հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Բանակը բանտից վատ է․ Զոհվածի պապը դեռ չի թողնում, որ երկաթգիծը փակեն

Բանակը բանտից վատ է․ Զոհվածի պապը դեռ չի թողնում, որ երկաթգիծը փակեն

Ղարաբաղում 2019 թ. դեկտեմբերի 2-ին մահացած զինծառայող Արթուր Աջամյանի պապը՝ Խաթիվ Աջամյանը, վստահեցնում է, որ չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր թոռան գործին ընթացք տալ, մինչև հիմա ոչ մի էական բան չի արվել․ «Ինքն էլ [ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար] Անդրանիկ Քոչարյանի պես փափուկ բարձ է դնում գլխներիս տակ»։ Դեպքի օրը վիրավորում է ստացել նաև Աջամյանի համածառայակից Դավիթ Մելիքբեկյանը։ Արթուրի պապին մինչև հիմա չի հաջողվել հանդիպել նրա ծնողներին։ Ասում են, որ Դավիթը կոմայի մեջ է։ Նրա մայրը զոհված զինվորի հարազատների հետ կապի դուրս գալ չի ցանկացել ։ 

Քրեական գործը հարուցվել է սպանության հոդվածով։ Կասկածյալներ և մեղադրյալներ չկան։ Քննությունը դեռ ընթացքի մեջ է։ Խաթիվը բողոքում է իրավապահ մարմինների պասիվությունից․ «Յոթ հոգի են եղել, յոթից մեկը վիրավոր է, մեկը մահացել է, հինգն էլ կենդանի են։ Արդյո՞ք էդ հինգ հոգին չգիտեն, թե ով ում վրա է կրակել»։

Քննիչն ասել է, որ զենքի վրա բացի Արթուրի մատնահետքերից կան ևս երեք հոգու մատնահետքեր։

«Նաև դատական բժիշկը եզրակացությունը տվել է երեք վարկածով՝ մոտիկ, հեռու, միջին», – ասում է Խաթիվը՝ հավելելով, որ իրենք «դիմել են դատախազին հստակ պատասխան իմանալու ակնկալիքով, թե այդ երեք վարկածից որ մեկն է ճիշտը․ ինչքան հեռավորությունից է արվել կրակոցը, քանի սանտիմետր, քանի մետր, քանի միլիմետր։ Տարածությունը չեն ասում»։

Քննչական կոմիտեից փորձեցինք ճշտել՝ հարուցված քրեական գործի շրջանակներում կան արդյոք կասկածյալներ կամ մեղադրյալներ։ Ասացին՝ չկան։

Epress.am-ի հարցին՝ Արթուրի վիրավոր համածառայակիցը՝ Դավիթ Մելիքբեկյանը գիտակցության եկե՞լ է, հարցաքննվե՞լ է, ՔԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նորանշանակ պետ Արամ Ավետիսյանը պատասխանեց․ «Բժշկական բաները չեմ իմանում, փաստացի չի հարցաքննվել։ Մնացածը արդեն բժշկական բան ա՝ գիտակցության եկել ա, չի եկել․․․»։

Արթուրի պապն ասում է․ «Մեզ խոստացել են, որ էս գործը կբացահյտեն։ Եթե չէ՝ երկաթուղային գիծը փակելու ենք։ Համայնքը չի կանգնում, ես դեմները կանգնած՝ չեմ թողնում։ ․․․ Օրեր առաջ մի տղայի սպանել էին, ասում էին՝ ինքնասպանություն է։ Մարդիկ դուրս եկան։ Տոնոյանը խնդրում էր, ասում էր` չեմ աշխատի, եթե դիակը չտանեք։ Ես էլ ամեն ինչի ընդունակ եմ, դիակը կհանեմ, կտանեմ հրապարակի մեջտեղը կդնեմ»։

Ընտանիքը պնդում է, որ ոչ մի օգնություն չեն ստացել և չեն էլ ուզում, սակայն ուզում են հասկանալ պատճառը․ «Իմ էրեխեն էլ հետ չի գա, բայց անողը թո՛ղ տուժվի, որ մեկ ուրիշ հանցանք չանի»։

Արթուրի պապը վստահ է, որ սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքը կլինի, քանի որ բանակում «դիսցիպլինա չկա», «բանտից վատ է»։

Հիշեցնենք, որ 21-ամյա Արթուր Աջամյանը սպանվել է 2019թ. դեկտեմբերի 2-ին։ Պաշտոնական հաղորագրության համաձայն, ժամը 06:50-ի սահմանում, Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում նա մահացու հրազենային վիրավորում է ստացել, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Արթուրի հարազատները և եզդիական համայնքը երկու անգամ ցույց են արել Ազգային ժողովի և Կառավարության շենքերի դիմաց։ Առաջին անգամ Անդրանիկ Քոչարյանը, երկրորդ անգամ արդեն Նիկոլ Փաշինյանը խոստացել են գործին արագ ընթացք տալ, սակայն մինչ օրս գործը չի բացահայտվել։