հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Դատավորը հօգուտ զինվորի ծնողի վճիռ հրապարակեց

Դատավորը հօգուտ զինվորի ծնողի վճիռ հրապարակեց

Եթե նախորդ դատական նիստին դատավոր Ռուբիկ Մխիթարյանը ՀՀ վերաքննիչ դատարանի դահլիճից դուրս հրավիրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցչին, ապա այսօր համբերատար լսեց նրան։ Դատավորի վերաբերմունքի փոփոխությունը մահացած զինվորների ծնողները կապում են նախօրեին վարչապետի խոսքի և դատարանները շրջափակելու ակցիայի հետ։

Արման Մուրադյանի սպանության գործը քննվում է 2013 թվականից։ Քննիչների գործողություններում քրեորեն պատժելի արարքներ են հայտնաբերվել, այս մասին արդեն քանի տարի է աղաղակում են տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչը․ «Փաստաթղթերն անհետացել են, ցուցմունքները՝ ոչնչացվել»։

Իրավահաջորդների ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը նշում է, որ գործին վերաբերվող 170-ից ավել էջեր չեն տրամադրվել իրենց։ Հովսեփ Մուրադյանը՝ Արման Մուրադյանի հայրը դատարանին ցույց տվեց լուսանկար, որտեղ իր որդին ծեծված, արյունոտ վիճակում ընկած էր, ասում է՝ սուտ է, թե իր տղային օգնել են, ընդհակառակը, թողել են, որ արյունաքամ լինի։

Ռուբեն Մարտիրոսյանն էլ պնդում էր, որ Արման Մուրադյանին որակել են հոգեկան խնդիրներ ունեցող ու ստիպել հետ վերցնել իրեն ծեծող 11 հոգու դեմ բողոքը։

Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը լսեց դատախազության բողոքը և հեռացավ խորհրդակցական սենյակ։ 15 րոպե անց հրապարակեց վճիռը, 1-ին ատյանի դատարանի վճիռը թողնելով ուժի մեջ՝ ի օգուտ զինվորի ծնողի։ Վճիռը ենթակա է բողոքարկման ՀՀ վճռաբեկ դատարանում։

Հովսեփ Մուրադյանը չէր հավատում, որ դատավորը արդար վճիռ է կայացրել, արդեն դատարանի դահլիճից դուրս պատմեց՝ այդ գործի ողջ ընթացքը դատաիրավական ինչ ճանապարհով է անցել։