Յակուտսկից շաման Ալեքսանդր Գաբիշևը, ով ամբողջ Ռուսաստանով քայլելով շարժվում է դեպի Մոսկվա՝ «Կրեմլից Պուտինի չար ոգին դուրս քշելու համար», զանգվածային հանրահավաք է անցկացրել Չիտա քաղաքում։ Ակցիայի կազմակերպիչներից էին կոմունիստներն ու «Քաղաքացիական սոլիդարություն» հասարակական-քաղաքական կազմակերպությունը։ Ռուսաստանյան ԶԼՄ֊ների հաղորդմամբ՝ հրապարակում ավելի քան 700 մարդ է հավաքվել։ Հանրահավաքի հիմնական կարգախոսն էր՝ «Ռուսաստանն առանց Պուտինի»։
Ականատեսների խոսքով՝ բողոքի մասնակիցներն անհամբեր սպասում էին հենց շամանի ելույթին։ Նա ասաց, որ Յակուտսկից գարնանն է դուրս եկել, և ծրագրում է Մոսկվա հասնել երկու տարում։ Աստվածն իրեն ասել է, որ Պուտինը մարդ չէ, այլ դև, «և ես պետք է դուրս քշեմ նրան»։ Նա մանրամասնել էր, որ արդեն իսկ սկսել է դա անել, և իր հիմնական գործողությունները դեռ խաղաղ բնույթ են կրում․ ժողովրդական հավաքներ և հանրահավաքներ։ Սակայն եթե դա չօգնի, նա պատրաստ է «այլ մեթոդների» դիմել։
«Այսուհետ Պուտինի խոսքն օրենք չէ՝ ազատ ապրե՛ք», – եզրափակել է Գաբիշևը։ Հանրահավաքի վերջում նա այլոց հետ միասին կազակական երգ կատարեց։ Տեղացիները հնարավուրություն ունեցան անձամբ շփվել, հարցեր ուղղել շամանին և լուսանկարվել նրա հետ։
Ավելի վաղ Չիտայի թեմի ներկայացուցիչ Ռոման Վիկտյուկը քննադատել էր հուլիսի 12-ին պլանավորված՝ շաման Գաբիշևի մասնակցությամբ հանրահավաքը։ Վիկտյուկն այն սադրանք էր անվանել և կասկած հայտնել՝ շամանի հոգեկան առողջության վերաբերյալ։ Թեմի առաջնորդ միտրոպոլիտ Դմիտրիյը քաղաքապետարան էր դիմել՝ հանրահավաքի նպատակահարմարության հարցի հետ կապված։
Շաման Գաբիշևն արդեն 4 ամիս է՝ քայլում է դեպի Մոսկվա, որտեղից 2021 թվականին պատրաստվում է դուրս քշել Վլադիմիր Պուտինին։ Ռուսաստանի նախագահին նա մութ ուժերի ծնունդ է համարում, որի դեմն առնելը միայն շամանն է ի զորու։ Մի քանի հազար կիլոմետրով չափվող ճանապարհին Գաբիշևը շփվել է հարյուրավոր վարորդների հետ, իր քարոզներով տեսանյութերը միլիոնից ավելի դիտում են հավաքել։