Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանն, ով Ղարաբաղի ընտրությունների քարոզարշավի ընթացքում փակել էր ընդդիմադիր «Արցախի հեղափոխական կուսակցության» թեկնածուների ճանապարհը՝ թույլ չտալով նրանց մուտք գործել քաղաք և քարոզարշավ իրականացնել, այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։
Սարգսյանը նշել է, ոի ինքը, որպես «հայրենիքի ազատության զոհասեղանին» կյանքը դրած մարդ, չի պատրաստվում իր պաշտոնավարմամբ կասկածի տակ դնել երկրի ու իր դավանած քաղաքական գաղափարների հեղինակությունը: Խորհրդակցելով «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդի՝ Ղարաբաղի նորընտիր նախագահ, օլիգարխ Արայիկ Հարությունյանի, և «կուսակից ընկերների հետ», նա որոշել է հեռանալ քաղաքապետի պաշտոնից։
Հիշեցնենք, որ Մարտունու արդեն նախկին քաղաքապետը՝ մի խումբ այլ անձանց հետ, մարտի 18-ին փակել էր քաղաքի մուտքը՝ խոչընդոտելով «Արցախի հեղափոխական կուսակցության» թեկնածուների և նրանց կողմնակիցների նախընտրական քարոզարշավի իրականացմանը։ Ոստիկանությունը քաղաքապետի փակված ճանապարհը բացելու և կուսակցության քարոզչության իրավունքի ապահովումն ապահովելու համար որևէ միջոց չէր ձեռնարկել։
Նախկին քաղաքապետ Սարգսյանը կարծում է, որ ընդդիմության առջև քաղաքի մուտքը փակելով՝ նա «սրտացավություն» է ցուցաբերել և փորձել կանխել Հեղափոխական կուսակցության ներկայացուցիչների և մի խումբ մարտունեցի երիտասարդների միջև հնարավոր նախընտրական բախումը։ Ինչ հնարավոր բախման և «մի խումբ մարտունեցի երիտասարդների» մասին է խոսքը՝ քաղաքապետը չի նշում, սակայն ընդունում է, որ ընդդիմության քարոզարշավը տապալելն «իր կողմից կիրառված լավագույն մեթոդը չէր»: «Այո՛, դա իմ բացթողումն է, և ես այն ընդունում եմ արժանապատվորեն», – հրաժարականի իր դիմումում գրել է Սարգսյանը։
Նշենք, որ ընդդիմության քարոզարչավը տապալելու առերևույթ հանցագործության առթիվ հարուցվել է քրեական գործ․ Մարտունու քաղաքապետն այդ գործով մեղադրյալի կարգավիճակ, սակայն, մինչ օրս չի ստացել։
«Մեղադրյալի» կարգավիճակ, սակայն, ստացել են Հեղափոխական կուսակցության անդամներն ու աջակիցները, որոնք Մարտունու քաղաքապետ հետ միջադեպից հետո ցույց էին կազմակերպել Ստեփանակերտում և ի նշան բողոքի փակել Վազգեն Սարգսյան փողոցը․ նրանցից 13 հոգին ղարաբաղյան իրավապահները անմիջապես վարչական ձերբակալման էին ենթարկել՝ ընթացքում կոտրելով խաղաղ ցուցարարներից մեկի երկու կողոսկր: