Հայաստանում 2014 թվականին աղքատության մակարդակը կազմել է 30 %։ Այս մասին ասված է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության կողմից երեկ հրապարակված «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցում։
Համաձայն զեկույցի հեղինակների, 2014 թվականին Հայաստանում աղքատության վերին գիծը մեկ չափահաս անձի հաշվով մեկ ամսվա համար գնահատվել է 40 264 դրամ (կամ 96.8 ԱՄՆ դոլար)․ դա նշանակում է, որ երկրի 10 բնակչից 3-ը վերին աղքատության գծից ցածր են գտնվել:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2013 թվականի համեմատ արձանագրվել է աղքատության մակարդակի նվազում 2 տոկոսով․ այնուամենայնիվ, զեկույցում նշվում է, որ 2014 թվականի ընդհանուր աղքատության մակարդակը դեռ գերազանցում է 2008 թվականի ցուցանիշը 2.4 տոկոսով։
2014 թվականին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է շուրջ 900 հազար մարդ, նրանցից շատ աղքատների թվաքանակը մոտ 330 հազար, իսկ ծայրահեղ աղքատների թվաքանակը` մոտ 70 հազար մարդ: Ծայրահեղ աղքատ են համարվում այն չափահաս մարդիկ, որոնք ամսական մեկ անձի հաշվով ունեն 23 384 դրամից (կամ 56.2 ԱՄՆ դոլարից) քիչ գումար։
2014 թվականին աղքատությունը չի տարբերվել ըստ քաղաքային (30.0 %) և գյուղական (29.9 %) բնակավայրերի: 2008-2014թթ.-ին աղքատության մակարդակի աճը քաղաքային և գյուղական բնակավայրերում ունեցել է նույն տեմպը՝ 2.4 տոկոս:
Մայրաքաղաք Երևանում աղքատության մակարդակն ամենացածրն է` 25.2 %, և այն 1.4 անգամ ցածր է, քան Երևանից դուրս` այլ քաղաքային բնակավայրերում: