Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց սպանդանոցների վերաբերյալ որոշումը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ճշգրտումներ են կատարվում գործող աջակցության ծրագրերում․
«Մենք առաջարկել ենք փոփոխություններ կատարել ֆինանսական վարձակալության մասին կառավարության ընդունած որոշման մեջ, որը նախատեսում է, որ այդ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են մինչև 8 տարի ժամկետով 11 տոկոս տոկոսադրույքով ֆինանսավորվելու դեպքում 7 տոկոսի չափով սուբսիդավորվել կառավարության կողմից հատկացվող աջակցության միջոցներից և իրականացնել երեք տիպի գործունեություն․
- շարժական սպանդանոցների ֆինանսավորում,
- միս տեղափոխող մեքենաների համար ֆինանսավորում,
- մոդուլային սպանդանոցների ֆինանսավորում»։
Խաչատրյանը նշեց, որ կան ևս երկու աջակցության գործիքներ, որ կարող են օգտագործել այս գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները, այն է՝ շենքերի կառուցման համար օգտվել մինչև 15 մլն դրամ ֆինանսավորմամբ գյուղատնտեսական նպատակով գործունեության առանձին վարկային աջակցությունից, իսկ կենդանիների տեղափոխման համար` ավտոտրանսպորտային կամ տեխնիկական միջոցների ֆինանսավորման համար է նախատեսված գործիքից։
Էկոնոմիկայի նախարարությունը նաև կողմնորոշիչ քարտեզ է ձևավորել, թե որտեղ հաջորդ վեց ամիսների ընթացքում կարող է առաջանալ սպանդանոցներ ունենալու պահանջարկ, այսինքն այն տեղերը, որտեղ սպանդանոցների հագեցվածությունը և հասանելիությունը առավել ցածր է և, նոր սպանդանոցներ հիմնելով, տնտեսվարող սուբյեկտը կարող է ակնկալել, որ իր կատարած ներդրումները կապահովվեն համապատասխան ծառայությունների ծավալով։
Նախարարը նշում է, որ «Հանրապետությունում ներկայում կառուցված են 38 սպանդանոցներ, որոնցից 20-ը կարելի է ասել՝ ներտնտեսային նպատակով գործողներ են: Խոշոր ֆերմերային տնտեսությունները գերադասում են ունենալ իրենց սպանդանոցները, մնացած 18-ը հանրապետության տարբեր մարզերում ծառայություններ են մատուցում երրորդ անձանց:
Ներկայում կառուցվում են ևս 24 նոր սպանդանոցներ, որոնք ծառայություններ են մատուցելու երրորդ անձանց: Եվ երբ մենք մոտավոր քարտեզ էինք փորձում ձևավորել, ապա 36 նոր կառուցվող սպանդանոցներ կարող են լինել հաջորդ ամիսների ընթացքում, 24-ը կառուցման ընթացքում են արդեն, և այդ 24-ից 12-ն արդեն համընկնում են այդ 36-ի տեղակայմանը: Այսինքն՝ կան ևս 24 կետեր, եթե մեկը ցանկանում է հիմնել սպանդանոց, ապա հաջորդ ամիսները հենց դրա համար են»։
Անձը այս ծրագրերից օգտվելու համար նախ պետք է դիմի Սննդի անվտանգության տեսչական մարմին՝ ներակյացնելով հողի սեփականության վկայականը, հետո պետք է դիմի Էկոնոմիկայի նախարարություն՝ հայտ ներկայացնելով, որ ուզում է օգտվել ծրագրերից: Նախարարությունը տալու է վարկային բաղադրիչից օգտվելու թույլտվություն, ինչը նշանակում է, որ երբ սկսվի ֆինանսավորումը, կառավարությունը 11 տոկոս տոկոսադրույքով վարկի 7 տոկոսը սուբսիդավորելու է: Եթե անձն ունի բոլոր փաստաթղթերը և իր վարկունակությունը բավարար է, ոչ մի խնդիր չի լինի վարկավորման համար: