Home / Բանակ / Ճիշտ չէ այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը բարդել սպաների վրա

Ճիշտ չէ այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը բարդել սպաների վրա

2020 թվականին՝ ընդհամնեը 40 օրվա ընթացքում, հայկական բանակում մահվան 10 դեպք է արձանագրվել։ Բոլորը՝ ոչ մարտական պայմաններում։ Նույն ժամանակահատվածում 10 զինծառայող վիրավորում է ստացել։ Նրանցից 8-ը՝ կրկին խաղաղ պայմաններում։ Վիճակագրական այս պատկերի ֆոնին Գլխավոր դատախազության, Զինդատախազության, Պաշտպանության նախարարության և Ռազմական ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ փետրվարի 12-ին խորհդակցություն էր հրավիրվել․ 2020 թվականի զոհերին անդրադառնալու փոխարեն՝ ոլորտի պատասխանատուները խոսում էին հիմնականում 2019 թվականի ձեռքբերումների մասին՝ բարձր գնահատելով սեփական և միմյանց աշխատանքը։ Եվ ընդհանրական խոստումներ տալիս՝ օրուգիշեր աշխատելու և «քրեական ենթամշակույթին բնորոշ բարքերի դեմ անզիջում պայքար» մղելու մասին։

այսպես «բացահայտելով» 97 չէ, 100 էլ կարող են նկարել

Զինդատախազը խորհրդակցության ընթացքում արձանագրում էր՝ 2019-ին 2018-ի համեմատ հանցագործությունները 18.5%-ով նվազել են, իսկ դրանց բացահայտման ցուցանիշները եղել են բարձր՝ մնալով 97%-ի սահմաններում։

Իրավապաշտպան Արմինե Սադիկյանը հիշեցնում է՝ թվեր նկարելն ինքնանպատակ չէ։

«Գործերը բազմաթիվ խախտումներով «բացահայտվում» են։ Արդյո՞ք դա նշանկում է, որ մահվան իրական հանգամանքներն ու իրական մեղավորներն են բացահայտվել։ Ոչ։ 

Մենք բազում դեպքեր ունենք՝ սպանությունների, ինքնասպանությունների, դժբախտ պատահարների, որոնց նախաքննությունը հարցերի տեղիք է տալիս։

«Ինքնասպանությունների» պարագայում, օրինակ, շատ հաճախ ոչ միայն չկան ակնհայտ ապացույցներ, որ դրանք ինքնասպանություն են եղել, այլև կան ակնհայտ վկայություններ, որ ինքնասպանություն չեն եղել։ Այդ վկայությունները հաշվի՞ են առնվում։ Ոչ։

Այսպես «բացահայտելով» 97 չէ, 100 էլ կարող են նկարել», – Epress.am-ի հետ զրույցում ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը։

Տպավորություն է, որ դատախազության ներկայացրած թվաբանությունը շարունակությունն է տարեվերջին արված և վարչապետի կողմից մի քանի անգամ վերարտադրված հայտարարությունների՝ իբր 2019 թվականին բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Ի՞նչ պատմական մինիմումի մասին են խոսում պաշտոնյաները։

Պատմական մինիմում, ասում է իրավապաշտպանը, 2019-ին իրականում չի էլ արձանագրվել․ նախորդ տարիներին ավելի նվազ ցուցանիշեներ էլ են պատահել։ Բայց կա ավելի կարևոր մի հանգամանք․ վստահելի՞ է արդյոք այն «մեթոդաբանությունը», որով արվել են հաշվարկները․

«Մահերը դասակարգել են ըստ նրա՝ կապվա՞ծ են դրանք ծառայության հետ, թե ոչ։ Եթե զինծառայողն, օրինակ, առողջական խնդիրներ է ունեցել և մահացել է տանը՝ արձակուրդում գտնվելու ժամանակ, նրա մահը չեն հաշվառել որպես բանակային։

Նույնը՝ ինքնասպանությունների դեպքերում։ Ասում են՝ կապված չէ զինծառայության հետ։ Ինչի՞ հիման վրա։ Բացարձակ հասկանալի չէ՝ բանակում ինքնասպանության դեպքը ինչպես է որակվում ծառայության հետ կապ չունեցող։ Դեպքի մանրամասներ չկան, բայց որակումը կա, և դրա հիման վրա այդ դեպքը ևս դուրս է մնում պաշտոնական վիճակագրությունից»։

Այսինքն, զինդատախազությունը թվեր է ներկայացնում, որոնք նպատակ ունեն բարձրացնել վստահությունը համակարգի նկատմամբ։ Մինչդեռ համակարգը վստահություն չի ներշնչում նաև ա՛յս թվերի պատճառով։

ի՞նչ է արել պետությունը

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նույն խորհրդակցության ընթացքում հուսադրող հայտարարություններ էր անում։ Օրինակ, որ բանակային հանցագործությունների կանխարգելումը 2020-ի առաջնահերթություններից է լինելու, որ պայմաններն ու պատճառները պետք է վերացվեն, որ «հնարավոր ու անհնար բոլոր գործիքներով» անզիջում պայքար պետք է մղվի «բանակում փողոցային, երբեմն էդ քրեական ենթամշակույթին բնորոշ բարքերի դեմ», որ քննության առարկա պետք է դառնան նաև քննիչների և սպաների գործողությունները։

Դատախազի այս հայտարարությունների (հորդորների, խոստումների) հետևում կա՞ արդյոք իրականության հետ կապ ունեցող որևէ ծրագիր, գործողությունների պլան, ռազմավարություն, գոնե տեսնալան։

Սադիկյանը ասում է՝ եթե անգամ կա, ոչ ոք այն չի տեսել։

«Դատախազը մեխանիզմներից չի խոսում։ Ռազմավարություն մենք չենք տեսել։ Չկա որևէ շոշափելի քայլ այս ուղղությամբ։ Արդյունք էլ չկա։ 

Բանակային փոխհարաբերություններում մենք փոփոխություններ տեսնո՞ւմ եք։ Տեսե՞լ եք, որ կոծկված գործերից որևէ մեկում, նույնիսկ վերաբացվածներում փոփոխություն լինի։ Տեսե՞լ եք, որ որևէ սպա, բարձրաստիճան զինվորական իրապես ենթարկվի պատասխանատվության։ Մենք չենք տեսել», – նշում է իրավապաշտպանը

Պաշտոնյաների փորձերը՝ բացատրել բանակային խնդիրները զինվորների դաստիարակությամբ, հասարակության արատավոր բարքերով, քրեական ենթամշակույթով կամ բակային մշակությով նույնքան համոզիչ են, որքան զինդատախազության ներկայացրած թվերը։

Բանակում տարբեր պատկերացումներ ունեցող, նաև՝ քրեական ենթամշակույթին հարող մարդիկ են հայտնվում։ Արտառոց բան այդտեղ չկա։ Բայց բանակը՝ ի տարբերություն, օրինակ, բակի, փակ և կանոնակարգված կառույց է։ Բանակում կա կանոնադրություն, վերադասություն, մի շարք վերահսկող մարմիններ և պատասխանատուներ։ Եթե քաղաքացիական «արատավոր բարքերը» տեղափոխվում են զինված ուժեր և ազատորեն դրսևորվում այնտեղ, ապա պարզ չէ՝ ինչի՞ համար է պետք այդ կանոնադրությունը և առավել ևս վերադասությունը։

Սադիկյանը հավելում է՝ բանակը սահմանափակում է մարդկանց մի շարք իրավունքները (այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքը) և պարտավոր է ապահովել նրանց անվտանգությունը և պայմաններ ստեղծել արժանապատիվ ծառայության համար։ Այս իմաստով՝ բանակում նվաստացումների, խոշտանգումների և ոչ կանոնադրական հարաբերությունների առաջին պատասխանատուն հե՛նց հրամանատարական անձնակազմն է։

«Բայց դա չի նշանակում, որ սպաներին քրեական պատասխանատվության ենթարկելը կամ պատժելը մենք ինքնանպատակ ենք համարում։

Մենք բոլորովին կողմ չենք պատժողական քաղաքականությանը։ Հարցը հետևյալը պետք է լինի․ ի՞նչ է արել պետությունը այս հիմնախնդրին համակարգային լուծում տալու համար։ Ի՞նչ է արվել զինվորների և սպաների կրթական մակարդակը բարձրացնելու, զորամասերում կարգապահություն հաստատելու, խնդիրներ ունեցող զինվորներին աջակցելու, խնդիրներ ստեղծողների հետ աշխատելու համար։

Ճիշտ չէ այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը բարդել սպաների վրա։ Ի՞նչ է արել պետությունը նույն այդ սպաների համար։ Արդյո՞ք սպան ունի համապատասխան պատրաստվածություն կամ իրական հնարավություններ՝ իր գործառույթները իրացնելու համար։ Իրականում, ոչ»։

Զինված ուժերում այս ընթացքում էական տեղաշարժեր էլ են եղել․ կարևոր է, որ բարձրացվել է զինծառայողների սննդի և հագուստի որակը, քայլեր են ձեռնարկվել մարտական հերթապահության վայրերում կենսաապահովման և անվտանգության պայմանների բարելավման ուղղությամբ։ Բայց այս ամենին զուգահեռ անհրաժեշտ է նաև ապահովել արդյունավետ և համակարգային վերահսկողություն զինվորական կարգապահության, կանոնադրային հարաբերությունների պահպանման, կրթության, զբաղվածության ուղղությամբ:

2020-ի առաջին ամիսների զոհերը հստակ ազդանշան են։ Այս մասին ՊՆ-ն ու զինվորականները երկար լռել չեն կարող։ Որովհետև այդ լռությունը նման «խորհրդակցություններով» չի լցվելու։ 

Զառա Հարությունյան