«… 1992-ի սկզբում՝ Խորհրդային Միության փլուզումից ընդհամենը մի քանի շաբաթ անց, Ռուսաստանում մի բան տեղի ունեցավ, որը կարելի է շատ սառը ձմռան հետ համեմատել։ Հսկայական երկրում, որը հանցավորության ու քաղաքականության քաոսի մեջ էր, միլիոնավոր քաղաքացիներ շաբաթական մի քանի ժամ հետևում ու ապրումակցում էին ամերիկյան «Սանտա Բարբարա» հեռուստանովելի հերոսներին։ Սերիալի պատվին քաղաքներ էին անվանակոչում, հյուրանոցներն ու բարերը նմանակում էին Սանտա Բարբարայի ճարտարապետությունը։ Մարդիկ իրենց շներին ու կատուներին նովելի գլխավոր հերոսների անուններով էին կոչում (Իդեն, Մեյսոն, Կրուզ)։ Գործածության մեջ էր մտել «Սա ինչ Սանտա Բարբարա է» արտահայտությունը, որը նշանակում էր «Այս ինչ մելոդրամա է»», – գրում է The Telegraph֊ը։
«Ամերիկյան սերիալի առաջին ցուցադրությունը Ռուսաստանում՝ հունվարի երկուսը, նման էր միջուկային զենքի պայթյունին ռուսական ձմռան պայմաններում»,- պատմում է իսլանդացի նկարիչ Ռագնար Կյարտանսոնը։ Ռուսաստանցիները նոր ծանոթանում էին կապիտալիզմին․ «Մարդիկ սոցիալիզմի ժամանակ էին ապրում, խոհանոցի սեղանի շուրջ բանաստեղծություններ էին կարդում, և հանկարծ ամերիկյան «ռումբն» է հայտնվում՝ ամերիկյան հեռուսասերիալ, որում գեղեցիկ մարդիկ լուծում են հարուստների խնդիրները։ Դա ամբողջությամբ փոխում է Ռուսաստանը»։
«43-ամյա Կյարտանսոնը, ով Եվրոպայում ու Ամերիկայում մեծ ճանաչում է ձեռք բերել յուօրինակ փերֆորմանսների շնորհիվ, այժմ ցանկանում է ուսումնասիրել «Սանտա Բարբարայի» զգացմունքային ու հոգեբանական ազդեցությունը Ռուսաստանի վրա։ Պրոդյուսերական խմբի և Ռուսաստանից ընտրված դերասանների միջոցով նա պատրաստվում է հինգ ամիս շարունակ հեռուստասերիալի օրական մեկ էպիզոդ բեմադրել ռուսերենով», – գրում է հրատարակչությունը։
«Նկարահանման հրապարակում լիքը մարդիկ կլինեն, դեկորացիաներ, տեսախցիկներ, դերասաններ, ծուխ անող սարքեր և այլն։ Բայց դա Սանտա Բարբարայի մասին չի լինի։ Պատմության ու զգացմունքների մասին կլինի․ թե ինչպես հեռուստատեսությունն օգնեց ժամանակակից Ռուսաստանի ձևավորմանը»,֊ ասում է Կյարտանսոնը։
Ինչո՞ւ այդ հեռուստասերիալը, որում պատմվում է երկու հարուստ կալիֆորնիացի ընտանիքների՝ Քեփվելների և Լոքրիջների մասին, նման էմոցիաներ արթնացրեց․ հետկոմունիստական Ռուսաստանում սերիալը որպես երանելի փախուստ ու կրթություն ծառայեց։ Լենինգրադաբնակ գրող Միխայիլ Յոսելը 2017 թվականին հրապարակած «Սանտա Բարբարայի» ֆենոմենի մասին էսսեում (հենց այդ հոդվածն է ոգեշնչել Կյարտանսոնին) գրում է, որ եթե դու «սովորական քաղաքացի» ես, ապա քո կյանքում հավանաբար շատ չեն արժեքավոր որոշակիությունները։ «Սանտա Բարբարան» դրանցից մեկն էր, ամենագեղեցիկն ու դրականը»։ Յոսելը նաև ընդգծում է, որ սերիալում տղամարդիկ շքամուտքերում չէին միզում, առավոտը չէին սկսում էժան օծանելիք խմելով ու դեռ 50-ը չլրացած չէին մահանում լյարդի ցիռոզից։ Ջերմաստիճանը Սանտա Բարբարայում չէր իջնում մինչև -30, ոչ ոք սովամահ չէր լինում։ «Ամենակարևորը, Սանտա Բարբարայում ոչ ոք, անգամ հպանցիկ ձևով չէր խոսում Ռուսաստանից»,- գրում է Յոսելը։
«… Ռուսաստանի պարտությունը տասնամյակներ տևած սառը պատերազմում՝ ամենանվաստացուցիչ պահերից մեկն էր երկրի պատմության մեջ։ Եվ ահա, մարդիկ ստիպված են բախվել իրավիճակի, որի արդյունքում գուցե Ամերիկան ճիշտ դուրս գա։ Նախագահ Բորիս Ելցինը հանրահայտ ամերիկացի տնտեսագետների հետ էր խորհրդակցել իր առաջարկած «շոկային թերապիայի» ծրագրի մասին․ արագ դրամական բարեփոխումներ, որոնք խարխլեցին պետական կարգավորումներն ու հանգեցրեցին մասնավորեցման ու ազատ շուկայի կապիտալիզմի», – գրում է հրապարակման հեղինակ Փոլ Քենդոլը։
«Այսպիսով, տեղեկատվության այլ աղբյուր չունենալով ռուսաստանցիները սկսում են «Սանտա Բարբարա» նայել ու մտածել, արդյոք իրենք էլ կդառնան սերիալի հաճելի ու ինքնավստահ հերոսների նման․ անել ինչ ուզում են ու հետևել իրենց երազանքներին (Դոնալդ Թրամփի՝ ռուսաստանցիներին դուր գալու պատճառներից մեկն այն է, որ նա կարծես հեռուստասերիալից դուրս եկած լինի)», – շարունակում է Քենդոլը։
«Ուզում ենք առաջին եթերաշրջանը ազդեցիկ լինի, կուլտային», – ասում է Ֆրանչեսկո Մանակորդան՝ 40 000 քառակուսի մետր մակերեսով ԳԵՍ-2 թանգարանի գեղարվեստական ղեկավարը։ Կյարտանսոնը նովելի իր տարբերակը ԳԵՍ-2-ում է նկարահանելու։
Հոդվածում ասվում է, որ շուրջ 225մլն ֆունտ արժողությամբ թանգարանը, որի ճարտարապետությամբ զբաղվում է Ռենցո Պիանոն, կբացվի ամենաշուտ աշնանը։ Ընդհանուր գծերի շուրջ արդեն համաձայնություններ կան։ Կյատանսոնը սկսեի 217-րդ էպիզոդից․ դա առաջինն էր, որ հեռարձակվել է Ռուսաստանում։