Նախընտրական հանցագործություն և ոստիկանության անգործություն Արցախում, Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Ստորև ներկայացնում ենք գրառումը․
«Մարտի 18-ին Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետը՝ մի խումբ այլ անձանց հետ միասին քաղաքի մուտքը փակելու միջոցով խոչընդոտել էր «Արցախի հեղափոխական» կուսակցության թեկնածուների և կողմնակիցների նախընտրական քարոզչության իրականացումը:
Նշվածը փաստագրված է հրապարակված տեսանյութերով և Մարտունու քաղաքապետի ինքնախոստովանական հայտարարությամբ:
Առ այսօր Ոստիկանությունը չի հարուցել քրեական գործ և նյութերի նախապատրաստմամբ «պարզում է» հանցակազմի առկայությունը (թեև դա առերևույթ է):
Ընդ որում, ոստիկանությունը չձեռնարկեց միջոցներ՝ Մարտունու քաղաքապետի կողմից փակված ճանապարհը բացելու ու կուսակցության քարոզչության իրավունքի իրացումը ապահովելու համար:
Ավելին, երբ միջադեպից հետո «Արցախի հեղափոխական» կուսակցության ներկայացուցիչները փակեցին ճանապարհը, վերջիններիցս 13 հոգու ոստիկանները վարչական ձերբակալման ենթարկեցին՝ այդ ընթացքում կոտրվել է խաղաղ ցուցարարներից մեկի երկու կողոսկրը:
Ցուցարարի կողոսկրերը ջարդելու մասով ևս քրեական գործ հարուցված չէ, բայց նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Հույսս կորցնելով Արցախի ոստիկանության կողմից քրեական գործը հարուցելուց՝ այդ և երկու այլ հանցագործությունների մասով քիչ առաջ հաղորդում ներկայացրեցի Արցախի Հանրապետության գլխավոր դատախազին:
Ակնկալում եմ, որ դատախազությունը ավելի բարձր քաղաքական կամք կցուցաբերի և անհապաղ քրեական գործ կհարուցի նախընտրական քարոզչության խոչընդոտման փաստի առթիվ:
Չքննարկելով «Արցախի Հեղափոխական» կուսակցության պահվածքը, պետք է արձանագրենք, որ այս մոտեցումը պատվաբեր չէ Արցախի ոստիկանության համար և հակասում է ժողովրդավարական ընտրությունների սկզբունքներին»։
Մարտի 31-ին Ղարաբաղում սպասվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Նշենք, որ ՀՀ կառավարությունն առաջին անգամ ֆինանսավորում է հայաստանյան հասարակական կազմակերպությունների կողմից Ղարաբաղում դիտորդական առաքելություն իրականացնելը։ Առաքելությունն իրականացնելու են «Իրազեկ քաղաքացիների միավորում» և «Թրանսփարենսի ինթերնեշնըլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ-ները։