Որոշ իրավապաշտպաններով առաջիկայում կզբաղվեն իրավապահները: Ես այդ իրավապաշտպաններին համարում եմ չակերտավոր իրավապաշտպաններ: Ես անգամ ունեմ տեղեկություն, որ այդ իրավապաշտպանները կոնկրետ քայքայիչ գործունեություն են իրականացնում: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նրա խոսքերն Epress.am֊ի հետ զրույցում մեկնաբանեց իրավապաշտխան Նինա Կարապետյանցը, նշելով, որ երբ իրավապահները չեն զբաղվում բանակում տեղի ունեցող դեպքերի մեղավորներով, ստիպված այլ վայրերում են նրանց փնտրում։
«Իմ պատկերացմամբ՝ նրանցից մի քանիսի մոտ հրճվանք է առաջացնում ամեն ողբերգական դեպք: Փորձում են գնալ, տեղում հրահրել հարազատներին՝ որոշակի գործողություններ իրականացնելու համար: Դռնից հանում են, լուսամուտից են փորձում մտնել, լուսամուտից հանում են, դռնից են փորձում մտնել:
Ես կարծում եմ՝ շուտով իրավապահ մարմինները կսկսեն զբաղվել այդ դեպքերով, որովհետև վիշտ ունեցող մարդու վիշտը նորից փորձում են խորացնել, տարբեր պատմություններ հորինել, ակնհայտ սուտ տեղեկություններ են սկսել տարածել արդեն, այդ թվում՝ փաստաբանի լիցենզիայով չակերտավոր իրավապաշտպանները», ֊ հայտարարել է Բալայանը։ Նա լրագրողներին խորհուրդ տվեց հարցնել իրավապաշտպաններին․ «Ասեք՝ ինչի՞ եք էդքան հրճվում, երբ մահվան դեպք է արձանագրվում: Ես անուններ չեմ տա, շատ լավ գիտեք, թե ում մասին է խոսքը»։
Հարցին, թե դա իր կարծիքն է, թե՞ նախարարության, նա պատասխանեց՝ այն տեղեկատվության վերլուծության արդյունքն է, որն իրենք ունեն: «Վերջին դեպքերով մի քանի տուն գնացել են, զանգահարել են, անգամ արտասահմանում գտնվելու ժամանակ չգիտեմ` ոնց են հարազատների հեռախոսահամարները ճարել, ասում են՝ հեսա գալիս ենք, ձեր կողքին ենք, փորձում են ֆինանսական միջոցներից խոսել:
Այն իրավապահ մարմինը, որի գործառույթն է դա, կզբաղվի, կպարզի՝ ով է ֆինանսավորում, ինչի համար է ֆինանսավորում: Ես ենթադրում եմ, որ նրանք փող են ստանում ամեն դեպքով զբաղվելու համար, դրա համար հրճվում են ամեն դեպքից», – հավելեց Բալայանը:
«Բնական եմ համարում փոխնախարարի ասածը, որովհետև երբ իրավապահները չեն զբաղվում Պաշտպանության նախարարությունում կամ բանակում տեղի ունեցող իրադարձություններում իրականում մեղավորներով, պիտի գտնեն այլ մեղավորներ, փնտրելով այլ վայրերում՝ դեպքերի հետ կապ չունեցող մարդկանց մեջ։
Չեմ զարմանում։ Բոլոր իշխանությունների ժամանակ չփոխված կադրերը, հանցավոր ռեժիմին ծառայած կադրերը միշտ փնտրել ու գտել են իրավապաշտպաններին», ֊ Epress.am-ի հետ զրույցում փոխնախարար Բալայանի խոսքերին արձագանքեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը։
«Որևէ բարոյական մարդ չի կարող հրճվել մահվան դեպքերով։ Ասեմ ավելին, գտնում եմ, որ որոշ մարմիններ ավելի շատ են հրճվում, որովհետև դա սարքել են բիզնեսի, փող աշխատելու տարբերակ, որովհետև գործերը չբացահայտելու, մեղավորներին չպատժելու այլ բացատրություն չկա։ Թող մեղավորների փնտրեն սպանությունները չբացահայտող իրավապահների կամ հանցագործներին մինչև հիմա պաշտոններում պահած մարդկանց մեջ։
Դրանից ավել բանի իրենք ունակ չեն։ Իրենք ունակ չեն փոփոխությունների, իրենք ունակ չեն հեղափոխությունը իր տրամաբանական ավարտին հասցնելուն։ Իրենց միակ տարբերակը իրավապաշտպանների բերանները փակելն է», ֊ հավելեց զրուցակիցը։