Ղարաբաղի Մուշ համայնքի գյուղապետ Պետրոս Ավետիսյանը, ով մարտի 31-ին՝ քվեարկության օրվա ցերեկը շրջում էր գյուղով և գոռում «տենց մեկը չի ծնվել, որ ինձ դեմ գնա, առավել ևս՝ Արայիկին, տենց մեկը լինի՝ ոտերը կջարդենք», գիշերը մի խումբ անձանց հետ ոչ սթափ վիճակում մոտեցել է ընտրական տեղամասին ու կռիվ սարքել, որից հետո փակել է Սամվել Բաբայանի «Միասնական Հայրենիք» կուսակցության վստահված անձի՝ Կովսական գնացող մեքենայի ճանապարհը, հարվածել մեքենային: Ֆեյսբուքի իր էջում այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը, ով այս օրերին՝ կազմակերպության դիտորդների հետ միասին, մեկնել էր Ղարաբաղ՝ դիտարկելու մարտի 31-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ Ըստ Իոաննիսյանի, նշված տեղեկությունները հաստատվում են չորս տարբեր աղբյուրներից։
Իրավապաշտպանը նշել է, որ գյուղապետին և կռվի մյուս մասնակիցներին բերման են ենթարկել ոստիկանության բաժին, ապա ազատ արձակել: Քրեական գործ դեռ հարուցված չէ, հաղորդումը քննվում է «երկու կանանց կողմից գյուղապետի վրա հարձակման» ուղղությամբ:
Իոաննիսյանը նշել է նաև, որ իրենք պատրաստվում են առավոտյան այս դեպքով հանցագործության մասին հաղորդում տալ՝ Ղարաբաղի ՔՕ 147, 147.1 և 269-րդ հոդվածներով:
«Մարտունու քաղաքապետի կողմից կուսակցություններից մեկի ճանապարհը փակելու գործը եթե նորմալ քննվեր, այս դեպքը կարող է չլիներ: Ոստիկանության անգործությունը խթանում է հանցավորությունը», – գրել է իրավապաշտպանը։
Ավելի վաղ ֆեյսբուքյան օգտագեր Հարություն Կարապետյանը գրել էր, որ Ղարաբաղի Քաշաթաղ շրջանի Մուշ գյուղի 8/46 ընտրատեղամասի մոտ Ղարաբաղի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմնակիցները` Մուշի գյուղապետ Պետրոս Ավետիսյանի ղեկավարությամբ, հարձակվել են նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա։ Կարապետյանը գրառմանը կից ծեծը պատկերող տեսանյութեր էր հրապարակել և նշել, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր ուշ երեկոյան (ըստ Իոաննիսյանի՝ երեկ գիշերը), իսկ հարձակման ենթարկվածներից մեկն իր եղբայրն է։
Հիշեցնենք, որ Ղարաբաղում մարտի 31-ին կայացած ընտրություններում նախագահի որևէ թեկնածու չի ստացել բավարար քվե՝ հաղթահարելու համար սահմանված շեմը (50+1 տոկոս), ուստի՝ Ղարաբաղում ապրիլի 14-ին կանցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար կպայքարեն ամենաշատ ձայներ ստացած երկու թեկնածուները՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն (49,26 %) ու գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը (26,4 %)։