հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Զինվոր Արթուր Աջամյանի մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել և հաստատվել

Զինվոր Արթուր Աջամյանի մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել և հաստատվել

Դեկտեմբերի 2-ին Ղարաբաղում հրազենային վնասվածքից մահացած (ըստ պաշտոնական վարկածի՝ սպանված) զինծառայող Արթուր Աջամյանի մարմնի վրա տարբեր վաղեմության բռնության հետքեր են հայտնաբերվել և հաստատվել դատաբժշկական փորձաքննությամբ։

Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանի փոխանցմամբ՝ վնասվածքներ են հայտնաբերվել ձեռքերին, ոտքերին, ուսին, ճակատին։ Ճակատին կա արյունազեղում, որը, ըստ փորձաքննության, պատճառվել է մահվանից րոպեներ առաջ։

«Մնացած վնասվածքները դեպքի օրվա, 1-2 օրվա վաղեմության են։ 5 օրվա վաղեմությամբ ոտքի սալջարդ կա»,- նշել է Սարգսյանը։

Դատաբժշկական փորձաքննությամբ զինվորի արյան մեջ չեն հայտնաբերվել ալկոհոլ, թմրանյութեր և հոգեմետ նյութեր, ստամոքսը եղել է դատարկ։

Հիշեցնենք, որ 21-ամյա Արթուր Աջամյանը սպանվել է 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։

Աջամյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել, իսկ նրա համածառայակիցը՝ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Մելիքբեկյանը մինչ օրս, ըստ Պաշտպանության նախարարության, գիտակցության չի եկել․ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, միացված է արհեստական շնչառություն։ 

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրգործ է հարուցվել սպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ)։

Epress.am-ի հարցմանն ի պատասխան ՔԿ-ից հայտնեցին, որ քրեական գործով մեղադրյալներ դեռ չկան։

Զոհված զինվորի հարազատների փոխանցմամբ, սպանության պահին դեպքի վայրում զոհված Աջամյանից և վիրավորված Մելիքբեկյանից բացի ևս 5 զինծառայող է եղել։

Քննչական կոմիտեից փորձեցինք ճշտել՝ 5 վկաները հարցաքննվել են արդյո՞ք։ Պատասխան ստանալու համար խորհուրդ տվեցին դիմել գրավոր հարցմամբ․ «Այս պահին ավել բան չենք կարող ասել»։