Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը և Տիգրան Հուսիկի Մխոյանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հիշեցնենք, որ մինչ այս 2020 թվականի հունվար ամսին և փետրվարի սկզբին բանակում ոչ մարտական պայմաններում զոհվել է 8 զինծառայող։
Օգտատերերից մեկը, մեկնաբանելով գրառումը, հարցրել է․ «Ու էսպես մինչև ո՞ւր»։
«Խնդրում եմ էլի, ֊ արձագանքեց Հովհաննիսյանը, ֊ իմ մոտ նման բաներ մի գրեք։ Հիմա իմ վիճակը բոլորիդ վիճակից վատ է»։