Home / Ոստիկանություն / Մոսկվայում ընտրություններն ու փողոցները մաքրում են ընդդիմությունից. տեքստային ուղիղ հեռարձակում

Մոսկվայում ընտրություններն ու փողոցները մաքրում են ընդդիմությունից. տեքստային ուղիղ հեռարձակում

Այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 14։00-ին Մոսկվայի քաղաքապետարանի դիմաց հանրահավաք պետք է տեղի ունենար Մոսվայի խորհրդարանական ընտրություններում անկախ թեկնածուների գրանցման պահանջով: Քաղաքային իշխանությունները հանրահավաքի արտոնումը մերժել էին: Հանրահավաքը մաս էր կազմում Մոսկվայում վերջին շաբաթներին շարունակաբար ընթացող բողոքի ակցիաների: Հանրահավաքի նախապատմությունն ու ընդհանուր համատեքստը՝ հոդվածի վերջում, թարմացումներից անմիջապես հետո:

«Նովայա գազետա»-ի ամփոփիչ տեսանյութը հուլիսի 27-ի բողոքի ցույցերի մասին(հրապարակվել է հուլիսի 28-ին)

 

00:13 – Ցույցերն ավարտվեցին: Բերման ենթարկվածների թիվը՝ ~1300 հոգի։
Հաջորդ հանրահավաքը նախատեսվում է օգոստոսի 3-ին:

23։08 – «Դոժդ» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Ալեքսանդրան Պերեպելովան, ով պետք է Մոսկվայի ժամով ժամը 19։00-ին ներկայանար ոստիկանություն՝ քրեական գործով վկայություն տալու համար, գրում է, որ իրեն հարցաքննում էին բացառապես հանրահավաքների լուսաբանման թեմայով՝ ինչպես է «Դոժդ»-ը լուսաբանում հավաքները, որոնք են տեղեկատվության աղբյուրները և այլն: Քննիչն ասել է, որ պարտավոր չէ նրան տեղեկացնել, թե որ քրեական գործի շրջանակներում է նա ներգարվված որպես վկա և ինչի հիման վրա է տեղի ունենում հարցաքննությունը:

23։01 – Մարդիկ սկսում են ցրվել։ Ոստիկանությունը հետ է քաշվում։

22։34 – Անկախ թեկնածու Ելենա Ռուսակովան Թվիթերում գրել է, որ օգոստոսի 3-ի հանրահավաքը արտոնելու խնդրանքով դիմել են քաղաքային իշխանություններին։ Օգոստոսի 3-ի հանրահավաքի մասին ավելի վաղ հայտնել էր նաև Իլյա Յաշինը։ Հանրահավաքի վայրը դեռ ճշտվում է։

Ժամը 22։33-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 1074-ի:

22։27 – Ցվետնոյ բուլվարում ձերբակալությունները շարունակվում են։ Բուլվարում մնացել է շուրջ 100 ցուցարար։

22։23 – Ալեքսեյ Նավալնու հիմադրած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» և «Նավալնի լայվ» ստուդիայի գրասենյակներում խուզարկություններն ավարտվել են։ Տեխնիկան առգրավվել է, գրասենյակներում գտնվող աշխատակիցները բերման են ենթարկվել։ Խուզարկությունից հետո գրասենյակների դռները կնքվել են։ «Նավալնի լայվ»-ի բերման ենթարկված աշխատակիցներից երեքը ոստիկանությունում կպահվեն մինչև երկուշաբթի:

22:17 – Անկախ թեկնածու Իլյա Յաշինը կրկին ձերբակալված է։ Տրուբնոյ հրապարակից ձերբակալվածներին տանում են ոստիկանության Մերձմոսկովյան (Подмосковье) բաժանմունքներ։

Ժամը 22։12-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասավ 1000-ի։

22։08 – Տրուբնոյ հրապարակին հարակից «Ցվետնոյ բուլվար» մետրոյի կայարանի մոտ հավաքված ցուցարարներին բերման են ենթարում։ Ձերբակալում են անգամ մոտակա կրպակների աշխատակիցներին։

21։55 – Տրուբնոյ հրապարակի ելքերից մեկն արդեն բաց է։ Ոստիկանները բարձրախոսներով հորդորում են լրագրողներին դուրս գալ հրապարակից։ Ձերբակալությունները շարունակվում են։

21։43 – «Նովայա Գազետայի» աղբյուրները ՆԳՆ-ից փոխանցում են, որ ձերբակալվածների մեծամասնությունը առանց արձանագրության ազատ կարձակվի, իսկ Տրուբնոյ հրապարակից բերման ենթարկվածները «կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»։

Ժամը 20։30-ի դրությամբ ձերբակալվածների թիվը հասնում է 835-ի:

21։37 – Տրուբնոյ հրապարակից բերման ենթարկվածների թիվը հասել է 250-ի։

21։36 – Անկախ թեկնածու Ալեքսանդր Սոլովյովը ոստիկանական բաժանմունքում կմնա մինչև երկուշաբթի։ Նա մեղադրվում է այսօրվա հանրահավաքի կազմակերպմանը մասնակցելու մեջ։

21։35 – Ցուցարարների հարցին՝ ինչպես դուրս գալ Տրուբնոյ հրապարակից, ոստիկանները պատասխանում են՝ բերման ենթարկվելով (через автозак)։

21։23 – Անկախ թեկնածու Յուլյա Գալյամինան կրկին բերման է ենթարկվել։ Նա փորձում էր Տրուբնոյ հրապարակից ելքի ճանապարհ բացել ցուցարարների համար։

21։18 – «Դոժդ» առցանց հեռուստաալիքը, որը ուղիղ հեռարձակմամբ լուսաբանում էր բողոքի ցույցերը, հայտնում է, որ DDoS հարձակման պատճառով հեռուստաալիքի կայքը ժամանակավորապես չի սպասարկվում։

Ժամը 21։14 դրությամբ ձերբակալվածների թիվը հասել է 779-ի: Տրուբնոյ հրապարակից բերման է ենթարկվել 150 հոգի:

21։03 – Տրուբնոյ հրապարակը ամբողջական շրջափակման մեջ է։ 

20։56 – Ոստիկանները ջարդել են լուսանկարիչ Եվգենի Ֆելդմանի քիթը և ֆոտոապարատը։

20։54 – Քիչ առաջ ազատ արձակված և Տրուբնոյ հրապարակ եկած անկախ թեկնածու Իվան Ժդանովին ևս ձերբակալվեց։

20։ 49 – Անկախ թեկնածու Լյուբով Սոբոլը, ով քիչ առաջ ազատ էր արձակել, կրկին ձերբակալվել է: Նրան բերման են ենթարկել Տրուբնոյ հրապարակ հասնելուց անմիջապես հետո:

20։45 – Ոստիկանությունը շրջափակում է Տրուբնոյ հրապարակը։ Մարդկանց զանգվածաբար բերման են ենթարկում: Բերման են ենթարկում նաև լրագրողներին: Ցուցարարները վանկարկում են «Մենք անզեն ենք»։

20:42 – Իվան Ժդանովն ու Յուլիա Գալյամինան արդեն Տրուբնոյ հրապարակում են։

20։35 – Մի խումբ ցուցարարներ հավաքվել են Տրուբնոյ հրապարակում։ Այն այլևս շրջափակման մեջ չէ։

20։19 – Մի շարք ոստիկանական բաժանմունքներից բերման ենթարկվածներին ազատ են արձակել։ Ազատ արձակվածների թիվը դեռևս հայտնի չէ։

20։15 – Անկախ թեկնածու Կոնստանտին Յանկաուսկասը հայտնում է, որ իր նկատմամբ ևս մեղադրանք է առաջադրվել «Հանրահավաքների անցկացման կարգի խախտում» հոդվածով։ Նրա փոխանցմամբ, նրան սպառնում է 10 օրվա ազատազրկում։

ժամը 20։15-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 696-ի:

20։07 – Տրուբնոյ հրապարակը շրջափակված է։ 

19։43 – Անկախ թեկնածու Իլյա Յաշինը նույնպես ազատ է արձակվել։ Նա ևս պատրաստվում է վերադառնալ Տրուբնոյ հրապարակ։

19։40 – Անկախ թեկնածու Լյուբով Սոբոլն ազատ է արձակվել։ Դատարանը նրա նկատմամբ 30 հազար ռուբլու չափով տուգանք է սահմանել: Նա պատրաստվում է միանալ Տրուբնոյ հրապարակում հավաքված ցուցարարներին:

19:00 – Ժամը 18։26-ին ոստիկանությունը ներխուժել է Ալեքսեյ Նավալնու հիմնադրած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» գրասենյակ։ Այդ  պահին այնտեղ աշխատակիցներից ոչ ոք չի եղել։ Ոստիկանությունը նախապես անջատել է տարածքը տեսաձայնագրող սարքավորումները, ոստիկանության կողմից իրականացված գործողությունների մասին տեղեկություններ չկան:

18։43 – Ոստիկանության որոշ բաժանմունքներից վնասվածքներ ստացած քաղաքացիներին շտապ օգնության մեքենաներով տեղափոխում են համապատասխան բուժհաստատություններ։

18:34 – Նեգլիննայա փողոցում մարդիկ դուրս էին եկել երթևեկելի մաս։ Նրանց նկատմամբ արցունքաբեր գազ կիրառվեց։

18։23 – Տրուբնոյ հրապարակում ցուցարարների ուղղությամբ ծխային նռնակներ են նետվել։

17:45-ի դրությամբ ձերբակալվածների թիվը 549-ն է: Որոշ ոստիկանական բաժանմունքներից մարդկանց ազատ են արձակել (առանց արձանագրության):

17։56 – Մի խումբ ոստիկաններ մտել են «Դոժդ» հեռուստաընկերության տարածք, որը ուղիղ հեռարձակմամբ լուսաբանում է այսօրվա բողոքի ցույցը։ «Դոժդ»-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդրա Պերեպելովային ծանուցում են փոխանցել, համաձայն որի նա անկախ թեկնածուների դեմ հարուցված քրեական գործով ներգրավված է որպես վկա և պարտավոր է այսօր ժամը 19։00-ին ներկայանալ հարցաքննության:

17:37 – Անկախ թեկնածու Լյուբով Սոբոլը մեղադրվում է հանրահավաքների անցկացման կարգի խախտման և ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու մեջ։ Նրան վերջապես թույլատրվեց հանդիպել փաստաբանի հետ։

17։23 – Տվերսկայա փողոցը ամբողջությամբ մաքրված է։ Ուժայինները կենդանի պատով փակել են փողոցի մուտքերը։

17։23 – Varlamov News յութուբյան ալիքի օպերատոր Իլյա Վարլամովը ոստիկանների հետ բախման արդյունքում քթի կոտրվածք է ստացել։

17:20 – «Նավալնի լայվ» յութուբյան ալիքի ստուդիայից բերման են ենթարկել ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Միլովին։ Ավելի վաղ՝ ժամը 15:17-ին ոստիկանները հավաքվել էին «Նավալնի լայվ» ստուդիայի մոտ, որն այդ պահին լուսաբանում էր բողոքի ցույցերը։ Դուռը չբացելու դեպքում ոստիկանները սպառնում էին «մտնել պատի միջով»։ Ժամը 16:52-ին ոստիկանությունը ներխուժել է ստուդիայի տարածք:

17:10-ի դրությամբ ձերբակալվածների թիվը հասել է 561-ի:

17։13 – Հանրահավաքին մասնակցող մունիցիպալ պատգամավոր Ալեքսանդրա Պարուշինան գլխի ծանր վնասվածք է ստացել։ Նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։

17։07 – Ստելոշնիկովի նրբանցքում ոստիկանները անցել են մահակների: Ցուցար կոշտ ուժի գործադրմամբ բերման են ենթարկում։ Հարակից եկեղեցու հոգևորականներն մարդկանց օգնում են փախչել եկեղեցու միջով։

17։05 – Հանրահավաքի մեկնարկից առաջ ձերբակալված անկախ թեկնածու Լյուբով Սոբոլը տեղեկացնում է, որ իրեն 15 օրվա ազատազրկում է սպառնում։ Փաստաբանի հետ կապ հաստատել նրան չեն թույլատրում։

17։04 – Անկախ թեկնածու Կոնստանտին Յանկաուսկասը, ով ավելի վաղ՝ «օգտվելով բերման ենթարկված չլինելու արտոնությունից», ելույթ էր ունենում քաղաքապետարանի դիմաց, բերման է ենթարկվել:

16։37 – Քաղաքապետարանի հարակից փողոցներում անջատել են լուսակիրները։

16։10 – Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Պուտինը այս ընթացքում մասնակցում է Ռազմածովային նավատորմի օրվա տոնակատարություններին։ Հանրային հեռուստաալիքները բողոքի ցույցերն, իհարկե, չեն լուսաբանում:

16։07 – Չգրանցված թեկնածուներ Ելենա Ռուսակովան և Կոնստանտին Յանկաուսկասը՝ օգտվելով դեռևս բերման ենթարկված չլինելու արտոնությունից, բարձրախոսով ելույթ են ունենում քաղաքապետարանի դիմաց։

16։01 – Արգելափակվել են Մետրոյի հարակից կայարանների ելքերը։ Ոչ ոքի չի հաջողվում մետրոյից դուրս գալ։

15:50 – ժամը 15։30-ի դրությամբ ձերբակալվածների թիվը հասել է 359-ի:

15։48 – Ձերբակալվում է անկախ թեկնածու Ալեքսանդր Սովոյովը։

15։44 – Քաղաքապետարանի հարակից շենքերի պատուհաններից ջուր են լցնում ներքևում հավաքված մարդկանց վրա։

15։38 – Բերման ենթարկված մի շարք քաղաքացիներ սոցիալական ցանցերում գրառումներ են անում ձերբակալության ընթացքում ստացած մարմնական վնասվածքների մասին։ Շատերը նշում են, որ բժշկական օգնություն իրենց չի տրամադրվում։

15։33 – Դմիտրի Գուդկովը, ով ձերբակալվել էր հանրահավաքից երկու ժամ առաջ, գրում է, որ ոստիկանությունում պատրաստվում են իր նկատմամբ արձանագրություն ներկայացնել ՌԴ ՔՈ 20,2 հոդվածով՝ հանրահավաքների անցկացման կարգի խախտում (կես տարվա ընթացքում երեք արձանագրություն ստանալու դեպքում քրեական գործ է հարուցվում)։

Մոսկվայի ժամով` 14:00-ի դրությամբ, մինչև հանրահավաքի մեկնարկը.

_ Մոսկվայի տարբեր վայրերում ձերբակակվել են  անկախ թեկնածուներ Դմիտրի Գուդկովը, Իվան Ժդանովը, Յուլիա Գալյամինան, Լյուբով Սոբոլը։

_  Քաղաքապարանի հարակից տարածքներից բերման ենթարկվածների թիվը հասել է ОВД-инфо-ի տեղեկություններով՝ 89-ի, իսկ Avtozak LIVE-ի տեղեկություններով՝ 115-ի։

_ Բերման են ենթարկվում թե ցույցի մասնակիցները, թե պատահական անցորդները:

_ Մոսկվայի քաղաքապետարանին  հարակից մետրոյի կայարանների մուտքերն ու ելքերը հսկվում են ոստիկանների կողմից, քաղաքապետարան տանող բոլոր ճանապարհները արգելափակված են: Քաղաքապետարանին հարակից տարածքներում կենտրոնացած են մեծ թվով ոստիկանական ուժեր:

_  Քաղաքապետարանին հարակից խանութների և սրճարանների մի մասը “տեխնիկական պատճառներով” փակ է։

Նախապատմություն

Մոսկվայի խորհրդարանի ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր անկախ թեկնածուները, որոնք ինքնաառաջադրվելուց հետո օրենքով սահմանված ժամկետներում կարողացել էին հաղթահարել «ստորագրությունների շեմը», միևնույն է սեպտեմբերի 8-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու իրավունք չստացան։ Ընդիմադիրների դեպքում ընտրական հանձնաժողովը «հայտնաբերեց» անվավեր ստորագրությունների թուլատրելի շեմի սահմանազանցում․ հանձնաժողովի չհիմնավորված, բայց պաշտոնական եզրակացությունները հիմք հանդիսացան անկախ թեկնածուներին չգրանցելու համար։ Հետագա բոլոր բողոքարկումները մնացին անարդյունք: Քաղաքացիները, որոնց ստորագրութունները ճանաչվել էին անվավեր կամ կեղծված, ներկայացնում էին նոտարական հաստատումով փաստաթղթեր, հաճախ՝ անձամբ ներկայանում էին ընտրական հանձնաժողով՝ ապացուցելու իրենց գոյությունը և ստորագրության իսկությունը: Ընտրական հանձնաժողովը, սակայն, բոլոր ապացույցները ճանաչեց ոչ բավարար: Իրավական պատշաճ կարգավորումների չկան. փաստացի, փակ դռների հետևում կնքված փորձագիտական եզրակացությունը, որը հիմք է հանդիսանում ընդդիմադիրներին ուղղակիորեն լիկվիդացնելու համար, հստակ բողոքարկման և չեղարկման մեխանիզմ չունի:

Ինչ վերաբերում է իշխանական թեկնածուներին, ապա այս ընտրություններում նրանք՝ ինչպես և ընդդիմադիրների մեծ մասը, ներկայանում էին որպես ինքնաառաջադրված թեկնածուներ, ինչը մեծապես պայմանավորված է իշխող «Եդինայա Ռոսիայի» վարկանիշի անկմամբ: Եդինառոսներն ու իրենց ածանցյալ ընդդիմադիրները (Զյուգանովի կոմկուսը, Ժիրինովսկու կուսակցությունը և այլն) ստորագրությունների հետ կապված խնդիրներ, իհարկե, չունեցան։ Ընդդիմության կողմից ներկայացված տեսագրություններն ու վկայությունները, որոնք հաստատում էին, որ ի տարբերություն անկախ թեկնածուների՝ իշխանական ինքնաառաջադրվածների համար անհրաժեշտ ստորագրությունները, բնակիչներից հավաքագրվելու փոխարեն, տրամադրվում էին, օրինակ, թաղապետարանների կողմից, իրավապահ մարմինների և հանձնաժողովի կողմից պարզապես անտեսվեցին։ Կանխատեսելիորեն, անվավեր ստորագրություններ նրանց մոտ գրեթե չեն հայտնաբերվել:

Արդյունք. Ընտրական հանձնաժողովը Մոսկվայի խորհրդարանական ընտրությունների դեռևս նախընտրական փուլից առաջ լիկվիդացրեց գրեթե բոլոր ընդդիմադիրներին (~ 16 հոգի՝ առաջադրբած տարբեր մունիցիպալ օկրուգներից)։ Փաստացի, եթե իրավիճակը չփոխվի, սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ընտրություններին կմասնակցեն միայն իշխանական թեկնածուներն և նրանց ածանցյալ համակարգային ընդդիմությունը: Արտահամակարգային ընդդիմության համար իրավական բոլոր ճանապարհները փակ էին, ընդդիմադիրները դուրս եկան փողոց։

Բողոքի ցույցերը մեկնարկեցին անկախ թեկնածուների գրանցումը մերժող ընտրական հանձնաժողովի նախնական որոշման հանրայնացումից հետո՝ հուլիսի 14-ից սկսած: Սկզբնական շրջանում ցույցերն անցնում էին ընտրողների հետ հանդիպման ձևաչափով. նախնական եզրակացության հրապարակումից հետո՝ բողոքարկման շրջանում, անկախ թեկնածուները դեռևս ունեին թեկնածուի կարգավիճակ և ընտրողների հետ հանդիպելու իրավունք [հուլիսի 14-ին կայացած առաջին բողոքի ցույցի և դրան հաջորդած ձերբակալումների մասին ավելի մանրամասն՝ այստեղ]: Անկախ թեկնածուների համատեղ հանրահավաքները գրեթե ամեն օր անցնում էին մայրաքաղաքի կենտրենում գտնվող Տրուբնոյ հրապարակում: 

Ամենօրյա ցույցերին և պիկետներին հաջորդեց Սախարովի պողոտայում հուլիսի 20-ին կայացած ամփոփիչ հանրահավաքը. տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող անկախ թեկնածուները և քաղաքական գործիչները (նաև Ալեքսեյ Նավալնին, ով ընդդիմության առաջնորդներից ամենաթիրախավորվածն է), առաջին անգամ խոսեցին նույն հարթակից: Նրանք կոչ արեցին Ընտրական հանձնաժողովին վերջ տալ ապօրինությանը, գրանցել անկախ թեկնածուներին, հակառակ դեպում՝ ցուցարարներին հորդորեցին մեկ շաբաթ անց՝ հուլիսի 27-ին հավաքվել քաղաքապետարանի դիմաց: Հուլիսի 20-ի հանրահավաքին մասնակցում էր ավելի քանի 20 հազար ցուցարար – վերջին տարիների ամենամարդաշատ բողոքի ցույցը Մոսկվայում: Զարմանալիորեն այն արտոնվել էր քաղաքային իշխանությունների կողմից և անցավ առանց ձերբակալությունների: Ձերբակալությունները սկսվեցին հետո:

Չորեքշաբթի՝ հուլիսի 24-ին առավոտյան վազքի ժամանակ ձերբակալվեց Ալեքսեյ Նավալնին:

Երեկոյան դատարանը 30 օրով ազատազրկեց Նավալնուն Մոսկվայի քաղաքապետարանի մոտ այսօրվա չարտոնված հանրահավաքին մասնակցելու կոչերի և ֆեյսբուքյան գրառման համար, որով նա հորդորում էր հետևել ակցիաների  վերաբերյալ թեկնածուների հայտարարություններին։ Ձերբակալվեցին նաև Նավալնու Մոսկվայի շտաբի համակարգող Օլեգ Ստեպանովը և մի քանի ակտիվիստներ։

Անկախ թեկնածուների դեմ քրեական գործ հարուցվեց ՌԴ ՔՕ հազվադեպ կիրառվող 141 հոդվածով՝ «Ընտրական հանձնաժողովների աշխատանքի խոչընդոտում»:

Նույն օրը կեսգիշերին խուզարկություններ սկսվեցին անկախ թեկնածուների բնակարաններում և գրասենյակներում. ուժայինները, նախ, այցելեցին Դմիտրի Գուդկովին («Փոփոխությունների կուսակցություն») ու Իվան Ժդանովին (Նավալնու թիմ), առգրավեցին էլեկտրոնային սարքավորումներն ու տարան հարցաքննության: Մնացած անկախ թեկնածուներին հարցաքննության ծանուցումներ ուղարկվեցին։ Հարուցված քրեական գործի շրջանակներում բոլոր անկախ թեկնածուներն այս պահին ունեն վկայի կարգավիճակ: 

Հաջորդ օրը՝ հուլիսի 25-ին բերման ենթարկվեց արդեն երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող անկախ թեկնածու Լյուբով Սոբոլը (Նավալնու թիմ), ով ընտրական հանձնաժողովի հերթական մերժումից հետո, ի նշան բողոքի որոշել էր գիշերել հանձնաժողովի շենքի դիմաց: 

Երեկ երեկոյան և այսօր առավոտյան՝ հանրահավաքին ընդառաջ,  խուզարկություններ են իրականացվել անկախ թեկնածուների և նրանց բարեկամների բնակարաններում, նախընտրական շտաբերում, Նավալնու թիմակիցների տներում:

աղբյուրներ՝ Novayagazeta, Meduza, Tvrain, Ovdinfo