Երեկ Ստեփանավան համայնքի Դեսինի 56 և 61 հասցեներում «Լիարժեք կյանք» ՀԿ–ն «Բազմազանության պուրակ» հիմնեց։ Ինչպես նշված է ՀԿ-ի հաղորդագրության մեջ, Նախաձեռնությանը միացել էին Ա. Մարգարյանի անվան Մշակույթի պալատը, Ստեփանավանի Արվեստի դպրոցը, կամավորներ, անհատներ, Վանաձորի «Լոռու Արվեստի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, «Օրրան» կենտրոնը, ԶԼՄ-ներ, ինչպես նաև Ստեփանավանի քաղաքապետարանը:
Պուրակը գտնվում է Ստեփանավանի ոչ այնքան ակտիվ բնակելի հատվածներից մեկում, որ կառուցվել է երկրաշարժից հետո՝ Ձախափնյա թաղամասում։ Հիմնադիրների նպատակն է թաղամասը դարձնել առավել գրավիչ զբոսաշրջիկների համար՝ միաժամանակ խրախուսելով ստեղծարար մոտեցումները, թիմային աշխատանքը և համայնքի բնակիչների ներառումը:
Նախաձեռնության միացել են թաղամասի 2 շենքերի բնակիչները, ինչպես նաև բազմաթիվ անցորդներ, ովքեր «Բազմազանության պուրակ»-ում խճանկարներ են ստեղծել։
«Բազամազանության պուրակի» հիմնումն իրականացվել է CAUCULT միջազգային միջմշակութային ծրագրի շրջանակներում, որը խթանում է Հարավային Կովկասում էթնիկ, կրոնական և մշակութային բազմազանությանը նպաստող նախաձեռնությունները: CAUCULT-ը զուգահեռ իրականացվում է Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և համակարգվում ավստրիացի և լիտվացի գործընկերների կողմից: