Բի-բի-սիի ռուսական ծառայության տրամադրության տակ են հայտնվել 2008-ի մարտի մեկին Երևանում ընթացող ցույցերի ժամանակ 10 հոգու սպանության գործին առնչվող որոշ փաստաթղթեր։
Հետաքննական փաստաթղթերի համաձայն, ցուցարարների ուղղությամբ կրակելու հրամանը տվել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին, ով այդ ժամանակ ծառայում էր չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակում։
Բացի այդ, Բի-բի-սի-ի տրամադրության տակ եղած քննչական փաստաթղթերում շոշափվում են երկու նախկին նախագահների և երկու գործարար պատգամավորների անուններ։
Սերժ Սարգսյանի երկու նախագահական ժամկետների ժամանակ սպանության մեղավորները չեն հայտնաբերվել։ 2008-ի դեպքերի նոր հետաքննությունը սկսվել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ։ 2008 թվականի փետրվար-մարտ ամիսների իրադարձությունների նոր հետաքննությունն արդեն ընկած է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործի հիմքում։
Գործի նյութերի համաձայն, քննիչների կարծիքով․
- Ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել Ղարաբաղի ուժայինները՝ գեներալ Կարապետյանի հրամանով (ունի վկայի կարգավիճակ);
- Հարցաքննված վկաների պնդմամբ, ջոկատը տեղակայված է եղել նախագահի ադմինիստրացիայի նկուղում;
- Հետաքննությունը գտնում է, որ ջոկատին այցելել են նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։
Քննվում է նաև բիզնեսմեններ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանի մասնակցությունը․ նրանք կարող էին ֆինանսավորել ուժայինների տեղափոխումը Ղարաբաղից Երևան։
Սամվել Կարապետյան՝ Օգանովսկի
Սամվել Կարապետյանի հետ 2018 թվականի օգոստոսի 5-ին տեղի ունեցած հարցաքննությունը տևել է չորս ժամ։ Վկայի կարգավիճակում նա հաստատել է իր՝ Ղարաբաղից Երևան բերված ստորաբաժանման հրամանատար լինելու փաստը։ Առանցքային այլ կետերում Քննչական ծառայության և գեներալի վարկածները հիմնականում չեն համընկնում։
Հետաքննության վարկածի համաձայն, Կարապետյանը իր ենթականերից 20 հոգանոց հատուկ խումբ է հավաքել, որը տեղակայվել է Բաղրամյան պողոտայում գտնվող նախագահական նստավայրում։ Խմբի անդամներին «մի քանի անգամ այցելել են նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու [նախագահ ընտրված] վարչապետ Սերժ Սարգսյանը»։ Խմբի անդամները պատրաստակամություն էին հայտնել համապատասխան հրամանից հետո «կրակել ժողովրդի ուղղությամբ»։ Այս մասին Կարապետյանի հարցաքննության ժամանակ նշել է քննիչը։
Հարցաքննության ժամանակ Կարապետյանը հերքել է բոլոր մեղադրանքները և հայտարարել, որ «ժողովրդի ուղղությամբ կրակելու հրաման ոչ ոք չի տվել»։ Գեներալը հարցաքննության ժամանակ շատ չէր խոսում, բավարարվում էր միակազմ նախադասություններով։
Բի-բի-սի-ի հարցմանն ի պատասխան Կարապետյանը էլեկտրոնային նամակով հայտնել է, որ «նշված հարցերի պատասխաններն արդեն տվել է պատկան մարմիններին»։ «Այդ հարցերին նորից անդրադառնալու անհրաժեշտություն չեմ տեսնում», – գրել է գեներալը։
ՀՔԾ-ն հրաժարվել է մեկնաբանել Բի-բի-սի-ի ստացած փաստաթղթերը՝ մերժումը բացատրելով «նախնական հետաքննության շահերով»։
Սերժ Սարգսյան
Քննչական ծառայությունը նախկին նախագահ Սերժ Սարգսյանին հարցաքննել է երկու անգամ՝ 2019 թվականի փետրվարի մեկին և վեցին, երկու անգամն էլ որպես վկա։
«Հայաստանի երրորդ նախագահ պարոն Սերժ Սարգսյանն այս փուլում լրատվամիջոցների հետ չի շփվում», – էլեկտրոնային նամակով պատասխանել է Արմեն Աշոտյանը, ով փոխարինում է Սերժ Սարգսյանին Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնում։
«Իմ տվյալների համաձայն, իրավիճակի ձեր նկարագրությունը չի համապատասխանում անգամ սպիտակ թելով կարված և ականջներից ձգված քրեական գործի նյութերին, որոնցում մեղադրանք է առաջադրվում երկրորդ նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանին»,- հավելել է Աշոտյանը։
Իսկ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հավաստիացնում է, որ քրեական գործում Ղարաբաղից ժամանած հատուկ ջոկատի մասին ոչինչ չի ասվում։
Գագիկ Ծառուկյան և Սամվել Ալեքսանյան
Բիզնեսմեններ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը Հայաստանի տնտեսության ամենախոշոր դեմքերից են, որոնց ձեռնարկությունները աշխատատեղերով են ապահովում հազարավոր մարդկանց։
Տեղական լրատվականները նրանց օլիգարխ են անվանում պատգամավորական կարգավիճակի և նախկին նախագահական աշխատակազմերի հետ սերտ կապերի համար (Ալեքսանյանը քաղաքականությունից դուրս եկավ անցյալ տարի)։
Համաձայն իրենց իսկ կողմից 2018 թվականին ներկայացված հայտարարագրերի, Ծառուկյանի ակտիվները 222 մլն դոլլար են կազմում, Ալեքսանյանինը՝ 8։ Այդ հայտարարագրերում նշված էին միայն գումարային միջոցները՝ առանց անշարժ գույքի, մեքենաների և շքեղության պարագաների։
Օպերատիվ գործողությունների արդյունքում Քննչական ծառայության աշխատակիցները բացահայտել են, որ Ծառուկյանն ու Ալեքսանյանը աշխատավարձով և պարենամթերքով են ապահովելՂարաբաղից ժամանած հատուկ ջոկատին։ Քննիչի հաղորդմամբ, Ծառուկյանի ներկայացուցիչն այցելել է նախագահական նստավայրում գտնվող ուժայիններին և գումարներ բաժանել։
Երկու բիզնեսմեններն էլ հերքում են Բի-բի-սիի տեղեկությունները։
Ծառուկյանը «իր հանրային ելույթներում բազմիցս հայտարարել է, որ կապ չունի մարտի մեկի իրադարձությունների հետ», էլեկտրոնային նամակով հայտնել է նրա պաշտոնական ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Հեռախոսազրույցի արդյունքում Ալեքսանյանը ևս հերքեց իր նկատմամբ մեղադրանքը: «Ոչ մի նման բան չի եկել, ես ոչ մեկին պարենամթերք չեմ մատակարարել», — հայտարարել է բիզնեսմենը։