«Էսօր եկել, տանիքս փոխել է, բայց վաղը թոռս, երեխաս կասի՝ էդ ի՞նչ օրն ես ընկել, որ տանիքը փոխելու համար մեր ապագան քայքայում ես», – ասում է Ղարաբաղի բնակիչներից մեկը։
Ղարաբաղում շարունակվում են ընտրական քարոզարշավը ու նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հասցեին հնչող՝ ընտրակաշառք կամ «բարեգործություն» անելու վերաբերյալ մեղադրանքները։
Մարտի 31-ին սպասվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Ընդդիմադիր «Արցախի հեղափոխական կուսակցություն»-ը ևս կմասնակցի դրանց։ Քարոզարշավի շրջանակներում բնակչության հետ հանդիպումների ժամանակ կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը բարձրաձայնում է կոռուպցիայի, Բակո Սահակյանի կողմից հովանավորվող Արայիկ Հարությունյանի կողմնակիցների ապօրինի գործողությունների մասին և պաշտոնական Երևանի ուշադրությունը հրավիրում։
Ինչպես երեկ կայացած ընտրողների հետ հերթական հանդիպման ժամանակ ասաց Օսիպյանը, «սա ընտրություն չի Հարությունյանի և մեկ ուրիշի միջև, սա ընտրություն է՝ մենք մեր երկիրը կառուցում ենք փողի գաղափարի վրա, թե այնպես, ինչպես վայել է իսկական հայի, ինչպես վայել է իսկական ղարաբաղցուն»։
«Եթե 90-ականներին փողի գաղափարը դրվեր, մենք այսօր չէինք լինի։ Բայց էն ժամանակ փողից վեր գաղափարներ էին, դրա համար մեր թշնամու կողմից գենոցիդից կարողացել ենք փրկվել։ Փողն էլ այնպիսի բան է, որ եթե դնում ենք ընկերության մեջ, ընկերությունն է վարի տալիս, եթե ընտանիքի՝ ընտանիքն է վարի տալիս, եթե հասարակության մեջ՝ հասարակությունն է հետընթաց ապրելու։ Այսօրվա դրությամբ դրան էլ գնում ենք․ հին սերնդի որակը, հայրենասիրությունը, նվիրվածությունն ու հիմիկվանը․․․ Չեմ ասում, որ բոլորին է էդ վարակը կպել», ֊ մասնավորապես, ասում է ընդդիմադիրը Artsakh1.am-ի կողմից հրապարակված տեսանյությում։
Այն, ինչի մասին խոսվում է, ժողովուրդը լավ է հասկանում, դա նորություն չէ, պարզապես մարդիկ անելանելի վիճակում են, նկատել է Օսիպյանը․ «Մենք այդ մարդկանց դեմ չենք, ովքեր այսպես կոչված բարեգործության համար են դիմում։ Մյուս կողմից, իրենց որևէ ելք չի առաջարկվում։
Մենք ասում ենք հետևյալը․ ելք կա՛։ Դա խոշոր թալանից ազատվելն է, ինչը մենք պետք է անենք։ Եթե այսօր չհամախմբվենք, ինչպես համախբմվեցին 2018 թվին, հաշվեք՝ էս երկիրը կորցրած է, նույնն է, ինչ թողնենք՝ իրենց կյանքը [պատերազմում] տված հազարավոր տղաների արված գործը գետը քշի, տանի։ Դա արդեն աննամուսություն է»։
Մինչդեռ, հավելել է Օսիպյանը, իշխանություններն ու Հարությունյանը գլուխ են գովում, թե՝ սա ենք արել, նա ենք արել, սակայն երիտասարդների հետ զրուցելուց հետո պարզ է դառնում․ բոլորը մտածում են արտագաղթելու մասին։
«[Իշխանությունների] Փողերը շատացել են, արդեն երկնքով են թռչում՝ գետնով քայլելու փոխարեն։ Հարկավոր է իշխանությանը գետնով տալ, որ հասկանան, որ մնացածն էլ է ժողովուրդ։ Ու դա մեր փոխարեն ոչ ոք չի անի», – հայտարարել է Օսիպյանը։
Նախագահի պաշտոնի համար, բացի նախկին վարչապետ և Ազգային ժողովում ամենամեծ խմբակցությունն ունեցող «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի, առաջադրվել են Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար և Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Արցախի հերոս և Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Պաշտոնին հավակնում է նաև Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր Հայկ Խանումյանը, «Անկախության սերունդ» կուսակցության ղեկավար Ռուսլան Իսրայելյանը։
Նիկոլ Փաշինյանը որևէ գործչի կամ կուսակցության բացահայտ հրապարակային աջակցություն չի հայտնել։ Նա հանդիպել էր Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ, կարևորել «Արցախում առաջիկա ընտրությունների ազատ և թափանցիկ կազմակերպումը»։ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև նախագահի պաշտոնին առաջադրված թեկնածուներից Արայիկ Հարությունյանի, Աշոտ Ղուլյանի և Մասիս Մայիլյանի հետ։