Մեր առջև 4֊րդ դասարանի «Ես և շրջակա աշխարհը» դասագիրքն է (Ա․ Հովսեփյան, Ն․ Տողանյան, Լ․ Ավագյան) հայերեն լեզվով՝ հաստատված Կրթության ու գիտության նախարարության կողմից 2015 թվին։ Դաս 50. գունավոր լուսանկար «Քարահունջի աստղադիտարան», կարդում ենք հայկական լեռնաշխարհում պահպանված «հինավուրց աստղադիտարանների» մասին, նույն էջին՝ «Արագածում գտնվող նոր տեսակի ռադիո-օպտիկական աստղադիտակ, որի հեղինակն է ականավոր գիտնական Պարիս Հերունին»:
Մամուլում բազմիցս նշվել է, որ Հերունու պնդումները «Քարահունջի աստղադիտարանի» (հայկական Սթոունհենջ ֊ Epress.am) ու «ռադիո֊օպտիկական աստղադիտակի» յուրօրինակության մասին իրական գիտության հետ որևէ կապ չունեն։ Կրկնենք՝ «Զորաց քարեր» հուշարձանը որևէ կապ չունի Քարահունջ գյուղի հետ, որը նույնիսկ հուշարձանի մոտակայքում չի գտնվում։ Ներկայումս չկա որևէ հիմք պնդելու, որ հուշարձանի քարերը կանգնեցվել են աստղագիտական օրացույցի նպատակներով, իսկ իրականացված հնագիտական պեղումները համոզիչ կերպով հերքել են հուշարձանի՝ Հերունու կողմից ենթադրաբար հաշվարկված տարիքը․ իսկ անցքեր կան նաև տվյալ վայրում ու այլուր հայտնաբերված այլ քարերի վրա։ «Հերունու աստղադիտակը» երբևէ որևէ գիտական ադրյունքներ չի ստացել, որոնք ենթակա կլինեին գիտական ամսագրերում հրապարակման, իսկ հենց աստղադիտակի նախագծում խախտված են տարրական գիտական սկզբունքներ:
Մեր երկիրն ու մեր գիտությունը հարուստ են ձեռքբերումներով ու անձանցով, որոնք պետք է ներկայացվեն մեր դպրոցականներին։ Հայրենասիրության քողի տակ կեղծ գիտություն ներկայացումը, սակայն, անընդունելի է, հատկապես դպրոցում, քանի որ կարող է հանգեցնել յուրահատկության անհիմն կոմպլեքսի ու արդյունքում՝ խոցելի դարձնել մեր մշակույթն ու գիտությունը։
Կրթության և գիտության նախարարությանը կոչ ենք անում ձեռնարկել կտրուկ միջոցներ մեր դպրոցն ու մշակույթը կեղծ գիտական «հայրենասիրությունից» պաշտպանելու համար։ Պարզապես աներևակայելի է, որ 21֊րդ դարում նման անհեթեթությունները կարող են պաշտոնապես հանդուրժվել։
Վահագն Գուրզադյան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Էդմոն Գազազյան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Պավել Ավետիսյան, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Աշոտ Փիլիպոսյան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Նամակի բնօրինակը հրապարակվել է «Հայաստանի ձայնը» թերթում