Home / Համայնքներ / Ո՞վ հաշվարկեց, թե ես ինչքան եմ տանջվում․ Սպանդանոցների դեմ բողոքը Արարատում և Արմավիրում

Ո՞վ հաշվարկեց, թե ես ինչքան եմ տանջվում․ Սպանդանոցների դեմ բողոքը Արարատում և Արմավիրում

Ինչպես նախօրեին խոստացել էին կառավարության մոտ հավաքված մսագործները, հունվարի 21-ին ի նշան պարտադիր սպանդանոցային մորթի դեմ բողոքի ֆերմերները փորձում էին փակել Արմավիր-Երևան ճանապարհը։ Ժամանած ոստիկանները թույլ չտվեցին դա անել, ցուցարարների և ուժայինների միջև հրմշտոց սկսվեց։

Գյուղացիները լրագրողներին ևս մեկ անգամ պատմեցին, որ պարտադիր սպանդանոցային մորթը իրենց զրկում է եկամուտից։ «Կոնկրետ իմ գյուղից Էջմիածնի բոյնին 50 կմ հեռու ա, մարդ կա մի հատ անասուն ունի, էդ մի հատի համար հո չի՞ գնալու էնտեղ»։ Խոսում էին նաև կենդանիների սթրեսի մասին․ սպանդանոց տանելու ճանապարհին նրանք սթրեսից 4 կիլոգրամ քաշ են կորցնում։

Ինչպես նախորդ բողոքի ցույցերի ժամանակ, հիմա էլ մսագործները ընգծում էին, որ լոյալ են հեղափոխական կառավարաության և ոստիկանության հանդեպ, որ իրենցից շատերը 2018-ի զանգվածային անհնազանդության ակտիվ մասնակիցներից էին, սակայն չեն ուզում, որ «չոբանի փայտը վերցնեն գյուղացու ձեռքից»։

Խոսելով սպանդանոցների գներից՝ գյուղացիներից մեկը բարկանում էր․ «Էդ գները ո՞վ ա դրել, ո՞վ հաշվարկեց, թե ես ինչքան եմ տանջվում։ Նստել են հով տեղը, մտածում են գյուղացու մասին։ Տո դուք ո՞վ եք, որ գյուղացու մասին մտածեք։ Եկեք մի օր արևի տակը քաղհան արեք, մի հատ վազի տավարի կերը տուր, վազի ջուրը տուր, տավարը մի հատ էլ խփի մեջքիդ, որ իմանաս՝ ոնց են պահում էդ տավարը, էդ տավարը հենց էնպես չի դառնում 200 կիլոյանոց»։

Ֆերմերների մեկ այլ խումբ մայրուղի էր փակել Արարատի մարզում։ Նրանց հետ հանդիպման եկավ մարզպետ Գարիկ Սարգսյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

Գյուղացիներից մեկը հարցնում էր մարզպետին, թե արդյոք նա «եթերներով չէ՞ր տեսնում», որ նման խնդիր կա։ Մարզպետը պնդում էր, որ խնդիրը երկկողմանի է․ այն, որ մորթը պետք է ցիվիլ ձևով կազմակերպվի և որ ժողովուրդը դժգոհում է․ «Սանիտարահիգիենիկ պայմաններ կան, որ պետք է պահվեն, էսօր նենց կադրեր են ցույց տալիս, որ տեսնում եք, թե ոնց է մորթն իրականացվում։ Ես չեմ ուզում հավատամ, որ մեր մոտ էլ է էդպես արվում, բայց պիտի գնանք էս ճանապարհով»։

«Գյուղացին երբեք համաձայն չի էդ ցիվիլ ձևին», – պնդում էին ցուցարարները։

Գյուղացիններից ևս մեկը․ «Առաջին հերթին թող Պարսկաստանից, դրսից նեխած մսեր չբերեն ժողովրդի վրա հազար դրամով ծախեն, թարմ միսը տան պարսիկներին»։ Նա պնդում է, որ նախ կառավարությունը պետք է սպանդանոցներ կառուցի, ապա նոր մտածի օրենքի նախագծի մասին։ Գյուղացիները բողոքում են, որ մինչև օրենքի ընդունելը իրենց հետ ոչ մեկ չի հանդիպել, չի քննարկել այդ նախագիծը։

Գյուղացիների հետ հանդիպման եկած պատգամավոր Բաքոյանը նշեց, որ երեկ ինքը խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ այսօր ժամը չորսին ԱԺ-ում սպանդանոցներին վերաբերող քննարկում է լինելու։ Առաջարկել է հանդիպել մարզպետարանում ժամը վեցին և քննարկել գյուղացիների առաջարկներն ու բողոքները։

Չնայած, որ գյուղացիները չէին հավատում, որ ինչ-որ փոփոխություններ կլինեն, այնուամենայնիվ, համաձայնեցին հանդիպել։

Հիշեցնենք, որ հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։