Երեկ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտարարել էր, որ որոշ իրավապաշտպաններով առաջիկայում կզբաղվեն իրավապահները։ Ավելի ուշ պատասխան հայտարարությամբ հանդես է եկել «Human Rights House» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը․
«ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը 2020 թվականի փետրվարի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով լրագրողներից մեկի այն հարցին, թե «իրավապաշտպանների պնդմամբ, քրեական մշակույթի ենթատարրերը հենց հրամանատարական կազմի մեջ է պետք փնտրել»՝ նկատի ունենալով վերջին ժամանակներում ՀՀ զինված ուժերում զինծառայողների՝ խաղաղ պայմաններում հաճախացած մահվան դեպքերը, իր պատասխանում թույլ է տվել իրավապաշտպանի կոչումն ու առաքելությունը վարկաբեկող արտահայտություններ։
Փոխնախարարը, մասնավորապես, նշել է, որ «այդ իրավապաշտպաններին» համարում է «չակերտավոր իրավապաշտպաններ», որոնք, փոխնախարարի բնորոշմամբ, «քայքայիչ գործունեություն են իրականացնում»։ Նա իրավապաշտպաններից ոմանց մեղադրել է զոհված զինծառայողների հարազատներին «որոշակի գործողությունների դիմելուն հրահրելու» մեջ։
Վերջում՝ մեր գնահատմամբ ակնհայտ սպառնալիք հնչեցնելով իրավապաշտպանների հասցեին՝ փոխնախարարը կարծիք է հայտնել, թե «շուտով իրավապահ մարմինները կսկսեն զբաղվել այդ դեպքերով»՝ իրավապաշտպաններին, ի թիվս այլնի, մեղադրելով ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու մեջ։
Մարդու իրավունքների տուն Երևանը՝
- կարևորելով հատկապես զինված ուժերում հանրային վերահսկողության անհրաժեշտությունը,
- կարևորելով իրավապաշտպանների գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու և նրանց հանրային աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը,
- նկատի ունենալով իրավապաշտպանների կարևոր դերը մարդու իրավունքների պաշտպանության ու հարգման, իրավունքի գերակայության ապահովման և ժողովրդավարության հաստատման գործում,
- ղեկավարվելով իրավապաշտպանների պաշտպանության ու աջակցության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով,
խստորեն դատապարտում է իրավապաշտպանների թիրախավորումը, նրանց վարկաբեկումն ու սպառնալիքները՝ ՀՀ պետական իշխանության մարմիններին ու պաշտոնատար անձանց կոչ անելով․
- ձեռնպահ մնալ իրավապաշտպաններին վարկաբեկող, նրանց թիրախավորող արտահայտություններից ու գործողություններից, ինչպես նաև քրեական պատասխանատվության կանչելու սպառնալիքներից,
- ՀՀ պաշտպանության նախարարին՝ քննարկել ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանի վարքը, հիմքերի առկայության դեպքում՝ ենթարկել կարգապահական պատասխանատվության,
- ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանին՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել իրավապաշտպաններին վարկաբեկելու, նրանց սպառնալու համար, իր հետագա հանրային գործունեության մեջ ձեռնպահ մնալ նման գործելաոճից ու բառամթերքից,
- ՀՀ պաշտպանության նախարարին՝ ձեռնարկել միջոցներ բանակում հանրային վերահսկողության ուժեղացման ուղղությամբ՝ այդ գործընթացում առավել ակտիվորեն ներառելով նաև իրավապաշտպաններին»։