հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Վահրամ Ավագյանի մահվան գործով պատժվել են զորամասի սպաները

Վահրամ Ավագյանի մահվան գործով պատժվել են զորամասի սպաները

Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան  գործի շրջանակներում խիստ կարգապահական տույժերի են ենթարկվել զորամասի հրամանատարն ու նրա տեղակալները, իսկ որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել է պաշտոնի իջեցում:

Դեպքի հանգամանքները պարզելու համար բանակի հրամանատարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից անց է կացվել ծառայողական քննություն:

Քննության արդյունքներով որոշում է կայացվել մի շարք ավագ սպաների, այդ թվում՝ զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալին և դիվիզիոնի հրամանատարին զորացրել զինված ուժերի շարքերից:

ՊՆ֊ն հավելում է, որ հետաքննությունը շարունակվում է, և տույժի ենթարկված տվյալ պաշտոնատար անձիք այդքանով հանդերձ չեն ազատվում հետագա հնարավոր քրեական պատասխանատվությունից:

Հիշեցնենք նաև, որ դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դ. Մ.-ին, Խ.Գ.-ին և Ա.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ավելի վաղ նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։