Կառավարության մոտ հավաքված անասնապահները բողոքի ցույց են անում գործադիրի որոշման դեմ, համաձայն որի սպանդանոցում մորթի սերտիֆիկատ չունեցող միսը կհանվի շրջանառությունից։ Բակային մորթը կթույլատրվի միայն կրոնական ծեսերի եւ անձնական օգտագործման համար։ Նոր պահանջների խախտման համար կսահմանվեն պատժամիջոցներ։
Անասնապահները դժգոհ են․ կառավարությունը, ըստ նրանց, ստիպում է մորթն անել սպանդանոցներում, բայց դրա համար անհրաժեշտ պայմաններ չի ապահովում։
Եթե որոշումը չչեղարկվի, անասնապահները սպառնում են դադարեցնել և՛ մորթը, և՛ մսի մատակարարումը Երևան։ «Իրենք հաշվե՞լ են, թե գյուղացու վրա ինչքան է նստում մորթը։ 8 հազար կամ ավել․․․ Մենակ մորթը, տեղափոխումը չհաշված», – ասել է գյուղացիներից մեկը։
Տեղափոխումը, ըստ նրա, առանձին ծախս է․ «300-600 կիլոյանոց կենդանուն ո՞նց տեղափոխենք։ Թող մեզ հնարավորություն տան, որ մենք ունենանք փոքր սպանդանոցներ։ Բժիշկը կստուգի, նոր միսը կտեղափոխենք խանութներ, շուկաներ»։
Ըստ ցուցարարների, պաշտոնյաները լավ չեն պատկերացնում նոր կարգավորման հետևանքները, գյուղեր չեն այցելում, քաղաքում նստած որոշումներ են կայացնում։ Սպանդանոցներում մորթելու պահանջը դժվար իրագործելի է ոչ միայն ֆինանսական, այլև տեխնիկական պատճառներով․ «Ութը հոգով, տասը հոգով չենք կարողանում անասունին բռնենք, տեղում մորթենք։ Դրան ո՞վ ա գժվել բռնի, տանի, բարձի զիլը։ Ո՞վ ա իրա կյանքը վտանգելու։ Հիմա ես էդ սիրուն օրենքը գրող տղուն ասում եմ՝ արի, տանեմ մի հատիկ անասուն ցույց տամ, ձեր սաղ անձնակազմով եթե կարողանաք էդ ցուլիկին տանեք բոյնի, մորթեք՝ վաղվանից էս օրենքը թող գործի»:
Ցուցարարների հետ հանդիպեց Սննդի անվտանգության պետական տեսչության ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ով խոստացավ, որ բարձրացված խնդիրները կքննարկվեն Կառավարությունում։ Քննարկումից հետո հանդես կգան առաջարկություններով։
Անասնապահները համաձայնեցին սպասել մինչև առավոտյան ժամը տասը։ Եթե Կառավարությունը հարցին լուծում չտա, բողոքի ակցիաները կշարունակվեն: