման ծավալների նվազեցման առաջարկի հետ, այլև հրաժարվեց 2016 թվականին ընդունված համաձայնագրից, որը հնարավորություն էր տալիս վերահսկել և կայուն վիճակում պահել նավթի գինը։ Կրեմլի այսպիսի քայլն անսպասելի էր բանակցությունների մյուս ներկայացուցիչների համար։ Հանդիպման մասնակիցներից մեկը, ով նախընտրել է անանուն մնալ, Bloomberg գործակալությանը պատմել է, որ ՕՊԵԿ֊ի մյուս երկրների էկոնոմիկայի նախարարներն այնպիսի շոկի մեջ էին ռուսական կողմի հայտարարությունից, որ անգամ խոսել չէին կարողանում։

Ռուսաստանի դեմարշին ի պատասխան, Սաուդյան Արաբիան նավթի գնի աննախադեպ զեղչեր է խոստացել։ Վիեննայում բանակցությունների սպասման փուլում նավթի գինը կազմում էր 50 դոլար՝ 1 բարելի դիմաց։ Նիստից անմիջապես հետո գինը սկսեց կտրուկ ընկնել։ Բանակցություններից հետո սաուդյան նավթային գիգանտ Saudi Aramco-ն կառավարությունից հրաման ստացավ զեղչել նավի հումքը մինչև 8 դոլար։ The Bell հրատարակության փոխանցմամբ, սա վերջին 20 տարվա ամենախոշոր զեղչն է։ The Financial Times-ի կարծիքով, թագավորությունն այս քայլին գնաց Ռուսաստանին պատժելու ու բանակցությունների սեղան վերադարձնելու նպատակով։ Նաև, որպեսզի ևս մեկ անգամ ամրապնդի նավթային խոշորագույն մատակարարի իր դիրքերը։