Ստեփանավանը միակ քաղաքն էր, որտեղ դեմ էին անկախությանը։ Նրանք չէին գնում Երևան միտինգների, ինչի համար վանաձորցիներն ու ալավերդցիները քաղաք եկող թունելի դեմ խոտի դեզեր էին դրել՝ իբր ստեփանավանցիները ոչխար են։ Սա պատմում էր մեզ օգնող ինժեներ, ներկայումս տաքսու վարորդ Լևոնը։ Նա, կարծես, համաձայն էր վանաձորցիների և ալավերդցիների հետ․ ասում էր, որ ինքը նման չէ այլ ստեփանավանցիներին և հիմա էլ է ակտիվ քաղաքական դիրքորոշում հայտնում։ Ընտրություններից առաջ, օրինակ, իր մեքենային ԲՀԿ֊ական թեկնածուներից մեկի նկարն էր փակցրել։
Մեզ հանդիպած մյուս տեղացիները անկախության միտինգներին չմասնակցելը բացատրում էին հեռատեսությամբ․ «Էս չի ձեր դեմոկրատիան»։ Ասում էին, որ դեռ 30 տարի առաջ գուշակելի էր, թե ինչ է սպասում հայաստանցիներին։
Լևոնն էլ է ընդունում, որ քաղաքը շատ լավ էր ապրում խորհրդային տարիներին։ «Կային մի քանի գործարաններ, կարի ֆաբրիկա, թռչնանոց, կահույքի ֆաբրիկա, պանրի գործարան, պիվզավոդ։ Հիմա ոչ մեկը դրանցից չի աշխատում»։ Նրա խոսքով, հիմա երկու աշխատատեղ կա Ստեփանավանում՝ ոստիկանությունը և զորամասը։
Լևոնը իր բնակարանը կորցրել էր երկրաշարժի ժամանակ։ Ընտանիքին մյուս տուժածների պես «ժամանակավոր» տեղավորել էին տնակներում կամ փայտյա շենքերում, որոնք արդեն շուտվանից քանդվում են դրսից և ներսից։ Այստեղ հանդիպեցինք Սամվելին․ «Էս փայտյա տները տվել էին 6 ամսով, հետո դարձավ 2 տարի, հիմա արդեն 30 տարի է։ Ինչքան մարդիկ մահացան՝ իրենց տներին չհասան։ Ինձ էլ են ստեղից տանելու թաղեն։ Տուն չտալը էլի արդարացնում են՝ ֆինանսներ չկան։ Թաղայինը ամիսներ հետաձգում է մի գրանցման թուղթ տալը։ Ինչո՞վ է զբաղված, էդ ի՞նչ հանցագործությունների բացահայտմամբ։ Չէ, որ մենք էս երկրի քաղաքացի ենք։ Ըստ դեմոկրատիայի՝ պարտավոր է ինձ սպասարկել»։
Ստեփանավանցիների նոր խնդիրներից է Վրաստանից ապրանքներ բերելու հայաստանցի մաքսայինների արգելքն է, ինչը հանգեցրել է գներիլրացուցիչ աճին։ Նախկինում մանրածախ առևտրով զբաղվողները շատ էին օգտվում Վրաստանի հարավային սահմանի շուկաներից, որոնք Ստեփանավանին մոտ երկու անգամ ավելի մոտ են, քան Երևանը։ Այժմ իրենց արգելում են 5 կիլոգրամից ավել ապրանք ներկրել։
Մի քանի խանութներում չուզեցին խոսել լրագրողների հետ։
– Դուք նստեք, ձեր ավտոյով գնացեք Բագրատաշենի սահմանին, կտեսնեք, որ որոշ մեքենաների անարգել թողնում են, որոշներին՝ ոչ։ Դուք ձեր աչքով կտեսենք։
Խանութում ևս հիշեցին խորհդրային անցյալը․
– Մեզ ասում էին երկաթե վարագույր է, պետք է ազատ լինեինք, սակայն այդ վարագույը ավելի մեծացավ՝ հիմա Վրաստան գնալն, ապրանք բերելն էլ ազատ չէ։
– Հիմա որտեղի՞ց եք միրգ, բանջարեղեն բերում։
– Ինչ-որ մատակարարներ են գալիս, ջահել տղաներ են, իրենցից ենք առնում։
– Ե՞րբ սկսեցին արգելել։
– Նոր տարուց առաջ՝ դեկտեմբերին։
– Մանդարինը ինչ թանկ է ձեզ մոտ՝ 800 դրամ։
– Ստեփանավանը, ընդհանրապես, ամենաթանկ քաղաքն է։ Ու ամենաաղքատ։
Քաղաքն իսկապես աչքի է ընկնում բևեռվածությամբ․ «աղետյալների» տնակներից մի քանի փողոց այն կողմ շքեղ առանձնատների փողոցներն են։ Թարմ վերանորոգված էր նաև քաղաքապետարանը, առանձնապես՝ հանրապետական քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի ընդունարանը։
Տարբերակվածության օրինակ է նաև «Քարահունջ» ռեստորանը, որը նախատեսված է հիմնականում տուրիստների համար։ Այն անգամ անգլալեզու գրականության մեծ խանութ ունի։ «Քարահունջում» գները 1.5/2 անգամ ավելի բարձր են, քան միջին երևանյան ռեստորանում։ Տեղացիների համար «Քարահունջ» գնալը իրադարձություն է․ մեզ հյուրընկալած կանայք պատմեցին, որ «Քարահունջում» թեյ խմելու գնալն ավարտվել էր տուն զանգելով և փող բերել խնդրելով։
Քնար Խուդոյան