Անասնապահությամբ, մսի իրացմամբ զբաղվող տասնյակ տղամարդիկ Հայաստանի տարբեր մասերից հունվարի 20-ին կրկին եկել էին կառավարության շենքի մոտ։ Նրանց բողոքը սպանդանոցային պարտադիր մորթի դեմ է։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հունվարի 15-ից անցել է պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության, արգելել բակային մորթը։ Բողոքող գյուղացիները նախ պնդում էին, որ հանրապետությունում բավարար չափով սպանդանոցներ չկան, եթե լինեն էլ, նրանք դեմ են ընդհանրապես սպանդանոցային մորթին, քանի որ, պնդում են, այն իրենց վրա շատ թանկ է նստելու։
«Պարոն Փաշինյան, նախարարներիդ հանի, թող գյուղերում ման գան, շփվեն գյուղացու հետ, տեսնեն գյուղացու աշխատանքը», – հորդորում էր բողոքողներից մեկը։
Տեսչական մարմինից պնդում են՝ սպանդանոցների հետ հուշագիր են ստորագրել, որով վերջիններս պարտավորվել են 3 գլուխ կենդանուց ոչ պակաս թվաքանակը տեղափոխել մինչև 30 կիլոմետրը անվճար: Բողոքող ֆերմերները պնդում են՝ տեսչությունը հայտարարում է, իսկ սպանդանոցները հրաժարվում են անվճար տեղափոխել իրենց անասուններին։
Կառավարության բակում հավաքված մարդիկ մի պահ փակեցին Տիգրան Մեծ պողոտան, հետո որոշեցին՝ պետք է մյուս օրը «գռուզավիկներով և ժիգուլիներով» փակեն իրենց բնակավայրերից դեպի քաղաք եկող բոլոր ճանապարհները։ «Մի քանի հոգի ուղարկեք մարզերը, թող մի հատ գյուղացիքի կարծիքը հլա հարցնեն, եթե գյուղացիքի 5 տոկոսը դաժե կուզեն սպանդանոց, թող սարքեն», – ասաց բակային մորթի կողմնակիցներից մեկ ուրիշը:
Ցուցարարների մի մասը պնդում է, որ բավականաչափ սպանդանոցներ չկան, իսկ մյուս մասն էլ դեմ է արտահայտվում սպանդանոցներին ընդհանրապես։ Լրագրողի այն պնդմանը, որ ըստ տեսչական մարմնի, գյուղացիներն ու ֆերմերները արդեն մեկ ու կես տարի է տեղյակ են, որ սպանդանոցային մորթը պարտադիր է դառնալու, քաղաքացիներից մեկը հակադարձեց․ «Բանկերը երբ որ ծրագիր էին կազմում, թող ասեին, որ ֆերման պարտադիր պետք է ունենա սպանդանոց», իսկ մյուսը պնդեց, որ «գործող սպանդանոցները օլիգարխների ձեռքերում են»։
Ակցիայի մասնակիցները նաև նեղսրտել էին «Արմքոմեդիի» հաղորդավարներից, ովքեր որ հաղորդման ժամանակ ծաղրել են ակցիայի մասնակիցներին։
«Զինվո՞ր եք ուզում, զինվորը պիտի առողջ միս ուտի, զինվորը պիտի սնվի», «մարդիկ այսօր միլիոններով վարկ ունեն պետությանը։ Ինքը չի կարողանա ժամանակին միսն իրացնի, որ կարողանա էդ բանկի հարցերը լուծի», – ասում էին գյուղացիները։
Տեսչական մարմինն արդեն հայտարարել է, որ հետքայլ չի անելու, սպանդանոցային մորթը պարտադիր է լինելու մսի իրացման շուկայում և այսօր տեսանյութ և լուսանկարներ է ուղարկել լրատվամիջոցներին՝ ի ապացույց, որ սպանդանոցային մորթի անցման պարտադիր պայմանը նաև սանիտարահիգիենիկ խնդիրների կարգավորմանն է ուղղված: