Ղարաբաղի ընդդիմադիրների՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի սպասվող նախագահական ընտրություններին չմասնակցելու պահանջին ավելացել է նաև վերջինիս կողմից «խաղեր չխաղալու» պահանջը։ «Արցախի հեղափոխական կուսակցության» նախագահ Արթուր Օսիպյանի խոսքով՝ իրենց դեմ սադրանքները շարունակվում են։
Նա նաև պաշտոնական Երևանի ուշադրությունն է հրավիրում, որովհետև հայաստանյան իշխանությունները մաքուր ընտրություններ էին խոստացել, սակայն, ասում է Օսիպյանը, այսպիսի կեղտոտ գործընթացներ դեռ չեն եղել․ «Բան չունեմ ասելու, ազատություն էլ կա՝ թավշյա հեղափոխության շնորհիվ, բայց էն կեղտոտությունը, էն սադրանքները, որոնց հիմա են դիմում, դեռ չեն եղել»։
Վերջերս Ստեփանակերտում մի շարք բողոքի ակցիաներ կազմակերպվեցին, որոնց մասնակիցները, սակայն, բերման էին ենթարկվում, հետո՝ ազատ արձակվում։ Ընդդիմադիրները հրաժարականներ և արդար ընտրություններ անցկացնելու պահանջ են ներկայացնում։
Ֆեյսբուքի էջում հրապարակված տեսանյությում Օսիպյանը կոչ է անում Արայիկ Հարությունյանին կարգի հրավիրել իր կողմից ուղղորդվող ու սադրանքների դիմող երիտասարդներին․ «Մենք շատ լավ պատկերացնում ենք՝ Ղարաբաղի քաղաքականությունն ու փողոցային կռիվները իրար մոտ երևույթներ են։ Դա՛ է ձեր վարած քաղաքականությունը։
Մենք փողոցային կռիվներից հեռու ենք ու ուզում ենք՝ չլինեն այդպիսի բաներ։ Բայց դուք շարունակում եք ձեր կեղտոտ խաղերը։ Ինչքան էլ արյունը եռող տղերք կան, ուզում են կռված լինեն, թող չգան ոստիկանության դեմը դա անեն ու էն վախտ, որ սաղ ուժայինները մեր վրայից աչքները չեն քաշում, գալիս են էդ վախտ էդ ուժեղ տղերքը, կռի՞վ են ուզում անեն»։
Տվյալ անձինք, ըստ նրա, նաև իրենց գրասենյակի մոտ են հավաքվում, և եթե նախկին վարչապետի աջակիցները սադրանքի դիմեն, ստիպված «բոլորի քթներից բերելու են, այդ թվում՝ Հարությունյանի»։
«Մեզ համբերությունից մի հանեք։ Եթե գիտեք, թե պոտենցիալ ունեք, որ կարաք փողոցային ռազբորկաներում մեզ հետ հարց լուծեք, դա մեզ չի կանգնեցնելու։ Դուք դրանով ձեզ համար ավելի վատ եք անելու։ Ձեզ խելոք պահեք, մենք ճիշտ ենք ու մենք չենք կանգնելու։ Ծեծուջարդով մեզ չեք կանգնեցնելու։
Իշխանությո՛ւն, Բակո Սահակյան, սա մենակ Արայիկ Հարությունյանի ձեռքի գործը չի, տակով ձեր գործը գնում ա․․․»։ Օսիպյանը հիշեց, որ դեռ մի քանի տարի առաջ այդ «լավ տղերքն» իրենց «ռազբորկաների» էին հրավիրում, իսկ զրույցի կեսից «թղթով» ոստիկան դառնում․ «Ինչքան կարում են՝ տղավարի են ձգում, ինչքան չեն կարողանում՝ սկսում են ոստիկանի վարիանտով ձգել»։
«Ուրեմն, մենք դուրս ենք գալու, մեր պահանջը շարունակվելու է, մեր ամեն մի բառի համար պատասխան ենք տալու։ Էն, որ դուք թալանչի եք, դրա պատասխանն էլ ենք տալիս, որ կոռուպցիոներ եք, դրա պատասխանն էլ ենք տալու։ Փաստերով ենք խոսալու ձեր հետ։ Շատ լավ գիտենք, թե դուք ով եք։
Դեմք եք ընդունում՝ ժպտերես, տենց վրոդե բարի մարդ եք, բայց տակով կեղտը կեղտը հետևից։
Մենք ինչ որ անելու ենք, անելու ենք օրենքի մեջ։ Բացի դրանից, ամենակարևորը՝ մենք դա անելու ենք բարոյական օրենքների մեջ, որովհետև մեկ֊մեկ ձեր գրած օրենքները որ կարդում եմ, ասում եմ՝ էս ո՞ւմ համար են գրել էս հավայի֊մավայի բաները»։
Օսիպյանը խոսքով՝ իրենց ծրագիրը չի սահմանափակվում բարձրաձայնված պահանջներով, ու առաջիկայում իրենք ժողովրդին կներկայացնեն անելիքները․ «Ահագին գործեր կան անելու»։
Մարտի 31-ին Ղարաբաղում նոր Սահմանադրությամբ առաջին անգամ համընդհանուր ընտրություններ կանցկացվեն՝ նախագահական և Ազգային ժողովի։
Արցախի պետական համալսարանի նախկին դասախոս Արթուր Օսիպյանը գլխավորում է «Արցախի հեղափոխական կուսակցության» 17 հոգանոց ցուցակը։ Կուսակցությունն, սակայն, նախագահի թեկնածու չունի։