Լեռնային Ղարաբաղի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը լքած 2000 թվականին ծնված զինծառայող Արայիկ Ղազարյանը, ով Ադրբեջանի տարաքծում է հայտնվել, ծառայակիցների կողմից անմարդկային վերաբերմունքի էր ենթարկվում, գրում են ադրբեջանական ԶԼՄ֊ները։
Զինծառայողի հարցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խոսել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ։ «Ղազարյանի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ։ Վերջինս տեղեկացրել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Արայիկ Ղազարյանին, սակայն հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Արայիկ Ղազարյանի ընտանիքի անդամների հետ։
Զինծառայողի իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ առողջական վիճակի հետ կապված հարցերով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի միջազգային համապատասխան կառույցներին», ֊ ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։