հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Թրամփն ընդդեմ G7-ի

Թրամփն ընդդեմ G7-ի

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վիճել է G7-ի առաջնորդների հետ՝ Ռուսաստանը «Մեծ յոթնյակ» վերադարձնելու առաջարկի շուրջ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղվելով դիվանագիտական շրջանակների իրենց աղբյուրներին։

Ամերիկայի առաջնորդը պնդում է, որ Վլադիմիր Պուտինը ևս պետք է ներգրավվի Իրանի, Սիրիայի ու Հյուսիսային Կորեայի մասին քննարկման մեջ, հետևաբար՝ Ռուսաստանը պետք է վերադառնա «Մեծ յոթնյակ»։

Թրամփի առաջարկին միացավ Իտալիայի հրաժարական ներկայացրած վարչապետ Ջուզեպե Կոնտեն։ G7-ի մյուս առաջնորդները դեմ էին, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝ ձեռնպահ։

«Առաջնորդների մեծ մասի խոսքով՝[G7]-ը լիբերալ ժողովրդավարությունների ընտանիք է, ակումբ, միություն։ Այդ իսկ պատճառով իրենք չեն կարող թույլ տալ, որ Պուտինը, ով չի պաշտպանում այդ արժեքները, վերադառնա», – պատմում է պարբերականի զրուցակիցը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ Ռուսաստանի մասնակցությամբ «Մեծ ութնյակի» վերաձևավորումը հիմա, երբ Ուկրաինայի հետ հակամարտությունը դեռևս լուծված չէ՝ թուլության արտահայտում կլինի համաշխարհային գերտերությունների կողմից։

Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ևս համաձայն չէ ԱՄՆ նախագահի հետ։ Տուսկի խոսքով, հիմա G7-ի երկրներն ավելի շատ պատճառներ ունեն Ռուսաստանը «Մեծ յոթնյակ» չվերադարձնելու համար, քան 2014-ին, երբ այն հեռացվել էր G8-ից։

Թրամփն, այնուամենայնիվ, չի բացառում, որ Ռուսաստանի նախագահը կհրավիրվի G7-ի 2020 թվականին ԱՄՆ-ում կայանալիք հաջորդ գագաթնաժողովին՝ հյուրի կարգավիճակով։

Հիշեցնենք, որ G7 գագաթնաժողովը մեկնարկել է օգոստոսի 24-ին, Բիարիցում (Ֆրանսիա)։ Մասնակցում են Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Կանադան, Իտալիան, Գերմանիան և Ճապոնիան։ 1990-ականներին Ռուսաստանը ևս միացել էր, ինչից հետո խումբն անվանափոխվել էր՝ «Մեծ ութնյակ»։ 2014 թվականին՝ Ղրիմի Ռուսաստանին միացվելուց հետո, ռուսական կողմը հեռացվեց G8-ից։