Կինոն և հեղափոխությունը պատմության ընթացքում քայլել են ձեռք ձեռքի տված։ Իր ծննդյան պահից ի վեր կինոն լծված է հեղափոխությունները փաստագրելու գործին․ տեսախցիկը ներխուժել է հրապարակներ ու փողոցներ՝ որպես մասնակից կամ զննող աչք։ Մարդկային բազմությունների աստիճանական կուտակումներն ու հանկարծակի ցրումները, ոստիկանական շարքերի հետ նրանց սուր բախումներն ու հեղափոխական ընդվզման բուռն շրջադարձերը կինոգործիչների համար մեծ ձգողականություն են ունեցել, ապագա ֆիլմին ապահովելով տեսողական հարուստ նյութ։ Իսկ ինչո՞ւ էր պետք կինոն հեղափոխականներին․ Լենինը, ասելով, թե արվեստներից ամենակարեւորը կինոն է, նկատի ուներ նրա քարոզչական ուժը, որով կարելի էր վարակել մարդկային զանգվածները։ Կինոն հեղափոխության համար, հետեւաբար, զենք էր։
Եթե վավերագրական կինո նկարահանելու համար կինոօպերատորներից պահանջվում էր անձնական ջանք ու քաջություն, ապա ռեժիսորներից՝ բուռն երեւակայություն, հնարամտություն ու նյութի զգացողություն։ Սակայն նկարահանող սարքերի (սմարթֆոններ, դրոններ, արբանյակային նկարահանման տեսախցիկներ) եւ տեղակտվամիջոցների (արբանյակային հեռուստատեսություն, սոցիալական ցանցեր, լայվսթրիմ) զարգացմամբ ոչ միայն հեշտացավ շարժվող պատկերների արտադրությունը եւ տարածումը, այլեւ փոխվեց կինոյի (այս դեպքում՝ տեսապատկերի) դերը․ այն քարզոչական զենքից, որը այնուամենայնիվ գործում էր անուղղակիորեն, վերածվեց կազմակերպչական գործիքի, որով հնարավոր է հեղափոխություն անել։
Այս տեքստը զուգորդում է «Դոկու-Հեղափոխություն» վավերագրական Ֆիլմերի փառատոնը, որը հոկտեմբերի 18-20-ին անցկացվեց Ստեփանավանի Ստեփան Շահումյանի տուն-թանգարանում։ Այն նվիրված էր աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցած հեղափոխություններին։ Համադրողները՝ Ժամանակակից Արվեստի Ինստիտուտի շրջանավարտներն են։
Փառատոնը կազմակերպվում է Ժամանակակից արվեստի ինստիտուտի Արվեստի քննադատության ու կուրատորական ուսումնասիրությունների դպրոցի 2018-2019թթ ուսումնական տարվա ուսանողների՝ Լիլիթ Գրիգորյանի, Մարիա Զաքարյանի, Անի Թունիյանցի և Մարինե Խաչատրյանի ավարտական աշխատանքի շրջանակում։
«Փառատոնի մեջ ընդգրկված ֆիլմերը մարդկային զանգվածների ընդվզումը ներկայացնում են տաբեր դիրքերից․ երբեմն դրանք նկարահանված են ներսից՝ ասես կինոխցիկը գտնվում է հեղափոխության խառնարանում, երբեմն այն նմանվում է ռեպորտաժի կամ ականատեսների վկայությունների։ Երբեմն էլ կինոխցիկը մի աչք է, որը հետեւում է իրադարձություններին թռչնի թռիչքի բարձրությունից», – ասված է միջոցառումը զուգորդող տեքստում։
Փառատոնը կազմակերպվում է ՀՀ Կրթության Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ։