Ստեփանավանի օդանավակայանի վարչական շենքում և տարածքներում կառուցապատման և կապիտալ վերանորոգման աշխատանքների կատարման ընթացքում կատարվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, և «էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին»։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։
2014թ. մարտի 6-ին «Ն…» ընկերության և Արտակարգ իրավիճակների նախարարության միջև կնքվել է գլխավոր շինարարական կապալի պայմանագիր՝ Ստեփանավանի օդանավակայանի վարչական շենքում և տարածքներում կառուցապատման և կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու մասին:
«Չնայած այն հանգամանքին, որ պայմանագրի 4.2 կետի համաձայն ընկերությունը նախատեսված աշխատանքները պետք է կատարեր իր ուժերով, նյութերով, սարքավորումներով, գործիքներով՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով պայմանագրով նախատեսված վերը վկայակոչած պայմանը, կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար Ընկերությանը տրամադրել են 255.628.840 ՀՀ դրամ արժեքի մետաղյա սալիկներ և այլ գույք: Դրանից 107.872.072 ՀՀ դրամ արժեքի գույքը ընկերության կողմից օգտագործվել է օդանավակայանի շինարարական աշխատանքներում, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ:
Բացի այդ, նախարարությունում անցկացված ծառայողական քննության արդյունքում արձանագրվել է նաև, որ առկա է ընկերության կողմից նախարարությանը վերադարձված և վերջինիս հաշվեկշռում գտնվող մնացած 147.756.768 ՀՀ դրամ արժեքի սալիկներից ընդհանուր 7.537.708 ՀՀ դրամի 478 հատ մետաղյա սալիկների պակասորդ», -նշված է Դատախազության հաղորդման մեջ:
Արձանագրված խախտումները, շարունակում է գրատեսչությունը, առերևույթ պարունակում են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու և նախարարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազզորությունները չարաշահելով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու հանցագործության հատկանիշներ։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով։