Home / Ազգային ժողով / «Համոզված ենք՝ եղել է սպանություն»․ Զոհված զինծառայողի ընտանիքը՝ ԱԺ֊ի մոտ

«Համոզված ենք՝ եղել է սպանություն»․ Զոհված զինծառայողի ընտանիքը՝ ԱԺ֊ի մոտ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ Քայլը» դաշինքի անդամ Անդրանիկ Քոչարյանի հետ զրույցից հետո, Արցախի Պաշտպանության բանակում զոհված ազգությամբ եզդի 21-ամյա զինծառայող Արթուր Աջամյանի բարեկամուհիները կանգնել են խորհրդարանի դարպասի դիմաց, սկսել լաց լինել և երգել։ Հարազատները պահանջում են պարզել մահվան հանգամանքները և ասում, որ կմնան այնքան, մինչև հստակ պատասխան չստանան։

Դեկտեմբերի 2-ի լուսադեմին, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորումից մահացել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի 21-ամյա Արթուր Իշխանի Աջամյանը։ Պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը (ծնված 1999 թ․) հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչպես հայտնել էր ՀՀ Քննչական կոմիտեն, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել երկու և ավելի անձանց սպանության փորձի հատկանիշներով:

Մինչդեռ, հարազատները կոչ են անում՝ «ինքնասպանության պիտակն Արթուրի վրա չկպցնել»։

Աջամյանի հորեղբոր խոսքով՝ իրենց զանգահարել են զորամասից և ասել, թե «կռիվ է եղել, եղել է սպանություն»․ «Մենք չենք սպասելու մինչև վաղը։ Մենք համոզված ենք, որ եղել է սպանություն։ Թող ինքնասպանության պիտակը չկպցնեն։ Եթե կա վիրավոր, ուզում ենք տեսնենք, մեր հարցերը տանք»։

Արմավիրի Արտաշար գյուղի բնակիչների՝ արդուրությունը վերականգնելու պահանջին Քոչարյանը հավաստիացրեց․ «Չկասկածե՛ք, արդարությունը տեսնելու եք»։

Տուժողի իրավահաջորդի փաստաբան Հայարփի Սարգսյանը տեղեկացրեց, որ երեկ կայացած դատաբժշկական փորձաքննության ժամանակ իրենք զինվորի մարմնի վրա բռնության հետքեր են տեսել։

Քոչարյանը փաստաբանին առաջարկեց իր հետ ԱԺ մտնել և զրույցը շարունակել այնտեղ, քանի որ այժմ հավաքվածներին չի կարող բոլոր հարցերի պատասխանները տալ․ «Փաստաբանի հետ բարձրանամ, որոշ հարցեր ճշտեմ, նաև Քննչական կոմիտեի հետ, աշխատենք, ինքը [Հայարփի Սարգսյանը] կգա ձեզ մոտ»։

«Եթե որդիս սպանվեր թուրքի փամփուշտով, կասեի՞ք՝ ազգի զինվոր, արտոնություններ կտայի՞ք, հետմահու շքանշան։ Տես՝ ինչե՛ր են կպցնում իմ թոռնիկին», – ասաց զինվորը պապը։ Նա նաև պատմեց, որ չնայած բարեկամների հետ զրույցներում Արթուրը ծառայությունից չէր դժգոհում, սակայն երիտասարդ բարեկամներին կոչ էր անում անել ամեն բան՝ ծառայությունից խուսափելու համար․ «Ասել է՝ էսի ձեր տեղը չի, չգաք ծառայելու։ Կարաք՝ խուսափեք»:

Ակցիային ներկաները դժգոհում էին նաև, որ պետական կառույցներից որևէ մեկն ընտանիքի հետ չի հանդիպել։ Ինչին ի պատասխան այստեղ ժամանած Զինվորական կոմիսարն ասաց․ «Ճիշտը խոսենք, զինկոմիսարիատից ձեզ այցելել են։ Ասում եմ՝ ամեն ինչ պարզվելու է»։

Մոր խոսքով՝ դեկտեմբերի 1-ին Արթուրը զանգահարել էր իրեն և ասել, որ ամեն ինչ լավ է։ Զինվորի զանգին մայրը սպասել էր նաև Արթուրի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 2-ին։

«Ցերեկվա մեկին ինձ խաբել են՝ «քո էրեխեն մարդ ա խփել, տարել են գուբախտ»։ Երանի գուբախտ տարած լինեին, իմ էրեխեն սպանված չլիներ։ Ես արդարություն եմ պահանջում։ Իմ էրեխու սպանողն ո՞վ ա էղել, բերեք, տվեք ինձ», ֊ ասում էր լացակումած մայրը։