Home / Հայաստան / Փողը ավերածություններ է գործում քաղաքական դաշտում․ Ղարաբաղի ղեկավարի թեկնածու

Փողը ավերածություններ է գործում քաղաքական դաշտում․ Ղարաբաղի ղեկավարի թեկնածու

Փողը ավերածություններ է գործում քաղաքական դաշտում, մասնավորապես հսկայական գումարների տիրապետող կուսակցությունները և թիմերը աջ ու ձախ շտաբների միջոցով, այսպես ասած, օրինականացված ընտրակաշառքի միջոցով ձայներ էին գնում, և բնականաբար դա մեծ ազդեցություն ունեցավ մարտի 31-ին Ղարաբաղում կայացած նախագահական ու խորհրդարանական ընտրությունների վրա։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում խոսել է նախկին գումարման խորհրդարանի միակ ընդդիմադիր պատգամավոր, նախագահի թեկնածու, «Ազգային վերածնունդ» կուսակցության առաջնորդ Հայկ Խանումյանը: Փողի դերակատարության մասին կուսակցության անդամները խոսել են նաև քվեարկությունից առաջ։

– Մեր հույսը հասարակության ուժեղ լինելու վրա էր, բայց փորձը ցույց տվեց, որ դեռ շատ պետք է աշխատենք հասարակությունն ուժեղացնելու համար: Հետևաբար ընդունում ենք իրավիճակը` այնպիսին կա, և ելնում ենք այդ իրավիճակից: Իհարկե, արդյունքները մեզ համար անընդունելի են, և իշխանության լեգիտիմությունը նույնպես կասկածի տակ է այս պարագայում:

– Երբ խոսում եք «օրինականացված ընտրակաշառքի» մասին, ի՞նչ նկատի ունեք, մանրամասնեք, խնդրում եմ:

– Նկատի ունենք, որ ենթադրենք, ամեն շենքի տակ մի հատ շտաբ են դրել կամ ամեն փոքր գյուղում վերցնում են այդ գյուղի խոշոր ընտանիքների անդամներին, և մեր կառույցները նաև տեղեկություն են տալիս, որ ընտրություններից 1 և 2 օր առաջ համատարած ընտրակաշառքներ են բաժանվել` տնետուն մտնելու ձևով, հատկապես շատ ձայն ունեցող ընտանիքների առումով: Եվ սա նույնպես էական ազդեցություն է ունեցել:

– Դուք ասում եք` անընդունելի են ընտրությունների արդյունքները: Կարծո՞ւմ եք` Արցախի նոր ձևավորված գործադիր իշխանությունը, նախագահը, օրենսդիր իշխանությունը լեգիտիմ չե՞ն:

– Լեգիտիմության խնդիր ունեն, այո, լեգիտիմության խնդիր ունեն, որովհետև այս արդյունքների վրա հսկայական ազդեցություն է ունեցել փողը, այդ թվում` ապօրինի բաժանվող փողը:

– Ընտրությունների արդյունքում Ձեր գլխավորած ուժը չանցավ խորհրդարան, եթե չեմ սխալվում, ավելի քիչ ձայն եք ստացել, քան նախորդ ընտրությունների ժամանակ: Կարո՞ղ ենք ասել, որ սա արցախյան հանրության կողմից գնահատական է Ձեր, Ձեր քաղաքական ուժի անցած տարիների գործունեությանը:

– Դե դե ֆակտո այդպես է դուրս գալիս, գոնե դե յուրե, համենայն դեպս հանրությունն է որոշում իրականում, այո, ընտրություններն ընդհանրապես գնահատական տալու ժամանակ են, երբ հանրությունը գնահատական է տալիս նախորդ 5 տարիների գործունեությանը քաղաքական ուժերին կամ գնահատական է տալիս ծրագրերին: Եթե թողնենք էմոցիաները կամ ռոմանտիկ շեղումները, իհարկե, սա հստակ այդպես է, որ հասարակության գոնե մի փոքր մաս չկարողացավ տալ այն գնահատականը, որը հարկավոր էր նորից խորհրդարանում լինելու համար: