Պաշտպանության բանակում ծառայող հայաստանցի զինվորները օգտվում են «Ղարաբաղ տելեկոմից», որը տեղի միակ բջջային օպերատորն է։ Հայաստանյան ընկերությունները՝ իբրև արտասահմանյան, գործում են ռոումինգի ռեժիմում, ինչը բացի անհամեմատ ավելի բարձր սակագներից, ենթադրում է նաև գանձումներ՝ և մուտքային, և ելքային զանգերի համար։ Այսինքն՝ զինվորների համար «Ղարաբաղ տելեկոմին«» գործնական այլընտրանք պարզապես չկա։
Ղարաբաղում ծառայող զինվորների հարազատների խոսքով՝ «Ղարաբաղ տելեկոմը» յուրաքանչյուր զինվորից ամսական տանում է ամենաքիչը 3000 դրամ։ «10 օրը մեկ պետք է լիցքավորես հեռախոսը 1000 դրամով՝ գումարած միջնորդավճարը։ Անկախ նրանից՝ նախորդ լիցքավորածը սպառվել է, թե ոչ։ Այսինքն, նույնիսկ եթե լիցքավորումից տաս օր հետո հաշվին 900 դրամ փող կա, մեկ է՝ պետք է նորից լիցքավորես։ Համարյա պլանային տնտեսություն է՝ ամեն զինվորից ունենալ ամսական նվազագույնը երեք հազար դրամ»։
«Ղարաբաղ տելեկոմի» պայմանների համաձայն, հազար դրամ լիցքավորելու դեպքում քարտի վավերականության ժամկետը ավելանում է տասը օրով։ 500 դրամի դեպքում՝ չորս օրով (համեմատության համար՝ Հայաստանում 500 դրամը մեկ ամիս վավերականություն է տալիս), իսկ 2000-ի դեպքում՝ 22 օրով։ Անկախ սպառված գումարի չափից, նշված ժամանակահատվածում կրկին չլիցքավորելու պարագայում քարտի վավերականության ժամկետը սպառվում է․ ևս մի քանի օր համարը գործում է մուտքային, բայց չի գործում ելքային զանգերի համար, հետո ավտոմատ արգելափակվում է։
«Տասը օրվա ընթացքում հիմնականում հազար դրամի չեն խոսում։ Դրա համար նոր բան են հիմա մտածել. եթե տեսնում ես, որ վավերականության ժամկետդ էսա կսպառվի, իսկ դու հաշվիդ դեռ փող ունես, կարող ես ժամկետ առնել․ 50 դրամ՝ մեկ օրվա համար։ Բայց օր առնելու համար էլ է ժամկետ պետք, հակառակ դեպքում այս ծառայությունը նույնպես չի գործում։ Հիմա մարդիկ օրեր են հաշվում, որ ճիշտ պահին փողը փոխանցեն։ Եթե համարը արգելափակվի, պետք է գնաս քաղաք, ինչը զինվորի համար ամենօրյա հաճույք չէ, ու 1200 դրամ վճարես, որ նոր քարտ առնես։ Եթե հաշվենք ծառայողների քանակը, ստացվում է՝ «Ղարաբաղ տելեկոմը» էդքան էլ վատ բիզնես չի անում զինվորների ճարահատյալ վիճակի վրա»։
Ղարաբաղ տելեկոմից փորձեցինք ճշտել՝ կան արդյոք առանց վավերականության ժամկետի սակագնային պլաններ։ Տեղեկատու-աշխատակիցը ասեց, որ չկան։