Այսօր Պետերբուրգում քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթի ժամանակ ոստիկանները ձերբակալել են յոթ քաղաքացու։ Այս մասին տեղեկանում ենք «ОВД-Инфо»֊ի կայքից։
Նևսկի պողոտայի վրա ցուցարարներից մեկին ձերբակալել են «Ժամանակն է հասկանալ, որ Պուտինը ճգնաժամ է, Պուտինը պատերազմ է» պաստառով։
«Медиазона» լրատվականի տվյալներով ակցիային մասնակցել են մոտ 1000 ցուցարարներ։ Տեղական իշխանությունները համաձայնեցրել են հիշատակի երթը երկու օր առաջ։
Վլադիվոստոկում ձերբակալել են չորս ցուցարարի, որոնց «պրոֆիլակտիկ զրույցից» հետո բաց են թողել՝ առանց արձանագրություն կազմելու։
Հիշատակի ակցիաներ և երթեր են իրականացվել նաև Մոսկվայում, Նովոսիբիրսկում, Իրկուտսկում, Եկատերինբուրգում և այլ քաղաքներում։
«Սպիտակ հաշվիչ»֊ի տվյալներով Մոսկվայում երթի սկբին եղել են մոտ 22, 3 հազար ցուցարարներ, սակայն, Ներքին գործերի նախարարության Մոսկովյան գրասենյակը հաշվել է 8 հազարին։
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին սպանել են 2015 թվականի փոտրվարի 27֊ին Կրեմլի մոտ գտնվող Բոլշոյ Զամոսկվորեցկի կամրջի վրա։ 2017 թվականին ատենակալների որոշման հիման վրա սպանության մեջ կասկածվող Զաուր Դադաեվին դատապարտել են 20 տարի խիստ ռեժիմով ազատազրկման։ Գործով մյուս մեղավորները դատապարտվել են 11-19 տարվա ազատազրկման։ Սպանության պատվիրատուները չեն բացահայտվել։
Ավելի վաղ՝ փետրվարի 27֊ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Հայրենիքին մատուցած ծառայության» համար երկրորդ աստիճանի մեդալ է շնորհել Չեչնյայից Ֆեդերացիայի խորհրդի անդամ Սուլեյման Գերեմեյեվին՝ Ռուսլան Գերեմեյեվի հորեղբորը, ով հետախուզման մեջ է Նեմցովի սպանությունը կազմակերպելու կասկածանքով։