հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / «Վաղն իմ տղան էլ պիտի գնա բանակ» ֊ քննարկում

«Վաղն իմ տղան էլ պիտի գնա բանակ» ֊ քննարկում

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը վիրավորանք է համարում հանրության հասցեին հնչող՝ կրիմինալ բարքերի հետ կապված մեղադրանքները բանակում ստեղծված իրավիճակի ներքո։

«Այն, որ կրիմինալ բարքերը բարդվեցին բացառապես հանրության վրա, դա անձնական վիրավորանք ա մեզնից յուրաքանչյուրի համար։ Ես իմ երեխային չեմ դաստիարակում կրիմինալ բարքերով և համոզված եմ, որ շատ ու շատ ծանոթներ ու անծանոթներ էդպես չեն անում։

Ես չեմ հավատում, որ 18 տարեկանին կարող ես դաստիարակել այնպես, որ գնա ու բանակում իր բարքերը տարածի։ Նշանակում է, որ այդ կրիմինալ բարքերը կրում են հենց «աֆիցերները», որոնց ձեռնտու են էդ բարքերը։

Վեկտորները սխալմամբ ուղղվում են հանրության վրա, սակայն իրականում ներսում չեն կարողանում կառավարել այդ խնդիրները», – ասել է նա խաղաղ պայմաններում հայկական բանակում մահվան դեպքերի և դրանց պատճառների վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ։

Նա վստահ է, որ քրեական գործերը չեն բացահայտվելու․ «Թո՛ղ ազնիվ լինեն, ձեռքները դնենք խղճին, եթե խիղճ ունեն, ու ասեն՝ էդ գործերից քանի՞ հատն ա բացահայտվել։ Ոչ մեկն էլ չի՛ բացահայտվել ու չի՛ բացահայտվելու, որովհետև էն քննիչը, որ ժամանակին կոծկել ա էդ գործերը, հիմա ավելի շատ զվյոզդըչկա ունի իրա պագոնների վրա [ուսադիրների վրա աստղեր] ու ավելի բարձր պաշտոն ա զբաղեցնում։

Չգիտեմ՝ ով պետք ա լինի էդ քննիչը, որ կարողանա իրա վերադասի վերաբերյալ քրեական գործ հարուցի։ Եթե տենց քննիչ գտնենք, կարանք իրան մի հատ գեներալի պագոն նվիրենք ու դնենք քննչականի պետ»։

Իրավապաշտպանները վրդովմունք հայտնեցին, որ վարչապետն այս խնդիրների մասին դեռ չի խոսել գործերով զբաղվող իրավապաշտպանների հետ։ Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ տեղաշարժ կլինի այն ժամանակ, երբ ձևավորվի անկախ վերահսկողական խումբ, որը կհետևի պաշտպանության նախարարության, Ռազմական ոստիկանության և այլ կառույցների աշխատանքներին։

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետ Պերճ Այվազյանը լրատվամիջոցներին և քննարկման մասնակիցներին երկար ողջունելուց հետո հակադարձեց իրավապաշտպաններին՝ ասելով, որ փորձ է արվում բանակն ու հասարակությունն առանձնացնել միմյանցից։

Նշենք, որ այսօր ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտնեց կառավարությունում կայացած այս տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննարկման մասին՝ մասնավորապես, նշելով․ «Կայացվեցին մի շարք կարեւոր, այդ թվում կադրային որոշումներ: Այս ֆոնին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել: Եվ մեր խնդիրն է այս դինամիկան պահպանել: Սրա համար, սակայն, կարևոր եմ համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը: Չկա բանակ-հասարակություն բաժանում: Մենք մեկ մարմին ենք, մեկ ընտանիք, մեկ օրգանիզմ: Եվ մենք կհաղթենք»։

«Նույն զինվորները, այդ թվում նաև սպաները, հասարակության մշակույթի կրողներն են։ Արդյոք սպային վատ դաստիարակություն են տվել։ Նույն սպան էլ ընտանիքից է դուրս եկել և որևէ այլ ազգի ներկայացուցիչ չի, նույն մեր հայ ազգի ներկայացուցիչն է։ Նման տարանջատում դնել և ասել, որ միայն սպաների հետ ա կապված՝ ո՛չ», – լրագրողների հետ հանդիպմանն ասել է Պերճ Այվազյանը։

Նա վստահեցրել է, որ քրեական գործերը չեն կոծկվում և փորձել վիճակագրական տվյալներ բերել․ «2016-2020 թվականների ընթացքում արձանագրված ինքնասպանությունների վերլուծություն է կատարվել կոնկրետ իմ վարչությունում․ գրանցված դեպքերի 19,1 տոկոսը ուղարկվել են դատարան՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար։ Նույն թվաքանակով էլ կասեցվել են վարույթները, մի քիչ ավելի շատ են կարճված գործերը։ Եվ այս ամենի հետ պնդել, թե զրո արդյու՞նք․ թույլ տվեք չհամաձայնել ձեզ հետ»։

Նինա Կարապետյանցը հակադարձեց․ «Եթե ես լինեի վարչապետ, ու ինձ պարոն Այվազյանը զեկուցեր, մտածելու էի, թե իրավապաշտպանները սրիկա են, էս գյոզալ մարդիկ իրենց պատերին տալով գիշեր֊ցերեկ աշխատում են, պադումայեշ՝ մի երկու զինվոր ա մեռել, խախանդվեք, վեր ընգեք տեղներդ։

Մի անգամ կանչեք իրավապաշտպաններին, մենք կգանք, մեր կոնկրետ քրեական գործերով ու կծեփենք պատերին ու կփռենք ասֆալտին բոլոր էն դատախազներին ու քննինչներին, ովքեր, ըստ ձեզ, նորմալ աշխատում են։

Դուք նստում եք ձեր կաբինետներում, էդ ծնողների աչքերի մեջ չեք նայում, ձեզ շատ հարմար ա, կոմֆորտ զոնայի մեջ եք՝ պատգամավորնե՛րն էլ, կառավարությո՛ւնն էլ, քննչական կոմիտե՛ն էլ, դատախազությո՛ւնն էլ, ռազմական ոստիկանությո՛ւնն էլ․․․ »։

Այվազյանը նշեց, որ իրենից շատ ոչ մեկ «ծնողների աչքերին նայած չունի», նույնիսկ այսօր առավոտյան էլ է մի ծնողի հրավիրել, խոսել է հետը։

Նա խորհուրդ տվեց Կարապետյանցին «կառավարել էմոցիաները, չգնալ այլ ոլորտ և գնահատականներ չտալ քննիչների աշխատանքներին կամ անձնական, բարոյական որակներին»։ Այնուհետև հորդորեց, փաստեր ունենալու դեպքում, հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնել։

Իրավապաշտպանները վստահ չէին, թե որևէ տեղ հաղորդում ներկայացնելն արդյունավետ կլինի։ «Ու՞մ ներկայացնենք։ Երանի գլխավոր դատախազ լիներ, ով կլսեր էդ գործերը, երանի դատարան լիներ, որտեղ կարող էինք բողոքարկել․․․», ֊ նկատեց Կարապետյանցը։

Ինչ֊որ պահի Այվազյանն սկսեց համաձայնել, որ խնդիրներ իրոք կան, սակայն, այնուամենայնիվ, «ծայրահեղացնել դրանք և տանել այլ դաշտ չի կարելի»։

Իրավապաշտպաններին վրդովեցրեց պաշտոնյայի կողմից անընդհատ վիճակագրական տվյալների ներկայացումը։

«Եթե խոսքը գնար կարտոֆիլի, պոմիդորի մասին, ծայրահեղացնելու կարիք գուցե և չէր լինի, բայց խոսքը մեր երեխեքի մասին է։

Ինձ ձեր վիճակագրական տվյալները չեն հետաքրքրում, որովհետև բացահայտումների թիվը տալիս են 90 և ավել տոկոսներ, բայց իրականում չկան էդ բացահայտումները, որովհետև իրական մեղավորները չեն պատժվում։

Այո, ես էմոցիոնալ եմ, որովհետև հասկանում եմ, որ վաղը իմ տղան էլ պիտի գնա բանակ։ Ընդունե՛ք ձեր մեղքի բաժինը, ամեն ինչ մի գցեք զինվորի ու հանրության վրա», – ասաց Կարապետյանցը։

Ալեքսանյանն, իր հերթին, նկատեց․ «Վահե Հարությունյանին ո՞վ է ճանաչում որպես զինվորական դատախազ, մենք չենք տեսել նրան զինվորի մահվան դեպքով դեպքի վայր գնալիս, զորամաս գնալիս, մենք չենք տեսել զինվորական դատախազից որևէ արձագանք մեր բողոքներին, իսկ այսօր տեսա, որ գլխավոր դատախազը ինչ֊որ թվեր է ներկայացնում։ Թվերով չի, դրանք մարդկային կյանքեր են»։

Նինա Կարապետյանցն, անդրադառնալով վարչապետի՝ բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմումի մասին գրառմանը, նշեց, որ հիշատակված «դրական դինամիկան» կարևոր չէ, կարևոր է՝ բանակում զոհեր չլինեն, որ խաղաղ պայմաններում սպանված, ինքնասպանված զինվորներ չլինեն։

Այվազյանն ընդունեց, որ իրե՛նք էլ թերացումներ ունեն, սակայն հավելեց՝ հաճախ խնդիրը նաև չստացված միջգերատեսչական կապն է։ Ինքը կցանկանար, որ այս քննարկմանը ներկա լինեին նաև այլ կառույցների ներկայացուցիչներ։

Հանրային քննարկման հրավերն ուղարկվել էր և՛ պաշտպանության նախարարություն, և՛ ԱԺ համապատասխան հանձնաժողովների պատգամավորներին, սակայն նրանցից և ոչ մեկը չի արձագանքել։