Home / Մարզեր / Փայտից շենքերի թաղամաս․ Ստեփանավանում 30 տարի է սպասում են երկրաշարժի հետևանքների վերացմանը

Փայտից շենքերի թաղամաս․ Ստեփանավանում 30 տարի է սպասում են երկրաշարժի հետևանքների վերացմանը

Լոռու մարզի Ստեփանավանը լրջորեն տուժել է 1988֊ի երկրաշարժից, թեև, ինչպես դժգոհում են ստեփանավանցիները, իշխանությունները Ստեփանավանը նույնիսկ աղետի գոտի չեն համարում ի տարբերություն Սպիտակի, Գյումրիի և Վանաձորի։ Այստեղ էլ լուրջ ավերածություններ են եղել․ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ, զոհերի թիվը՝ 125։ Բազմահարկ շենքերի մի ամբողջ թաղամաս հողին է հավասարեցվել՝ անտուն թողնելով բազմաթիվ ընտանիքների։

Epress.am֊ի լրագրողներն այցելել են Ստեփանավանի «վերաբնակեցված» Աշոտաբերդ թաղամաս։ Մոտ 300 ընտանիքի երկրաշարժից հետո ժամանակավորապես տեղավորել են այնտեղ, սկզբում 6 ամսով, հետո՝ մինչև 2 տարով, սակայն, նույն շենքում մարդիկ ապրում են արդեն 30 տարի։ Ընդ որում, մինչև 2000֊ականները նրանք նաև բնակության վարձ էին վճարում։

«Գալիս էին, մի ձեռքով նպաստ էին տալիս, մյուս ձեռքով տան վարձ ուզում։ Ի՞նչ էին անում, որ տան վարձ տայինք։ Բողոքեցինք, 2000-ականների կեսից էլ վարձ չենք տալիս։ 6 ամիս ասեցին, հետո սարքեցին երկու տարի, հետո էլ դառավ 15, 20, հիմա էլ արդեն 30 տարի նույն վիճակում ենք։ Մեկը սարքում ենք, մյուսն է փլվում։ Ոչ աշխատանք ունենք, ոչ հնար ու ճար»,֊ ասում է բնակիչներից մեկը՝ հավելելով, որ քաղաքապետարանից իրենց հույս են տվել, թե 2018֊ին պետք է նոր տներ սարքեն․ «Բայց դե որքանո՞վ է ճիշտ։ Քաղաքապետն ասաց՝ հնարավոր ա»։

Տարիներ առաջ թաղամասում լուրեր են տարածվել, թե փայտից այս շենքերը քանդվելու են, իսկ բնակիչներին քոթեջներով կառուցված թաղամաս են տեղափոխելու։ Սակայն, այդ խոսակցություններն էլ շշուկների մակարդակում են մնացել։

«Քաղաքապետարան դիմողներ շատ են եղել։ Ասել են, թե Աշոտաբերդի համար ֆոնդ չունենք։ Քանի անգամ գնացել ենք, ոչ մի արդյունքի չենք հասել»,֊ պատմում է մեկ այլ բնակիչ։

Ստեփանավանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Հրահատ Աբրահամյանը չի հաստատում, որ բնակարանները տրվել էին որպես ժամանակավոր կացարան։

Նա ասել է, որ չի կարող խոսել 30 տարի առաջ տեղի ունեցած գործընթացներից, երբ ինքը պաշտոնյա չէր, բայց հավելել է, որ փայտյա տները ուղղակի չդիմացան Ստեփանավանի խոնավ կլիմայական պայմաններին։

«Այդ բնակարանները տրվել են օրդերով։ Հայաստանը հարուստ պետություն չէ, և 296 ընտանիքի համար տուն կառուցել համայնքը չի կարող։ Անպայման ներդրող է պետք, կապ չունի պետություն, թե բարերար։ Հիմա մեր առաջնահերթ խնդիրն այն է, որ կառավարության կողմից լինի մասնագիտական հանձնաժողով։ Որոնք տեղում զննեն, հանձնարարություններ տան։ Մեզ անհրաժեշտ է մասնագիտական փաստացի եզրակացություն»,֊ ասել է նա։

Բամզաբնակարան շենքեր տեղափոխվելիս բնակիչներին ժամանակավոր բնակեցման մասին բանավոր են ասել, այնինչ փաստաթղթերում՝ բնակարան ձեռքբերման օրդերում, «ժամանակավոր» բառը գրված չէ։

Աշոտաբերդում տները կառուցվել են ռուսաստանցիների կողմից որպես օգնություն երկրաշարժից տուժածների համար։

Բնակարանները գազաֆիկացված էին, սակայն անվտանգության նկատառումներով գազի կաթսաները վերացվել են և շենքերն անցել են փայտի վառարանների։ Այժմ սակայն, գազաֆիկացումը թույլատրվում է՝ 160.000 դրամ վճարի դիմաց։

Ժամանակավոր այդ կացարանները տարիների ընթացքում սկսել են փտել, հատակն ու առաստաղները տեղաշարժվել՝ մարդկանց համար վտանգավոր դառնալով։

Շենքերի բնակիչները մեզ իրենց զուգարաններն էին ցույց տալիս, որոնք կամաց֊կամաց դառնում են շահագործման համար ոչ պիտանի։ Կոյուղին վատ է աշխատում, հատակի փայտերը խոնավության հետևանքով նույնպես տեղաշարժվում էին, անկյուններում անցքեր էին առաջանում։

Ստեփանավանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի 2017 թվականի տվյալների համաձայն՝ Աշոտաբերդում այսօր կա 24 շենք, որից 11֊ն ունի 8 բնակարան, 13֊ը՝ 16 բնակարան։ Երկրաշարժի հետևանքով իրենց բնակարանները կորցրած և այս թաղամասում բնակարան ստացած ընտանիքների թիվը 147 է։ Այս մարդիկ իրենց կոչում են «աղետյալներ»։ Բնակարաններից 105֊ը պատկանում է համայնքին, 42֊ը սեփականաշնորհված են։ 16 բնակարան այս շենքերում տրված է վարձով, 82 բնակարան համարվում է «ժամանակավոր փակ դուռ»։

Այժմ այս շենքերում ապրող ընտանիքների ընդհանուր թիվը 296 է, ընդ որում՝ 13 բնակարաններում ապրում են «կից» [մեկ բնակարանում երկու բազմանդամ ընտանիք] ընտանիքներով։

«Երկրաշարժից հետո ենք ստացել, ինձ տրամադրել են մեկ սենյակ, ինձ կից ապրող ընտանիքը բաղկացած է եղել 4 անձից, նրանց տրամադրել են 2 սենյակ։ Իմ ընտանիքը մեծացել է, ես եմ, ամուսինս և մեր 4 երեխաները։ Նրանց տղան մահացել է, ապրում են 2 սենյակում երեք հոգով, մենք մեկ սենյակում վեց հոգով»,֊ ասում է բնակիչներից մեկը։

Նա նշում է, որ պատրաստվում է անգամ Երևան հասնել․ «Հիմա վատառողջ եմ, լավանամ, որոշել եմ նորից գնամ քաղաքապետարան, տեսնեմ նրանց վերջին ասելիքն ինչ է։ Անգամ մտադիր եմ մարզպետարան գնալ։ Հասնել Երևան։ Հնարավոր չէ այս մեծ ընտանիքով մեկ սենյակում ապրել»։